Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 2-ին պարզվեց, որ գերմանացիները թուրքերի քավորը չեն. Ազատ Օրդուխանյան

Հուլիս 01,2016 17:51

«Այստեղ նախ տրամադրությունը փոխվեց: Պարզվեց, որ գերմանացիները թուրքերի քավորը չեն, տասնամյակներ գործող այս կարծրատիպը ջարդվեց»,- մեզ հետ զրույցում նշեց Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը:

Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, զրուցակցիս բնութագրմամբ, գերմանահայերի համար քաղաքական, մշակութային գործունեության նոր դաշտ բացեց. «եղած նեղ արահետները դարձան մայրուղիներ»: Մեկ ամիս է անցել այդ օրվանից, սակայն առ այսօր Գերմանիայի հայկական համայնքների միջև նոր անելիքների վերաբերյալ երկխոսություն չկա. «Ներուժը կա, բայց կազմակերպչական առումով քննարկում չկա»:

Հունիսի 2-ից հետո շատերն են քննարկումներ անում Հայոց Ցեղասպանության մասին պատմությունը դպրոցական դասագրքերում մտցնելու մասին: Զրուցակցիս կարծիքով սակայն, դա նվազագույնն է, որ պիտի անեն տեղի հայկական համայնքները: Բունդեսթագի ընդունած բանաձևի հիման վրա հայկական հարցը զարգացնելու և հայկական գործոնը առաջ տանելու համար անհրաժեշտ է նոր գաղափարներ իրագործել: Իսկ այդ ամենի հիմքը պետք է դնել Բեռլինում հայկական գիտամշակութային կենտրոնի ստեղծմամբ, որպեսզի նախ եղած ողջ նյութը մեկտեղվի:

«Դպրոցական դասագրքերի թեման շատ կարևոր է, մենք էլ տարիներ շարունակ պայքարել ենք, ժամերով Լանդթագի պատգամավորների հետ քննարկել ենք: Դրական շարժ կա: Բայց շատ ու շատ կարևոր է, որ Բեռլինում գոնե ունենանք հայագիտական գրադարան և արխիվ, որ եղած համայնքային և անհատական բոլոր տեսակի արխիվներն ամբողջացվեն: Հայ ակադեմիականների միությունը 155 տարեկան է, ուր են իր արխիվային նյութերը` Կոմիտասի, Չորեքչյան կաթողիկոսի, Շանթի, Իսահակյանի, Սուրենյանցի և մյուս մյուսների մասին ամբողջ նյութը: Եթե ոչ մեծ հայկական կենտրոն,ապա գոնե գրադարան, արխիվ ու թանգարան պիտի բացվի: Ես պատրաստ եմ այդ թանգարանի համար բավականին հետաքրքիր նմուշներ տալ, որ տարիներ շարունակ հավաքել եմ: Սրանք են, որ մեզ համար այժմ քննարկման թեմա պիտի դառնան, բայց համայնքային երկխոսություն առայժմ ցավոք չկա»,- նշեց պարոն Օրդուխանյանը:

Զրուցակցիս համոզմամբ, որպեսզի կարողանանք համահավասար խոսել եվրոպացիների հետ, պետք է նրանց լուսավորենք, որ մեզ մեր մշակույթով ու մեր տեսակով ճանաչեն: Այդ նպատակով հայագիտական երկրորդ ամբիոնի կամ ֆակուլտետի ստեղծումը պարզապես անհրաժեշտություն է, որը մեզ հեռանկար կբերի. «Պիտի գերմաներենով դիսերտացիաներ գրվեն մեր ճարտարապետության, մեր պատմության, Կոմիտասի, Սարյանի և շատ ու շատ հայկական թեմաներով, որ շարժ լինի»:

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031