Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ալիեւը եւ Ադրբեջանը չէ, որ կարգավիճակ են շնորհելու ԼՂ ժողովրդին»

Հուլիս 01,2016 23:40

Կայացել է ՀՀԿ նիստ, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական, ինչպես նաեւ ներկուսակցական հարցեր, անդրադարձ է եղել ղարաբաղյան կարգավորման գործընթացին:

Նիստի ավարտին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց. «Նախագահը ներկայացրել է իր զրույցի արդյունքները ԱՄՆ պետքարտուղար պարոն Քերիի հետ, քննարկել ենք նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի հանրապետություն, տարածաշրջան: Եվս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ հայկական կողմերը ունեն կոնկրետ դիրքորոշում: Ղարաբաղյան կարգավորման խնդիրը բացառապես պետք է լուծվի խաղաղ կարգավորման արդյունքում, որն այլընտրանք չունի, Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրացումը եւս այլընտրանք չունի: Քննարկել ենք նաեւ արտահերթ նիստի արդյունքները, բնականաբար, նաեւ՝ որոշ ներկուսակցական հարցեր»:

Տարածքային ամբողջականության հետ կապված Ալիեւի արած հայտարարությունների մասին հարցին, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Ես մի անգամ ասել եմ. խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա: Դա ինքնորոշման իրավունքի իրացումն է, տարածքային ամբողջականությունը եւ խաղաղ կարգավորումը: Լեռնային Ղարաբաղը երբեք ոչ-մի կարգավիճակով ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ Ալիեւը, Ադրբեջանը չէ, որ կարգավիճակ է շնորհելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի նույնքան իրավունք՝ հանրաքվեով որոշելու իր ճակատագիրը, որքան եվրոպական ժողովրդական ցանկացած երկրների քաղաքացիները: Ինչքան տրամաբանական է Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ռեֆերենդումը՝ Եվրամիությունում մնալ, թե չմնալ, ինչքան տրամաբանական է Շոտլանդիայի հանրաքվեն՝ մնալ Միացյալ Թագավորությունում, թե չէ, ինչքան տրամաբանական է Արեւելյան Թիմորի հանրաքվեն՝ առանձնանալ Ինդոնեզիայից եւ անկախություն հռչակել, նույնքան տրամաբանական է ԼՂՀ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը հանրաքվեով որոշելը:

Լեռնային Ղարաբաղը չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը շատ է խոսում Նախիջեւանի կարգավիճակի մասին: Եվ Նախիջեւանը լավ օրինակ է, որպեսզի բոլորը հասկանան, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նախիջեւանը եղել է հայերով բնակեցված տարածք եւ ադրբեջանական տիրապետության շրջանում այլեւս որեւէ հայ այնտեղ չի ապրում: Երկրորդ. այնտեղ առկա է եղել միջազգային, համաշխարհային, քրիստոնեական կարեւորագույն հուշարձաններից մեկը՝ Ջուղայի խաչքարերը: Եվ մենք տեսանք, թե ինչպես ադրբեջանցիները բարբարոսաբար, վանդալիզմի վառ օրինակով վարվեցին այդ խաչքարերի հետ: Ադրբեջանցիները նույնիսկ մշակութային հուշարձանների հետ չեն կարող հանդուրժող լինել, ուր մնաց, որ նրանք հանդուրժող լինեն այլ ժողովուրդների հանդեպ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031