Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծել բանակցային ռազմավարության առանցքային կետերը

Հուլիս 01,2016 20:30

Արցախյան հակամարտության բանակցային փուլերի թեւակոխումը զգալիորեն արագ է ընթանում: Շատ կարճ ժամանակներ են իրարից բաժանում Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը եւ հիմա էլ, ըստ երեւույթին, շուտով Պետերբուրգն ու Փարիզը: Վերլուծաբանական գրականությունը անընդհատ խոսում է փոխզիջումների տարբերակների, անժամկետ հանրաքվեներ կազմակերպելու, ուժերի հեռացման, տարածքների կարգավիճակի, խաղաղապահ ուժերի տեղակայման եւ լուծման հնարավոր տարբերակների մասին:

Անհասկանալիորեն հայկական մեկնաբանական դաշտը շատ հղում չի կատարում պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի կողմից կատարված հայտարարությունների վրա, որտեղ հիմնական առանցքային բաժին կա, որը բնութագրում է նաեւ ընդհանրապես հայկական կողմի բանակցային փիլիսոփայությունը:

Այո, փոխզիջումով  է պայմանավորվում որեւէ հակամարտության լուծման հնարավորության իրականանալիությունը: Մինչ այդ սակայն, հատկապես ապրիլյան քառօրյայից հետո, խիստ անհրաժեշտություն կա հետաքննական մշտադիտարկումներով եւ համապատասխան սարքերով երաշխավորելու 94-ի հրադադարի պահպանումը: Ամբողջական հրադադարն է, որը մղիչ ուժ եւ բովանդակություն կարող է ապահովել բանակցելու եւ քաղաքական կամք դեպի լուծում առաջնորդելու: Եթե այս մեկը անմիջական եւ նախապայմանային հանգրվան է հանդիպումներին, ապա բանակցություններին լիցք եւ բովանդակություն տալու, մանավանդ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջնորդվելու համար ավելի քան անհրաժեշտ է ու պայմանական Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան: Թե՜ հրադադարը եւ թե՜ քաղաքական մեծ համաձայնության նշումը միջազգայնորեն ունեն 94-ի եւ 95-ի իրար ամբողջացնող-լրացնող փաստաթղթերի ամբողջությունը, որոնց տակ Երեւանին եւ Բաքվին առընթեր կա Ստեփանակերտի ստորագրությունը:

Պարզ է բանակցային ռազմավարության տրամաբանությունը: Նախ` երաշխիքներ ապահովել գործադրելու համար Երեւան-Բաքու-Ստեփանակերտով որոշված հրադադարը, ապա ձգտել քաղաքական մեծ համաձայնության, ճիշտ պահին Ստեփանակերտը վերադարձնելով բանակցային սեղան եւ նրան մասնակից դարձնելով համաձայնագրի կնքմանը:

Այս երկու անշրջանցելի հանգրվանների վրայից թռչելով հայկական լրագրա-վերլուծական դաշտը փութկոտություն է ցույց տալիս զիջումների տարբերակները հրապարակայնացնելով, ինչ որ ձեւով համոզելու ընթերցող լսարանին, թե ապրիլյան քառօրյայից հետո հայկական կողմին պիտի պարտադրվեն միակողմանի զիջումներ:

Ստեփանակերտի իրավական մասնակցության ռազմավարական այս մոտեցման իրողականությունը սկսել է շոշափել Բաքուն, որը փորձում է Ստեփանակերտ հասկացությանը յուրահատուկ ընկալում ապահովել տալ միջազգային հանրությանը:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Գերմանիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խոստացել է աջակցել «ԼՂ-ի ադրբեջանական համայնք»-ի նախաձեռնությանը` հանդիպումներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ:

Հանդիպումներ կազմակերպելու առաջարկը «ԼՂ-ի ադրբեջանական համայնք»-ի ղեկավար, պատգամավոր Ռովշան Ռզաեւինն է: Գործակալությունը հայտնել է, որ Շտայնմայերը Բաքվի Ռամանի ավանում հանդիպումներ է ունեցել Շուշիից Ադրբեջան հեռացածների հետ: Շտայնմայերը հայտնել է, որ այդ առնչությամբ կփորձի ճշտել հայ համայնքի կարծիքը: «Մենք կձգտենք կազմակերպել նման հանդիպում»,- ասել է նա:

Դժվար թե համոզիչ լինի այն վարկածը, որ այս մեկը «ԼՂ-ի ադրբեջանական  համայնք»-ի ղեկավարի նախաձեռնությունն է, որովհետեւ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե Շտայնմայեր-Սահակյան հանդիպումը կրել է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայ համայնք»-ի հետ հանդիպման բնույթ: Հաջիեւը հայտարարել է, թե Բաքու այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպելու է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ներկայացուցիչների հետ:

Շտայնմայերի այցի ծրագրում ներառված է նաեւ ծանոթություն հարկադիր վերաբնակների համար կառուցված բնակատեղիների հետ:

94-ի բանակցություններին, ըստ որոշ տեղեկությունների, ներկա է եղել նաեւ ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը, սակայն նրան փաստաթուղթը ստորագրելու իրավունք չի տրվել:

Թվում է, թե Բաքուն ըմբռնել է միջազգային ընտանիքի կողմից Ստեփանակերտը իբրեւ իրավական միավոր բանակցություններին ներառելու ուղղվածությունը: Հավելյալ պատճառ, որ հայկական վերլուծական միտքը միակողմանի զիջումներից առաջ աշխատի համատեղել միջազգային ընտանիքի եւ հայկական պաշտոնական կողմի մոտեցումները եւ մշտապես ընդգծված պահի մեր բանակցային ռազմավարության առանցքային կետերը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031