Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին կարող է աճել (Տեսանյութ). VOA

Հուլիս 02,2016 09:00

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների օգնության ծավալը Հայաստանին կարող է աճել: Այս մասին է վկայում Սենատի հատկացումների հանձնաժողովի որոշումը, որի համաձայն սենատորներն առաջարկում են Հայաստանին հատկացնել 24 միլիոն դոլարի օգնություն, որը 10 տոկոսով ավելին է գործադրի կողմից առաջարկվող օգնության ծավալներից:

Վաշինգտոնի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, սենատորների որոշումը ողջունելի է.

«Հաջորդ շաբաթներին մենք ակնկալում ենք սերտ աշխատել Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մեր բարեկամների հետ՝ այս նախաձեռնություններն առաջ տանելու ուղղությամբ»:

Առաջին անգամ օգնությունն առանձին տողով ներառելու է նաեւ Սիրիայից եւ Իրաքից Հայաստան գաղթած փախստականներին, նշում է Համբարյանը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունիի խոսքով, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է օգնել Հայաստանին կարգավորել Մերձավոր Արեւելքից ժամանած հայ փախստականների վիճակը.

«Հայաստանը պետք է խրախուսվի Սիրիայից եւ Իրաքից փախստականներ ընդունելու համար: Զեկույցների համաձայն, Հայաստանը մեկ շնչի հաշվով ամենաշատ փախստականներ ընդունած երրորդ երկիրն է, այնպես որ, անհրաժեշտ է թեթեւացնել այդ ծանր բեռը»:

Մեկ այլ կարեւոր ուղղություն, որը նույնպես առանձին հատկացումներ է նախատեսում, ԱՄՆ-ի օգնությունն է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Արամ Համբարյանի խոսքով, սա կարեւոր ազդանշան է.

«Մեր աշխատանքը հիմնականում կենտրոնացած էր Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին օգնության հատկացման վրա: Ղարաբաղում կան երիտասարդներ, մեծահասակներ, որոնք ծանր վիճակում են գտնվում եւ ռեաբիլիտացիոն բնույթի օգնության կարիքն ունեն»:

Բրայըն Արդունիի խոսքով՝ հանձնաժողովի որոշումը կարեւոր է ոչ միայն Ղարաբաղին օգնություն հատկացնելու այլեւ՝ հակամարտությունը խաղաղ լուծելու տեսանկյունից.

«Հանձնաժողովը մասնավորապես կարեւորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը մեր կարծիքով կրկին բացահայտում է շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրման կարեւորությունը»:

Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների վերաբերյալ առանձին որոշում է ընդունելու նաեւ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը, որից հետո Սենատը եւ Կոնգրեսի ստորին պալատը միասին շտկելու են երկու որոշումների միջեւ եղած հակասությունները՝ վերջնական օրենքն ընդունելուց առաջ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031