Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում

Հուլիս 01,2016 18:55

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2016թ. ծրագրերով իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Սիլիկյան խճուղուց «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի շինհրապարակ: Քաղաքապետին զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին կապող, նախկինում անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը հիմնանորոգվում է: Պատասխանատուներն ընդգծել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր՝ հատկապես հաշվի առնելով, որ ճանապարհահատվածը կապում է «Շահումյան 1» և «Շահումյան 2»  գերեզմանատներն ու նաև ապահովում դեպի «Սպանդարյան» և «Հաղթանակ» գերեզմանատներ տանող  ճանապարհի երթևեկը:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է գործն ավարտել նախատեսված ժամկետներում ու մշտական հսկողության տակ պահել աշխատանքների որակը:

«Վերջին 20 տարիների ընթացքում այս ճանապարհահատվածում ընդամենը մասնակի նորոգումներ էին իրականացվել և, իրոք, անմխիթար վիճակում էր այս ճանապարհը: Հարևանությամբ տարբեր գերեզմանատներ են, և ճանապարհի այդ վիճակը բավականին խոչընդոտներ էր ստեղծում այստեղ այցելող մեր համաքաղաքացիների համար: Ըստ այդմ, որպես առաջնահերթություն, այս աշխատանքները ևս ներառեցինք մեր այս տարվա բարեկարգման ծրագրում և, ինչպես տեսնում եք, այն արդեն ընթացքի մեջ է: Աշխատանքների ավարտից հետո այս ճանապարհը կդառնա նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող կարևոր հանգույց, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի Հասրաթյան և Լենինգրադյան փողոցների երթևեկության բեռնաթափմանը», – ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Շիրազի 10 շենքի բակային տարածք, որտեղ ընթանում են բակի բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ ծրագիրը կյանքի կոչելու համար բակային տարածքից ապամոնտաժվել է 12 մետաղյա և 1 քարե ավտոտնակ: Բարեկարգման շնորհիվ բակային այս տարածքը կդառնա հանգստի յուրօրինակ կենտրոն՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով, ժամանակակից խաղային ատրակցիոններով ու մարզական գույքով: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն շարունակելու համար` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս շեշտվել է, որ քաղաքապետարանի ծրագրային բոլոր դրույթներն ուղղված են հարմարավետ ու գրավիչ մայրաքաղաք ունենալուն: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն բնակիչներին, ովքեր դարձել են քաղաքապետարանի գործընկերն ու իրենց սեփական նախաձեռնությամբ են ազատում զբաղեցրած տարածքները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով են մոտենում բակերի բարեկարգման մեր ծրագրին և հաճախ անգամ իրենց ավտոտնակներից են հրաժարվում՝ բարեկարգ բակ ունենալու համար: Իսկապես լավ ավանդույթ է ձևավորվել. բնակիչների հետ մեր համագործակցված աշխատանքն արդյունավետ է ու հաջողված»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031