Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը զգուշացնում է. Կազանի փաստաթուղթը վտանգավոր թակարդներ է պարունակում: Այդ փաստաթուղթը նա դիտարկում է Ղարաբաղյան հակամարտության լուծման` այսպես կոչված փուլային տարբերակի շարունակություն:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Խառատյանը ներկայացրեց փաստաթղթի որոշ խնդրահարույց դրույթներ. «Փաստաթուղթը սկսվում է տարածքների վերադարձից: Ձևակերպման մեջ նշված է, որ բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են Ադրբեջանի վերահսկողությանը»:
Ազգագրագետի համար հասկանալի չէ այն, թե ինչ է նշանակում ԼՂ հարակից ադրբեջանական տարածքներ. դրանք Մարտակերտի շրջանի այն շրջաններն են, որոնք Ադրբեջանի վերահսկողության տա՞կ են, Շահումյանի շրջա՞նը, դրանք Ղարաբաղին հարակից տարածքնե՞րն են, թե՞ բուն Ղարաբաղի տարածքները:
Տիկին Խառատյանի համար նաև մտահոգիչ է այն, որ այս փաստաթուղթը չի արգելում Ադրբեջանին ներքին տեղահանվածների անվան ներքո այդ տարածքներ ուղարկել ասենք ոստիկանական ուժեր կամ իրական զինվորական կազմավորումներ, մանավանդ` արդեն փորձ ունենք, որ Ադրբեջանը կարող է որևէ միջազգային դիտորդի թույլ չտալ այդ տարածքներ մուտք գործել: Իսկ սա նշանակում է, որ այս դեպքում ՀՀ-ի և Արցախի սահմանակցող տարածքները լուրջ վտանգի տակ կգտնվեն:
Կարդացեք նաև
Ըստ Հրանուշ Խառատյանի`Կազանի փաստաթուղթը ռազմական գործողությունների շարունակության հնարավորություններ է ստեղծում:
Տիկին Խառատյանը նկատեց, թե փաստաթղթում անվտանգության երաշխիքները բացակայում են. «Ի՞ նչ է նշանակում միմյանց դեմ ուժ չկիրառել ԼՂ տարածքում: Այդ տարածքում ո՞վ ում նկատմամբ ուժ պիտի կիրառի: Սրանից ենթադրելի է, որ ԼՂ պիտի վերադարձվի ներքին տեղահանված բնակչություն: Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում այս պարտավորությունը: Սա իբրև թե վերահսկվելու է Մինսկի խմբի կողմից, բայց մենք գիտենք նաև, որ Մինսկի խումբը մշտապես հայտարարում է, թե կողմերին պարտավորեցնելու մանդատ չունի»:
Հրանուշ Խառատյանը լուրջ վտանգներ է տեսնում, որ եթե Ադրբեջանին որևէ հողակտոր հետ վերադարձվի, նա քաղաքացիական բնակչության անվան տակ այդ հողակտորը ռազմականացնելու է:
ԼՂ միջանկյալ կարգավիճակի հստակեցման մասին տիկին Խառատյանն ասաց. «Ենթադրվում է, որ այս տարածքների վերադարձից, ներքին տեղահանվածների` այդտեղ վերադարձից, տարածքում վերահսկողության խնդիրները լուծելուց հետո կամ ընթացքում ԼՂ-ին տրվում է միջանկյալ կարգավիճակ, և ամենակարևորը, այդ միջանկյալ կարգավիճակը: Փաստաթղթում Ղարաբաղի համար իրավունքներ և արտոնություններ բաժին կա: Բայց դրանք ոչինչ չեն բացի այն, ինչ այս պահին ունի Ղարաբաղը: Չի գրված, որ ԼՂՀ-ն իրավունք ունի թեկուզ ոստիկանական ուժերի, որևէ ռազմական կազմավորման, պարզ ասած, բանակի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ