Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դուսյա Հարությունյանը կանգնել է սեղանին, մինչեւ փրկարարներն ու Արթիկի քաղաքապետը եկել են (Տեսանյութ)

Հուլիս 01,2016 17:05

«Թե 70 երեխային ինչպես ենք տարհանել` Աստված գիտի, հեղեղի ձայնն այնքան ուժեղ էր, որ չէինք կարողանում փրկարարներին զանգել-խոսել, դրա ժամանակն էլ չկար: Արագ հոսանքը ռուբիլնիկից անջատեցինք ու երեխաներին դուրս բերեցինք»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Արթիկի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակչուհին:

Այսօր նա, հեղեղից տուժած մի քանի արթիկցիներ, Արթիկի քաղաքապետ  Արսեն Աբրահամյանը եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը հյուրընկալվել էին «Դիալոգ» ,մամուլի ակումբում: Բնակիչները դժգոհում էին կառավարության տրամադրած գումարի չափից, պարոն Աբրահամյանն էլ պնդում էր, որ գումարը նախատեսվել է առաջնահերթ տները բարեկարգելու նպատակով:

3Ջրհեղեղից փրկված Դուսյա Հարությունյանի խոսքերով, երբ սելավը սկսվել է լցվել իր տուն, միայն հասցրել է կանգնել սեղանին, որպեսզի իրեն չքշի տանի: Այնքան է սեղանին կանգնած մնացել մինչեւ որ փրկարարներն ու Արթիկի քաղաքապետը եկել են նրան փրկելու:

Սելավը ավերել է նաեւ Արթիկի բնակիչ Լյովա Մոռոյանի տունը. կահույքը տիղմի մեջ կորել է, տան պատերը, հատակն ամբողջությամբ հողով ու աղբով պատվել: Լյովա Մոռոյանին կառավարության տրամադրած գումարից 1 միլիոն 950 հազար է բաժին հասել, սակայն սելավից տուժած բնակիչը պնդում է, որ այդ գումարով ոչ տունը կբարեկարգի, ոչ էլ` վնասված կահույքը խելքի կբերի կամ` նորը կգնի:

1«Ես ի՞նչ անեմ էդ գումարով: Էս հասակիս մարդ, ինֆարկտ տարած, տանիքում եմ գիշերում երկու թոռ պետք է բանակ ճանապարհեմ, ես էս տնից ո՞նց ճանապարհեմ»,-Արթիկի քաղաքապետին ու վարչապետին հարցնում էր Լյովա Մոռոյանը: Նրա խոսքերով, դեպքի վայր մեկնած վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ուսին թփթփացնելով` ասել է` մի մտածի քեզ տուն կտանք:

Մանրամասները` տեսանյութում

Ի պատասխան, Արսեն Աբրահամյանն ասաց, որ նախատեսված է, որ տուն կտրամադրեն այն բնակիչներին, որոնց բնակարանները մասնագիտական եզրակացությամբ կճանաչվեն սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր ու չապրելու ենթակա, սակայն դեպքի առիթով կազմված հանձնաժողովը սելավից տուժած որեւէ մի արթիկցու տունը չի ճանաչել վթարային:

Բոլոր տուժածների տները մաքրման եւ բարեկարգման կարիք ունեն: Ներկայումս արթիկցի տուժածների բնակարաններում մի խումբ կամավորներ մաքրման աշխատանքներ են իրականացնում:


Հիշեցնենք, որ Արթիկի Պռոշյան փողոցի Անկախության նրբանցքում հունիսի 24-ին տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառով սելավատարը դուրս էր եկել հունից` լցվելով արթիկցիների տները, քշել-տարել անասուններին ու գույքը:

Արտավազդ Կարախանյանի ողջ անասնաֆերման ջրհեղեղի բաժին է դարձել: Նրա խոսքերով, մասնագիտական հանձնաժողովը սակայն մի քանի կենդանիների դիերն է հաշվել եւ, ըստ այդմ, գումար հատկացրել:

Ի պատասխան, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանն ասաց, որ կառավարությունը ոչ թե փոխհատուցում է, այլ` աջակցում, այդ պատճառով էլ գումարները չեն կարող համարժեք լինել կորուստներին: Սակայն նա կարծում է, որ այդ գումարով տուժած արթիկցիները կարող են առաջնահերթ կարգի բերել իրենց բնակարանները:

Նշենք, որ երեկ կառավարությունը մոտ 42 միլիոն դրամ հատկացրեց Արթիկի սելավից տուժած բնակիչներին ու մանկապարտեզին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031