«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ «Նոր Հայաստանի» անդամների և նրանց աջակիցների խուզարկություններն ու ձերբակալությունները քաղաքական հետապնդման դասական օրինակ են:
Նա մանրամասնեց. «Խուզարկության մեթոդն էլ որպես ահաբեկիչ ուժ են կիրառում. գնում, ընտանիքներն են մտնում, փորձում են ահաբեկել»:
Վարուժան Ավետիսյանի փոխանցմամբ, օրինակ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի տանն արդեն 5-րդ անգամ են խուզարկություն կատարում, բայց ոչինչ չեն հայտնաբերել:
Նշենք, որ, օրինակ, ձերբակալվել է Բուժական գյուղում բնակվող Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Վարուժան Ավետիսյանն այս առիթով պարզաբանեց. «Նա գյուղում առանձին ապրում է իր սեփական տանը: Իմ ունեցած տվյալներով`պատերազմի ժամանակվանից խառը-խուռը փամփուշտներ է բերել տանը կուտակել: Նա ընդունել է, որ դրանք իրենն են և պատերազմի ժամանակվանից է բերել»:
Այս «արշավը» Վարուժան Ավետիսյանը համարում է ահաբեկում, հոգեբանական ճնշում իրենց համակիրների, ընտանիքի անդամների, աջակիցների և հարազատների վրա. «Մարդկանց գործից կտրելու, հոգնեցնելու ընթացք է: Մարդն ուզում է հանձնել երկիրը արդեն պայմանավորված պատերազմի միջոցով` լրիվ ակնհայտ է սցենարը, ուստի հավանական դիմադրություն տանելու շնորհք ունեցող մարդկանց մեկուսացնում են»:
Վերջում Վարուժան Ավետիսյանը հավաստիացրեց, որ առանց զենք հեղափոխություն են անելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ