«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված մանկական ծրագրերից երեխաների համար ամենասպասվածը մայրաքաղաքի Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացված «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնն էր: 2-րդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնին այս անգամ մասնակցել են ավելի քան 2 տասնյակ տիկինիկագործներ: Ներկայացված աշխատանքներն ինչպես խաղարկային, այնպես էլ երեխաների խաղի կազմակերպման համար նախատեսված տիկնիկներ էին:
Տիկնիկների ցուցադրությամբ մեկնարկած փառատոնը շարունակվել է համերգային ուրախ ծրագրով: Օրվա երկրորդ կեսին պուրակը վերածվել է հեքիաթի հերոսների շքերթային հրապարակի: Իսկ ավելի ուշ Երևանի, նաև մարզերի տիկնիկային տարբեր թատրոնների ու ստուդիաների մասնակցությամբ մանկական տիկնիկային ներկայացումներ են ցուցադրվել:
Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով տաղավարներում, ծանոթանալով ձեռագործ աշխատանքներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ փառատոնը գունավորում և յուրահատուկ տրամադրություն է փոխանցում ամառային Երևանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն