Կանխել տարածաշրջանում հնարավոր պատերազմի վերսկսումը. Սրանով է պայմանավորված այս օրերին միջազգային հանրության կողմից ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ ակտիվ հետաքրքրվածությունը: Այսպիսի կարծիք հայտնեց Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ: Քերին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ:
Հունիսի 30-ին ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել նաեւ ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները: ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւս Արցախի նախագահի հետ երեկ քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Շտայնմայերը Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, ձգտում է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Հուլիսի 4-ին էլ սպասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան, ապա Ադրբեջան:
Կարդացեք նաև
Միջազգային հանրությանը այս ուշադրությունը ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով պայմանավորված է նրանով, որ ապրիլյան պատերազմը ցույց է տվել պատերազմի հետեւանքները տարածաշրջանի անվտանգության համար. «Պատկերացրել են պատերազմի հնարավոր ծավալներ, եւ նաեւ դրա համար է, որ փորձում են ամեն ինչ անել՝ խուսափելու այդ աղետալի հետեւանքներից: Կարծում եմ՝ սրան գումարվում է նաեւ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը, որոնք հստակ ցույց են տալիս, որ խաղաղ կարգավորման տրամադրվածություն չունեն եւ իրենց մաքսիմալիստական պահանջներով, ըստ էության, նոր պատերազմի համար հիմքեր են նախապատրաստում: Միջազգային հանրությունը փորձում է այս անգամ մի քիչ ավելի արագ եւ ավելի արդյունավետ գործել եւ ժամանակին կանխել հնարավոր պատերազմի վերսկսումը»: Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ միջազգային հանրությունը՝ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ թե այլ մակարդակներով այս ակտիվության նպատակը մեկն է՝ Ադրբեջանին սանձահարելու եւ թույլ չտալու ռազմատենչ մոտեցումները, որը նոր պատերազմի պատճառ կարող է լինել:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է՝ «Այո, մենք փոխզիջման պատրաստ ենք»:
Aravot.am-ի այն հարցին՝ հաշվի առնելով նաեւ Բաբայանի այս հայտարարությունը, արդյոք միջազգային հանրության այս օրերի ակտիվացումը խոսում է նաեւ այն մասին, որ որոշակի պայմանավորվածություն, այնուամենայնիվ ձեռք է բերվում՝ փոխզիջումների գնով, քաղաքագետն ասաց. «Ես չեմ կարծում, որ հիմա բանակցային գործընթացը կվերսկսվի: Ճիշտ հակառակը, մենք տեսնում ենք, որ բանակցությունները դադարեցված են եւ հիմա ընդամենը նախապատրաստական աշխատանքներն են տանում ապագայում բանակցությունները նորից վերսկսելու նպատակով: Այսինքն՝ պայմանավորվածությունների հավանականությունն այս փուլում ես չեմ տեսնում: Միջնորդների կողմից կա ամեն ինչ նախկին այն տրամաբանության մեջ վերադարձնելու ցանկություն, բայց պայմանավորվելու հնարավորություններ եւ նման զարգացումներ այս պահին չեմ տեսնում, եւ կարծում եմ՝ հնարավոր չէ»:
Ըստ Մելիք-Շահնազարյանի, միջազգային բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից խուսափելու տարբերակը տեսնում են բանակցային գործընթացի վերսկսումով, իսկ մինչ այդ, աշխատանքային հանդիպումներն արագացնելով փորձում են հենց այդ ճանապարհով հեռացնել պատերազմի վերսկսելու վտանգը:
Aravot.am-ի այն հարցին էլ՝ եթե Ալիեւի մտքին լինի պատերազմ վերսկսել, հատկապես, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվել են, արդյոք Ալիեւը հաշվի կառնի միջազգային հանրության կարծիքն ու կկարողանան այդ պաշտոնյանները զսպել Ալիեւին, քաղաքագետն ասաց.«Վստահ եմ, որ եթե Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն օգտագործեն իրենց տնտեսական եւ քաղաքական ողջ պոտենցիալն՝ Ադրբեջանին զսպելու համար, ապա նրանք այդ կարողությունն ունեն: Բայց իրականությունն այն է, որ դեռեւս որեւէ մեկը նման ոչ մի լուրջ քայլ չի արել եւ բոլորը բավարարվում են տարբեր հայտարարություններով կամ հանդիպումներ կազմակերպելով: Իրական ճնշման մեխանիզմ Ադրբեջանի դեմ մինչ օրս չի օգտագործվել եւ դեռեւս այդ գործոնը՝ միջազգային ճնշման, չի կիրառվել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ