Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի մինչև օգոստոսի 1-ը

Հուլիս 01,2016 20:45

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի մեկնաբանությունն Արցախի հանրային հեռուստատեսությանը՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետի երկարաձգման վերաբերյալ:

Արդյո՞ք ապրիլյան պատերազմն ազդեցություն ունեցավ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների ընթացքի վրա:

Արցախում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը որոշակի խոչընդոտների է հանդիպել գործունեության հենց առաջին փուլում: Ապրիլյան պատերազմն ինքնաբերաբար հետաձգել է այն աշխատանքները, որոնք պետք է կատարվեին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակելու ուղղությամբ: Այդ պատճառով էլ հանձնաժողովը դիմել էր հանրապետության նախագահին՝ հայեցակարգի ներկայացման ժամկետը երկու ամսով երկարաձգելու խնդրանքով: Մայիսից սկսած, երբ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, մասնագիտական հանձնաժողովը մի քանի փուլերով աշխատանքներ ու քննարկումներ է իրականացրել իր առջեւ դրված խնդիրները լուծելու նպատակով:

Քննարկումների ընթացքում պարզվեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնական սկզբունքների հարցում առկա են տարբեր դիրքորոշումներ եւ այդ երկու ամիսը բավարար չէ նման պատասխանատու գործի համար: Խոսքը, մասնավորապես, պետական կառավարման մոդելի ընտրության մասին է, որի շուրջ քննարկումները շարունակվում են եւ, այս պահին կարող եմ ասել, որ ուրվագծվում է հայեցակարգի հիմքի համար պահանջվող համաձայնությունը:

Մենք արդեն հասել ենք մի հանգրվանի, երբ պետք է ամփոփենք այն, ինչ ունենք: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ մեկ անգամ եւս մեր քաղաքական դաշտի եւ հանրային կյանքի հիմնական դերակատարների հետ ճշտենք այն տիրապետող կարծիքներն ու մոտեցումները, որոնք առկա են պետական կառավարման մոդելի հարցում:

Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում սահմանված ժամկետներում նախատեսված աշխատանքներն ավարտելու համար:

Մասնագիտական հանձնաժողովը նպատակահարմար է գտել դիմել հանրապետության նախագահին՝ հայեցակարգի ներկայացման ժամկետը մեկ ամսով եւս երկարաձգելու խնդրանքով: Հունիսի 29-ին նախագահի հրամանագրով այդ ժամկետը երկարաձգվել է մինչեւ օգոստոսի 1-ը:

Հաշվի առնելով, որ մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքում առաջնորդվում է գործունեության հաստատված կարգով, ուստի հղում անելով այդ փաստաթղթին՝ հիշեցնեմ, որ մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ առաջարկություններ ու միջնորդություններ ընդունելուց բացի անցկացնում է նաեւ այդ նախագծի հանրային քննարկումներ, որից հետո միայն նախագիծը ներկայացնում է հանրապետության նախագահին:

Վերստին նշեմ, որ այս անգամ ժամկետի երկարաձգումը պայմանավորված է արդեն կատարած աշխատանքներն ամփոփելու եւ դրա շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ԼՂՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031