«Ստամբուլում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատու է նշվում «Իսլամական պետություն» խմբավորումը, մինչդեռ վերջինս չի ստանձնել նշյալ ահաբեկչության պատասխանատվությունը»,-նկատում է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Հուլիսի 1-ին «Արմենպրես»-ում նա լրագրողներին ասաց, որ ԻՊ-ն, առհասարակ, իր իրականացրած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնում է մի քանի ժամվա ընթացքում, մինչդեռ Թուրքիայի պարագայում միայն այս տարվա մարտին գրանցված ահաբեկչության պատասխանատվությունն է ստանձնել:
«Ստամբուլի ահաբեկչության ձեռագիրն «Իսլամական պետությանն» է, բայց չեմ բացառում, որ այս ահաբեկչական գործողությունը ձեռնտու էր նաեւ թուրքական կողմին, որովհետեւ այն մեղմեց աղմուկը, որը կարող էր ընթանալ գործող իշխանությունների դեմ` կապված Թուրքիա-Իսրայել եւ Թուրքիա-Ռուսաստան հաշտեցման գործարքների հետ»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Արաբագետը նաեւ նշեց, որ ԻՊ-ին մեղադրելով` թուրքական իշխանությունները սիրիական գործընթացում փոխելու են իրենց հետագա գործելաոճը. «Նախորդ հինգ տարիները ցույց տվեցին` սիրիական գործընթացի հետ կապված թուրքական քաղաքականությունը տապալվել է: Մեղադրանքը Թուրքիայի կողմից կարող է օգտագործվել` ԻՊ-ի դեմ առավել թիրախային գործողությունների համատեքստում: Եթե հաշվի առնենք դեռեւս չճշտված տեղեկությունները, թե Թուրքիայի իշխանությունների եւ սիրիական վարչակարգի միջեւ գաղտնի բանակցություններ են սկսվել, սիրիական հակամարտության շրջանակներում ականատես ենք լինելու Թուրքիայի քաղաքականության գուցե շրջադարձային փոփոխությունների: Չեմ բացառում, որ այս ուղղությամբ ՌԴ-ի հետ գործակցություն լինի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ