«Դավութօղլուի պաշտոնանկությունը Թուրքիայի արտաքին քաղաքականությունում որոշակի փոփոխություններ իրականացնելու նպատակ ուներ: Մինչեւ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ վերադառնալու են նախկին` «զրո խնդիր հարեւանների հետ» իրավիճակին: Նշվում էին այնպիսի պետություններ, որոնց հետ հաշտվելը Դավութօղլուի օրոք անհավանական էր թվում: Խոսքը Սիրիայի եւ Եգիպտոսի մասին է»,-հուլիսի 1-ին «Արմենպրես»-ում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում նման դիտարկումներ ներկայացրեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Համեմատելով Թուրքիա-Իսրայել եւ Թուրքիա-ՌԴ հաշտեցման գործընթացները` նա ասաց. «Ըստ Իսրայելում անցկացված հարցումների` հաշտեցման գործընթացի պատճառը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ գազային գործարքն է: Ռուս-թուրքական հարաբերությունների սրման եւ Ռուսաստանի կողմից թուրքական տարբեր ապրանքատեսակների հանդեպ եւ մի շարք ոլորտներում պատժամիջոցների կիրառումից հետո թուրքական կողմը փորձեց լուծել էներգետիկ անվտանգության խնդիրը` ակտիվացնելով հարաբերությունները Իսրայելի եւ Քաթարի հետ: Որոշ հաշվարկներով` եթե թուրքական կողմն Իսրայելի հետ հասնի գազային գործարքի իրագործմանը, մեծամասամբ կկարողանա բավարարել սեփական պահանջարկը»:
Թե ռուս-թուրքական հաշտեցումն ինչպես կանդրադառնա սիրիական հակամարտության վրա, Արմեն Պետրոսյանի բնորոշմամբ` Թուրքիան բացառում է Սիրիայի հյուսիսում քրդական ինքնուրույն միավորի ստեղծումը, ռուսական կողմը եւս շահագրգռված չէ դրանով. «Բնականաբար, այս հարցում համընկնում են նաեւ ՌԴ-ի եւ Սիրիայի իշխանությունների շահերը: Թուրքիայի եւ Սիրիայի դիրքորոշումները եւս քրդերի հարցում մոտ են: Կարծում եմ` Թուրքիան չի կարող դեմ լինել Սիրիայի առափնյա շրջաններում ՌԴ-ի ներկայությանը, ՌԴ-ն էլ կարող է կողմ լինել Սիրիայի որոշ հյուսիսային շրջաններում Թուրքիայի ազդեցությանը: Սրանք դիրքորոշումներ են, որոնք հետագայում կարող են նպաստել սիրիական հակամարտության կարգավորմանը»:
Կարդացեք նաև
Արաբագետի խոսքով` ռուս-թուրքական հաշտեցման գործընթացով նաեւ նվազում է Ադրբեջանի գործոնը. «Երբ սրված էին ռուս-թուրքական հարաբերությունները, երկու երկրների համար ազդեցության գոտի համարվող տարածքներում տեսնում էինք որոշակի լարվածություն, մասնավորապես` ՌԴ-ն կենտրոնացած էր Սիրիայի հյուսիսի վրա: ՌԴ-ն փորձում է ուժեղացնել ազդեցությունն Ադրբեջանի վրա` փորձելով նրան դուրս բերել Թուրքիայի հետ գործակցությունից կամ հովանավորությունից: Այսինքն, այս գործընթացով Ադրբեջանի նշանակությունը թուլանում է` որպես երկու երկրների միջեւ քաղաքական դիմակայության տարածք»:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ