Լրահոս
Օրվա լրահոսը

Աստված հագած մարդը

Հուլիս 02,2016 15:00
merujan Ter-Gulanyan

Ես տեսա մի մարդու, որը կարծես Աստծո ստեղծած Առաջին մարդն էր, քանզի մանկական աչքերով էր նայում ամեն ինչին: Ոչ միայն զարմանալով, այլեւ սիրով էր նայում ամեն ինչին, եւ ամեն ինչ սիրում էր ինքը, բոլորին: Այդ ամենն իր դեմքին էր, հայացքում, քայլելու իր ձեւի եւ իր խոսքի խորության մեջ էր:
Մենք 1700 տարի երազել ենք, որ որեւէ բարձրագույն էություն, լինի համաշխարհային մտածող, թե համաշխարհային եկեղեցի, հայտարարի, թե Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է: Բազում գրքեր կան գրված, վկայություններ, բայց ոչ ոք չէր հայտարարել ի լուր աշխարհի, որ մեր երկիրն ուխտագնացության երկիր է: Այդպես հայտարարեց Աստված հագած, աստվածզգյաց այդ մարդը:

Եվ նա ասաց.
– Ես եկել եմ մի երկիր, որն առաջինը տեսավ Ավետարանի լույսը:
Նոստրադամուսն ասում էր, որ 21-րդ դարում ծնվելու է նոր մարդը. ըստ էության` նոր մարդը եկել է եւ իր խոսքն ասաց: Այո, այդ խոսքը պետք է ծնվեր: Խնդիրը նոր խոսքի ծնունդն էր, ինչն արեց Պապը:

Այո, այդ լուսավոր մարդը ասաց.
– Նարեկացին ձեր Հոգեւոր սահմանադրությունն է:
Չնայած, որ ես մի հինգ-վեց տարի առաջ գրել եմ այդ մասին իմ էսսեներից մեկում, բայց Պապն ավելի հեռուն գնաց` ասելով նաեւ, որ աշխարհի, մարդկության աղոթագիրքն է: Այդպիսի բարձր գնահատական, հավանաբար, Դանթեին էլ չեն տվել ժամանակին: Մենք հազար տարի երազում էինք, որ մի լուսավոր աղբյուրից հնչեր Համաշխարհային մի ձայն, որ Նարեկացին Տիեզերական Մտածող է:
Մենք դեռ հին աշխարհից, նախաստեղծ աշխարհից այդ արժեքի կրողն ենք: Չգնանք Շումեր` ետ գանք. անմահության ծաղիկ փնտրող Գիլգամեշը եկավ Հայաստան եւ գտավ անմահության ծաղիկը, բայց քանի որ մարդը մահկանացու է, օձը վերջին պահին խլեց ձեռքից…

Այնինչ այդ լուսավոր մարդն ասաց.
– Ձեր ներկայությունը երկրի վրա կարեւոր է եւ մարդկության համար է կարեւոր:
Այսինք թե՝ շարունակեք ապրել, ձեր հավերժությունն անհրաժեշտ է: Պապն իր հավատի շնորհիվ ընկալել էր Աստծու գաղտնի մտադրությունը, որ մեր ժողովուրդը հավերժական է:

Նա կռահել էր այդ: Մեզ հետ քայլած ժողովուրդները գրեթե չկան կամ կան բոլորովին ձեւախեղված, բայց մենք կանք` ինչպես հազարամյակներ առաջ էինք: Զարմանալիորեն մնացել ենք նույնը: Որտե՞ղ է գաղտնիքը:
Նա թողեց մեզ բազում դեռեւս սովորելու բաներ, թերեւս ասում էր` դուք եք աշխարհին սովորեցնողը: Պարզվեց` մենք ենք աշխարհին սովորեցնում, բայց ինքներս մեզ լավ չենք ճանաչում: Նա եկավ մեր Նարեկացու միջոցով մեզ ճանաչել տալու` ահա, դուք եք մեզ սովորեցնողը, իմացեք: Նա մարդ էր, որ եկել էր մեր հոգու վրայի ժանգը մաքրելու, մեզ հանելու թմբիրից եւ Նարեկացու խոսքով` ցույց տալու Մարդու եւ մեր Ցեղի ճանապարհը:

Հ.Գ. Իմ զգացմունքային խոսքն ավարտելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, Վեհափառ Հայրապետին, Վատիկանում մեր դեսպանին այս երեքօրյա հոգեւոր մակընթացության համար, որ Սրբազան Պապի միջոցով պարգեւեցին մեր ժողովրդին եւ աշխարհին:
Մնում է, որ մենք ազգովի շարունակենք բարեհարդար տերեւ լինել դալարագեղ թփի համար:

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031