Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիբանանյան «հրաբուխից» հետո Ժակլին Սարխոշյանը Երեւանում է

Հուլիս 02,2016 12:30

Պրիմա պարուհին պատրաստվում է իր հրաժեշտի երեկոյին

Շուրջ 2 տարի է՝ պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը ամուսնու՝ պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանի հետ դասավանդում է Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում: Այս դպրոցի սաների՝ հունիսի 24-25-ին կայացած ավարտական հաշվետու համերգին անդրադարձել են ոչ միայն տեղի հայկական, այդ թվում՝ «Ազդակ» պարբերականը, այլեւ արաբական ԶԼՄ-ները, օրինակ՝ OTV TV-ն (լուսանկարում) եւ այլն: Նման հետաքրքրության առիթը Պրոկոֆեւի «Մոխրոտը» բալետի բեմադրությունն էր, որ իրականացրել էր Ժակլին Սարխոշյանը:

«Ազդակ» պարբերականը մասնավորապես տեղեկացնում է, որ Համազգայինի գեղարվեստի դպրոցների տնօրեն Կարպիս Գապասագալեյանը ողջունելով ներկաներին, նշել է, թե դպրոցն իր պատմության ընթացքում դեռեւս չէր ներկայացել թատերապարով (բալետային բեմադրությամբ), եւ ահա Պրոկոֆեւի «Մոխրիկը» (արեւմտահայերը Մոխրոտին այդպես են անվանում) իրականացրել է ճանաչված պարուհի Ժակլին Սարխոշյանը՝ ամուսնու հետ, իսկ ներկայացման մեջ ընդգրկված է եղել 300 սան: Ըստ պարբերականի, Գապասագալեյանը նշել է, որ ամուսինների ազատ եւ անկաշկանդ բեմադրությունը ավելի իմաստավորվեց գունագեղ հանդերձներով եւ ավազային պատկերներով: Առաջին անգամ բեմադրության մեջ օգտագործված է ավազային անիմացիա՝ Հայաստանից հրավիրված արվեստագետ Աննա Ամասի մասնակցությամբ:

image1.(null)11
Այս օրերին Ժակլին Սարխոշյանը Երեւանում է: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արվեստագետը նշեց, որ եկել է աշնանը կայանալիք իր հրաժեշտի երեկոյի նախապատրաստական աշխատանքները համակարգելու համար:

Հետաքրքրությանը, թե Բեյրութում եղած ժամանակահատվածում իր պատճառով չի՞ տուժել Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի որեւէ ներկայացում, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ, օրինակ, 2015թ. ընթացքում ինքը հանդես է եկել գլխավոր դերապարերով 8 ներկայացումներում, այդ թվում՝ Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե», Պյորսելի «Մավրի Պավանա կամ Օթելլո», պարել է Ադանի «Ժիզելի» պրեմիերան, իր խորեոգրաֆիայով բեմադրած Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ «Երազը» եւ այլն:

image111
Անդրադառնալով Համազգայինի «Գայանե» պարարվեստի դպրոցում իր մանկավարժական գործունեությանը, Ժակլին Սարխոշյանը ժպտալով հայտնեց, որ ամուսնու հետ անում են անհնարինը: «Հաշվետու համերգի առաջին բաժնում, իհարկե, հայկական ժողովրդական պարեր էին, այդ թվում՝ Նորայր Մեհրաբյանի խորեոգրաֆիայով «Վարդագույն աղջիկների պարը», իմ եւ ամուսնուս բեմադրությամբ «Մախմուր աղջիկը», «Բերդ» պարը, «Մենք ենք մեր սարերը», «Տավիղը»… հետո իրականացրել էինք համարներ տարբեր պարաոճերում՝ հիփ-հոփ, մոդեռն, քոնթեմփրի, լատինո եւ այլն: Երկու բալետային համար՝ Ռախմանինովի «Իտալական պոլկան» եւ Գրիգի «Թզուկի երազը», իմ խորեոգրաֆիայով էր: Իսկ «Մոխրոտը»՝ մեր 6-16 տարեկան 300 սաների մասնակցությամբ, ընդ որում՝ հագուստի դիզայնի հեղինակն էլ էի ես, դա պետք էր պարզապես տեսնել»,- առանց ավելորդ համեստության ասաց բալետի արտիստը:

Զրույցի ընթացքում մեր խնդրանքին՝ նշել, թե ինչպե՞ս է պատկերացնում իր հրաժեշտի երեկոն, Ժակլին Սարխոշյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից:
Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրուցած անվանի արվեստագետներից շատերը փաստում են, որ չգիտես ինչու՝ մեր պետությունը վերջին տարիներին չափից ավելի ժլատ է, ժողովրդական արտիստի կոչում ստանում են հատուկենտ արվեստագետներ: Ասում են նաեւ, թե Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբում ընդամենը 1 վաստակավորի կոչում ունեցող պարուհի է՝ Մարիա Դիվանյանը եւ ոչ մի ժողովրդական: Մեր զրուցակցին հարցրինք՝ գուցե հրաժեշտի առիթով հենց իրե՞ն՝ որպես բալետի արտիստ, այն էլ պրիմա պարուհի, Հայաստանի երրորդ հանրապետությունում առաջինը շնորհվի ժողովրդականի կոչում: Ժակլին Սարխոշյանի պատասխանը հմայիչ ժպիտն էր:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031