Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարցիներն Ադրբեջանո՞ւմ են տներ կառուցել

Հուլիս 01,2016 21:03

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը չեն կարողանում իրենց կառուցած առանձնատները գրանցել անշարժ գույքի կադաստրի Տավուշի տարածքային ստորաբաժանումում, այդ կերպ ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական:

Այդ տներից մեկը՝ Հրանտ Գեւորգյանին պատկանող եռահարկ, տուֆակերտ շքեղ առանձնատունը կիսակառույց է, շենքը կառուցված է, սակայն շինության ներքին հարդարման աշխատանքներն իրականացված չեն, այնտեղ բնակվող չկա: Հ. Գեւորգյանն այժմ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Արտեմ Մանուչարյանն ու Սամվել Սարուխանյանն Ադրբեջանին սահմանակից Ոսկեպար գյուղի հիմնական բնակիչներ են:

Նշված 3 առանձնատները Ոսկեպար գյուղից կտրված չեն, գյուղի տներից հեռու չեն կառուցվել, դրանք գյուղի առանձին հատվածում չեն , 3 առանձնատները հարակից են ոսկեպարցիների բնակարաններին: Խորհրդային ժամանակներում պատրաստված քարտեզով նշված 3 առանձնատների զբաղեցրած տարածքը հանդիսացել է Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տերիտորիա: Ըստ խորհրդային քարտեզի՝ այդ ձորով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն այդտեղ ադրբեջանական բնակատեղի կամ ադրբեջանական կառույցներ երբեւէ, նույնիսկ խորհրդային տարիներին, չեն եղել:

Նշված 3 առանձնատները կից են  Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի  Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ուղուն: Շրջանցիկ, 11 կմ երկարություն ունեցող այդ ավտոճանապարհը կառուցվեց 2003-2004 թվականներին, Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ոսկեպարի համայնքապետարանը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ 4 տարի առաջ դիմել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանին, վերջինս էլ հարցը ներկայացրել է Հայաստանի կառավարություն: Հայաստանի կառավարությունից  պատասխանել են, որ տվյալ հիմնահարցը չի լուծվում, որովհետեւ այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքները Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզներում նշված չեն:

Ոսկեպարի գյուղի բնակիչ Արտեմ Մանուչարյանը դժգոհություն հայտնելով,որ տարիներ շարունակ հիմնախնդիրը չի լուծվում, նշեց, որ իրենք ներկայումս իրավունք չունեն իրենց տները վաճառել, կտակել, նվիրել, գրավ դնել եւ այլն:  Հավելենք, որ նշված առանձնատները կառուցելիս դրանց տերերը շենքի  հատակագիծ, շինթույլտվություն չեն ունեցել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031