Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները` վտանգի տակ

Հուլիս 02,2016 14:30

Հայաստան-Ռուսաստան հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագիրը` Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի շրջանակում
ԱԺ արտահերթ նիստում երեկ ընդունվեց «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրը ձայների` 101 «կողմ», 8 «դեմ», 0 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:

Լուրջ մտահոգություններ կան, որ այս համաձայնագիրը ստեղծվում է ընդդեմ ՆԱՏՕ-ի:

«Առավոտը» Հարավային Կովկասի երկրների անվտանգության մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն-2016» ծրագրի շրջանակներում «Ռեգիոն» կենտրոնի կազմակերպած առցանց քննարկմանը ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի նախագահի տեղակալ Բատու Կուտելիայից հետաքրքրվեց` Հայաստանի կողմից այս համաձայնագրի վավերացումը չի՞ վնասի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին, Բատու Կուտելիան պատասխանեց. «Ռուսաստան-Հայաստան ՀՕՊ համակարգը չի կարելի դիտարկել որպես ՆԱՏՕ-ին ուղղված սպառնալիք: Հայաստանը, ինչպես ցանկացած ինքնիշխան երկիր, ազատ է ընտրելու իր գործընկերներին, նրանց հետ հարաբերությունների շրջանակն ու համագործակցության մակարդակը: Ինչպես նաեւ ցանկացած երկիր ազատ է ընտրելու իր պաշտպանության ապահովման մեթոդները»: Նախկին դեսպանը շեշտեց. «ՆԱՏՕ-ն չի ծրագրում հարձակվել կամ խախտել Հայաստանի օդային տարածքը, ուստի այս համատեղ մեխանիզմը չի կարելի դիտարկել որպես ՆԱՏՕ-ի դեմ միջոց, քանի դեռ կողմերը՝ Հայաստանն ու Ռուսաստանը, այդ մասին չեն հայտարարել»:

Խոսելով հետեւանքների մասին` Բատու Կուտելիան նշեց, որ դրանք այս պարագայում կարող են լինել երկարաժամկետ ու կարճաժամկետ:
Մյուս կարեւորագույն իրադարձությունը, որն առնչվում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է: Մեր հարցին` արդյոք գագաթնաժողովի ընթացքում սպասե՞լ լուրջ քննադատություն՝ ուղղված հասցեական Ադրբեջանին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմի սանձազերծման տեսանկյունից, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպանը պատասխանեց. «ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցող երկրները կողմնակից են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Իսկ այդ հիմնախնդիրը քննարկվում է ԵԱՀԿ-ի շրջանակներում, եւ այդ պատճառով ՆԱՏՕ-ն, որպես կանոն, հենվում է ԵԱՀԿ-ի կայացրած որոշումների վրա»:

Հայաստանի` ռուսական անվտանգության համակարգին այլընտրանքի հնարավորությունների մասին նախկին դեսպանը, կանխատեսումներ անելով, նկատեց. «Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարիք է ունենալու իր պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության ընտրության հարցում ավելի լայն տարածքի: Եվ ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, այդպիսի ընտրությունը պետք է ամրապնդվի ամուր հասարակական կարծիքով»:
Միջազգային գործերի լեհական ինստիտուտի (Polish Institute of International Affairs (PISM) վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտը Հայաստանի` անվտանգության ոլորտում ունեցած այլընտրանքների մասին այլ կարծիք ունի: Վերլուծաբանը այս առիթով նշեց. «Այնպիսի երկրները, ինչպիսին է Հայաստանը, դառնում են նոր իրավիճակի զոհեր, ինչը հիշեցնում է սառը պատերազմի ժամանակաշրջանը: Հայաստանն ու Ադրբեջանը ներգրավված են Ղարաբաղյան հակամարտության մեջ, ինչը բացասաբար է անդրադառնում այդ երկրների` ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը եւ Ռուսաստանին տալիս է հնարավորություն ղեկավարելու տարածաշրջանի անկայունությունը»:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ՀՕՊ համաձայնագրի ստորագրման նախաձեռնությունը պարոն Զաշտոֆտը դիտարկում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի շրջանակում. «Սա կապված է ոչ միայն Կովկասում տարածաշրջանային անվտանգության հետ, այլ նաեւ ռազմական պոտենցիալի ստեղծման հետ, որը կնպաստի ռազմական հարաբերակցության փոփոխությանը տարածաշրջանում: Մերձավոր Արեւելքում ներկայումս Թուրքիան Ռուսաստանի գլխավոր մրցակից լինելու հայտ է ներկայացնում: Սակայն իրավիճակն առաջիկայում փոփոխությունների է ենթարկվելու, եւ այս համատեքստում Ռուսաստանը միշտ կփորձի օգտագործել Հայաստանին որպես կարեւոր ֆորպոստ Հարավային Կովկասում»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031