Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդպիսի հերոսի եւ հանճարի աճյունը պատահական մարդ չէր կարող գտնել

Հուլիս 02,2016 13:30

Ռոմանտիկ եւ ասկետ՝ հայրենիքի զավակը

2016թ. հունիսի 11-ը՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի Գյուտ Նշխարաց տոնի օրը, համընկել էր Սուրբ Նահատակ Գարեգին Նժդեհի նշխարները հայտնաբերած եւ 33 տարի առաջ հայրենիք վերադարձրած Պավել Անանյանի ծննդյան 75-ամյա տարեդարձին:

Պավել Անանիայի Անանյանը ծնվել է 1941թ. հունիսի 11-ին Երեւանում` հետաքրքիր տոհմածառի պատմություն ունեցող ընտանիքում, որն ապրում էր Սբ. Զորավոր եկեղեցու հարեւանությամբ: Հայրը` ազնիվ մարտնչող մարդ էր, քարտեզագիր` դասավանդել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտում` նաեւ տարբեր ինստիտուտներում: Պավելի մայրը՝ Նատալիա Գրիգորի Մարկոզովան, Երեւանի օպերային թատրոնի կանացի թատերական զգեստների բաժնի վարիչն է եղել 50 տարի՝ հարգված, սիրված կին էր: Եղբայրը` Շմիդտը, II աստիճանի կապիտան էր (փոխգնդապետ), իսկ քույրը՝ Ջուլիետան` կենսաբան։

Պավելի մանկությունը եւ պատանեկությունն անցել է օպերային թատրոնի բեմում: Նա օժտված է արտիստական հմայքով: Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնում մի քանի տարի սովորելուց հետո ինքնակամ թողնում է ուսումը եւ անցնում է այլ ասպարեզներում աշխատելու: 1958-1960թթ. Մերգելյանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի Չարբախի փորձարարական գործարանում աշխատել է էլեկտրամոնտաժող: Հարավային օդանավակայանում եղել ինքնաթիռի տեխնիկական սպասարկման աշխատակից-մոտորիստ: Նրա երազանքն էր դառնալ օդաչու, սակայն արդեն 24 տարեկան էր, իսկ այդ տարիքում ավիացիոն ուսումնարան չէին ընդունում: Այդ երազանքը մինչ օրս անթեղված է նրա հոգում: Հայտնի կիբեռնետիկ Մելիք-Շահնազարովի ղեկավարած գիտահետազոտական ինստիտուտում տեխնիկ աշխատելիս Պավելը շատ սիրեց կիբեռնետիկան: Այդտեղ նրա համար հետաքրքիրն այն էր, որ նա ամբողջ Հայաստանը ոտքով շրջել եւ վիճակագրական տվյալներ է հավաքել եւ մշակել է Կառավարման ավտոմատ համակարգի ճյուղային կլասիֆիկատորը, եւ անչափ ուրախ էր, որ հնարավորություն ուներ ճանաչելու իր Հայրենիքը եւ դա անում էր մեծ խանդավառությամբ: Պավելն աշխատել է նաեւ Գրիգոր Գյուրզադյանի աստղաֆիզիկայի ինստիտուտում որպես տեղեկատվության բաժնի վարիչ: Մինչ այդ նա ավարտել էր Մոսկվայի ինֆորմատիկայի ինստիտուտը, այնուհետեւ մի քանի տարի անց ավարտել Մոսկվայի Արտոնագրության ինստիտուտը` հեռակա: 1975-1976թթ. աշխատել է Ալիխանյանների հիմնած Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում՝ Էրիկ Մամիջանյանի ղեկավարությամբ, որպես նեյտրոնի սուպերմոնիտորի գլխավոր պատասխանատու:

Պավելից լավ ոչ ոք չի կարող պատմել ինչպես է գործում Աստծո հրաշքը մեր կյանքում: Ահա թե ինչ է գրում ինքը Գարեգին Նժդեհի «Նամակներ» (Երեւան, «Զանգակ-97», 2002թ.) գրքի «Առաջին աղոթքում». «1976-ին սպարապետը ներխուժեց իմ կյանք… Մինչեւ հիմա անբացատրելի է, թե ինչպես, տարօրինակ ու հանկարծակի ես ամուսնացա Նժդեհի թոռնուհու՝ այն ժամանակ, հիմա եւ հավիտյան գեղեցկուհի Գոհարինե դերասանուհու հետ: Ծնվեց մեր դուստրը, եւ մենք զոքանչիս պատվին կոչեցինք նրան Լիլիա: Եվ ինչպես Նժդեհն էր իր դստերն անվանում, այնպես էլ ես սկսեցի իմ դստերը Լիլիա անվանել… Եվ ինչպես Նժդեհն էր իր կնոջն անվանում, այնպես էլ ես իմ կնոջն անվանեցի Գոհար… Եկավ 1980-ը, եւ դանդաղ, ինչպես ուրվական, իմ կյանք մտավ տասը տարի Կոլիմայում նստած, ջահելատես մի ծերունի: Դա Գուրգեն Արմաղանյանն էր, որը պաշտում էր Նժդեհին: Հաճախակի էինք հանդիպում Գուրգենի հետ: Նա իմացել էր, որ սպարապետն իր նամակներում խնդրել էր իր աճյունը վերադարձնել հայ ժողովրդին: Ու նաեւ ինչ-որ տետրեր…Աճյունը, ավելի շուտ հրաշալի պահպանված ոսկորները եւ քնարական, ասպետական ու արքայական խելքի շտեմարանը՝ նրա զարմանալիորեն գեղեցիկ գանգը, Աստծո օգնությամբ ինձ հաջողվեց Վլադիմիրից տեղափոխել Երեւան: Իսկ տետրե՞րը…Անցել է հիսուն տարի, սակայն տետրերն իր ժողովրդին չեն վերադարձվել»:
1982թ.-ին հայրենասերների մի խումբ, ինչպես նշում է Պավելը, իր կապավոր Գուրգեն Արմաղանյանի միջոցով Պ. Անանյանին խնդիրք-հրաման փոխանցեց` մեկնել Վլադիմիր քաղաք, որտեղ իրենց կողմից ի հայտ բերած վերջին տվյալների համաձայն` թաղված էր Գարեգին Նժդեհը:

Միակ փաստարկը, որից կարելի էր կառչել, Նժդեհի գերեզմանի լուսանկարն էր` տպագրված Դեւեջյանի գրքում: Այդ լուսանկարով էլ 1982թ. դեկտեմբերին Պավելը գտնում է Նժդեհի գերեզմանը:

1983թ. օգոստոսին Պավելին հանձնարարեցին տեղափոխել Նժդեհի աճյունը: Վլադիմիրում նա մտնում է բանտի գերեզմանոցին կից եկեղեցին եւ Տիրոջից խնդրում օգնություն: Օրը ցերեկով սկսում է քանդել գերեզմանը, շուտով հանում է ոսկորները, նաեւ՝ սպարապետի գանգը: Բոլորը մեկ առ մեկ նա դնում է պոլիէթիլենային տոպրակների մեջ, տեղադրում մեծ սպորտային պայուսակի մեջ եւ Աստծո օգնությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, գնացքով բարեհաջող հասցնում այն Երեւան: «Առաջին աղոթքում» Պավելը նշում է. «Կնոջս մայրը՝ իմ նազելի զոքանչը, խեղճ Լիլիան, ողջ կյանքում ոչ ոքի չվստահելով, անցնելով աներեւակայելի, դիվային, շաբաթական նողկալի ու անհեթեթ հարցաքննությունների դժոխքի միջով, համառորեն թաքցնելով իր մեծ սերը դեպի իր վեհապանծ հայրը, ինչպե՛ս էր անթաքույց սիրում ինձ այն բանից հետո, երբ ես կատարեցի իր հոր խնդրանքը՝ հարազատ երկիր բերելով նրա ոսկորները։ Թող մեր հողը թեթեւ լինի այդ տառապյալ կնոջ վրա: Ինչպես եւ իր հայրը, նա 69 տարեկան էր, երբ Տերը վերջապես գթաց նրան ու վերցրեց Իր մոտ։

Որքա՛ն անսպասելիորեն ծանր է եւ որքա՛ն սքանչելի Արարչի կողմից մեզ ընծայված կյանքը»։

1984թ.-ի ամռանը Պավելը կնոջ եւ դստեր հետ հանգստանում էր Վայքի Մարտիրոս գյուղում, որտեղ նա մասնակցում է գյուղի եկեղեցու նորոգման աշխատանքներին: Լեռներում չափազանց հանելուկային հանգամանքներում խուսափում է մահից, սլանում է Երեւան եւ հաջորդ օրն առավոտյան Նորագավիթի Սուրբ Գեւորգ եկեղեցում Պավելը կնքվում է՝ տեր Աթանասի ձեռամբ:

1987-1989թթ. Պավել Անանյանն աշխատել է Հուշարձանների պահպանման պետական կոմիտեում որպես խաչքարերի եւ հուշարձանների անձնագրային տվյալների ռուսերեն թարգմանիչ՝ Սերգեյ Սաղումյանի բաժնում: 1989թ. ամռանը, երբ պատերազմական իրավիճակ էր Արցախում, աշխատակիցներից մեկը հարցրեց. «Կարո՞ղ է ռիսկ անես աշխատել Բերդաձորում որպես ռուսերենի ուսուցիչ»: Պավելն առավոտյան կնոջը գրություն է թողնում. «Ես գնացի Բերդաձոր»: Գորիսի օդանավակայանում Պարգեւ սրբազանին բարեւելիս Պավելին է մոտենում ազատամարտիկների հրամանատար Առնո Մկրտչյանը ու հարցնում. «Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես Բերդաձորում»: Տեղեկանալով, որ ռուսաց լեզվի ուսուցիչ է, Առնոն հարցնում է. «Միավոր ունե՞ս»: Նա չգիտեր, թե միավորն ինչ է: Պարզվեց՝ խոսքը զենքի մասին է: Նա առաջին անգամ էր ուղղաթիռ նստում. Պարգեւ սրբազանի եւ բժիշկ Կարենի (դեռ չէր ձեռնադրվել հայր Հակոբ) հետ վայրէջք են կատարում թշնամական օղակի մեջ գտնվող Բերդաձորում: Սրբազանը կատարում է 140 մարդու կնունքի արարողությունը, եւ Պավելն այնտեղ դարձավ 40 հոգու կնքահայր: 1990թ. «Գթության» աշխատող էր: Այնուհետեւ նա «Գանձասար» աստվածաբանական կենտրոնում, ձեւակերպված լինելով որպես համակարգչային սրահի հսկիչ, սակայն կատարում էր նաեւ ռուսերեն թարգմանություններ եւ սրբագրում էր, այսինքն՝ Մեսրոպ քահանա Արամյանի ռուսերեն բոլոր թարգմանական գործերի պատասխանատուն էր:

1996-1999թթ. Պավել Անանյանը աշխատել է Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, որպես գրադարանավար եւ ռուսաց լեզվի դասախոս: 2001թ., երբ հայ ժողովուրդն առաջին անգամ պետականորեն նշում էր Գարեգին Նժդեհի 115-ամյակի հոբելյանական տարին, Պավելը թողեց Երեւանը եւ մեկնեց Բերձորի (Լաչինի) հեռավոր լեռնային Սոնասար գյուղը` մնալով այնտեղ երկու տարի՝ առանց տարրական կենցաղային պայմանների (առանց ջրի, էլեկտրականության եւ կապի), աշխատելով Սոնասարի դպրոցում որպես կրոնի եւ ռուսաց լեզվի ուսուցիչ՝ մեծ նվիրումով լծվելով մատաղ սերնդի հոգեշունչ դաստիարակությանը։ Յուրաքանչյուր դասն իրենց սիրելի ուսուցչի հետ աշակերտները սկսում էին «Առաւոտ լուսո արեգակն արդար, առ իս լոյս ծագեա» աղոթքը երգելով։

Պավել Անանյանը շատ է կարեւորում գրաբարի ուսուցումը, նաեւ գտնում, որ Աստծո հետ պետք է գրաբարով խոսել, իսկ գրաբարով ասված աղոթքները բուժիչ են: Նա մեծագույն պատասխանատվությամբ թարգմանել է Նժդեհի գործերից, այդ թվում նաեւ փայլուն թարգմանություն է Նժդեհի «Բաց նամակը Մայքլ Առլենին»: Պավելն այժմ էլ շարունակում է թարգմանել Նժդեհի ժառանգությունից` չնայած հայոց հանճարին ռուսերեն թարգմանել շատ բարդ է: Նա գրաբարից ռուսերեն է թարգմանել նաեւ. Սեմեոն Երեւանցու «Աղոթագիրքը»- 2006թ., Գրիգոր Տաթեւացու «Սողոմոնի առակների մեկնությունը»- 2010թ.: «Իրատես դե ֆակտո» թերթում 2011-2014թթ. տպագրվել են ռուսերենից հայերեն կատարած նրա թարգմանությունները: Պարգեւ սրբազանը շատ բարձր է գնահատել Պավելի՝ գրաբարից ռուսերեն թարգմանած Գրիգոր Լուսավորչի «Ճառեր»-ի` Հաճախապատումի 10 գլուխները, որոնք առայժմ անտիպ են։

Պավել Անանյանը շատ է կարեւորում Նժդեհի աճյունը Երեւանի Կոմիտասի այգու Պանթեոնում տեղափոխելու խնդիրը:

Պ. Անանյանի սխրագործության, ստեղծագործական ընդգրկումների հարցերի շուրջ հարցազրույց ունեցանք բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Երջանիկ Գեւորգյանի հետ.

«Մարդու կյանքն, իհարկե, հրաշքների հրաշքն է, կասկած չկա: Պավելի մասին առաջին բանը, որ պիտի ասեմ, ափսոսանքս է, որ նրան մի քանի ամիս է, որ ճանաչում եմ: Շատ հարստացած կլինեի, եթե նրան ճանաչեի տարիներ առաջ: Նրա հետ հաճելի է երկար զրուցել, որին հետաքրքրող հարցերի շրջանակն ակամայից հետաքրքրում է նաեւ յուրաքանչյուր կրթված մարդու։

Նրա բնավորության գծերից առաջինը՝ գերհամեստ անձնավորություն է: Անգամ խուսափում է, որ մարդիկ գովեն իր կատարած սխրագործությունը: Ես նկատի ունեմ այն, որ նա գտել է Նժդեհի աճյունը եւ տեղափոխել Հայաստան, այն էլ՝ 1983-ին, այդպիսի հայտնի անդրոպովյան ժամանակներում, երբ Նժդեհի անունն անգամ տալը վտանգավոր էր: Երկրորդը՝ կենսուրախ է, թեեւ կյանքը շատ առիթներ չի տվել նրան ուրախանալու: Երրորդ գիծը՝ պրպտող, գիտական մտքի տեր անձնավորություն է, բանասիրական շնորհակալ աշխատանք է կատարում: Որպես հայրենասեր, հայրենանվեր, հայասեր եւ հայանվեր անձնավորություն, նա ձեռք է զարկել տարիներ առաջ, այսօր եւս հայագիտության շատ կնճռո՛տ, շատ խրթի՛ն հարցերի: Ուսումնասիրում է IV դարի հայ բանասիրական շատ ծանր ու վիճելի խնդիրներ: Նա կարդացել է Եփրեմ Ասորացու աղոթագրքերը գրաբար, ծանոթացել է եւ ռուսերենին, կատարել է համեմատություններ եւ հանգել այն եզրակացության, որ «Ասորացի» նրա միայն մականունն է, թե ինքը հայ է, եւ այդ աղոթքները գրել է հայերեն, որոնցից էլ թարգմանել են այլ լեզուներով՝ հունարեն, ռուսերեն: Նա որոշ փաստեր ունի, որոնց ես քաջատեղյակ չեմ, բայց նրա ասելով՝ այդ թարգմանությունների մեջ երեւում է, որ «Ասորացին» մեծ տեղ է տվել Գրիգոր Լուսավորչին, նաեւ` իր աղոթքներում հայկական ամսանուններ է հիշատակել։ Այլ փաստեր էլ կան»։

Երբ Պ. Անանյանը գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանին անգիր աղոթել է Եփրեմ Ասորացու Զորավոր աղոթքի 10 գլուխներից. «Տես Տէր՝ զտառապանս իմ՝ եւ զցաւս հոգւո իմոյ բազմամեղիս. Դարձ՝ ներեա եւ ՜ի քեզ առաջնորդեա, որ ասացեր՝ դարձարուք առ իս, եւ ես դառնամ առ ձեզ,…», գիտնականը հաստատել է, որ իրոք` դա հայերեն բնագիր է:

Պրոֆեսոր Գեւորգյանը հատկապես նշեց. «Պետք է լուծվի մեծ գործչի աճյունի արժանավույն տեղի հարցը։ Ուրիշ էլ ո՞ւմ աճյունը, եթե ոչ` Նժդեհի, պետք է լինի մեր Պանթեոնում, մեր Մեծերի շարքում։ Ինչպես մեծերի շարքում է Նժդեհի տեղը մեր պատմության մեջ, որին նա իր գրչով ու սրով արժանացավ, նույն կերպ էլ նրա աճյունի տեղը պետք է լինի մեծերի Պանթեոնում»։
Քչերը հնարավորություն ունեն յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին գնալու ուխտագնացության դեպի Նժդեհի գերեզմանը` հեռավոր լեռներում գտնվող Եղեգնաձորի շրջանի Սպիտակավոր վանք:

Պ. Անանյանը կարեւորում է նաեւ դեռեւս տարիներ առաջ արած իր առաջարկը. քանի դեռ ողջ են Նժդեհի թոռնուհիները, գենետիկ հետազոտության միջոցով ճշտել նրանց եւ Նժդեհի գտնված մասունքների ազգակցական կապը` հատուկենտ ավելորդ խոսակցություններին վերջ դնելու համար։

Մենք չենք կարողանում գնահատել պարզ մարդուն, անհատին, ինչպիսին է Պավել Անանյանը: Անհատի դերի բարձրացումով է հզորանում ազգը, եւ դրանով է բարձրանում ազգի դերը միջազգային հանրության մեջ:
ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազատամարտի «Ոգեղեն Ուժ» ընկերային մշակութային կենտրոնի հիմնադիր-նախագահ

«Առավոտ»

01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031