ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ բռնությամբ ու հատուկ միջոցների կիրառմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ փաստաբանները նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի հունիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ. Դ.-ի առողջական վիճակը վատանալու կապակցությամբ խցակիցները հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից խնդրել են բժշկական օգնություն: Սկզբում նրանց խնդրանքը բավարարվել է, իսկ երբ կալանավորները երկրորդ անգամ են նույն խնդրով դիմել, հիմնարկի աշխատակիցները հրաժարվել են բժշկական օգնություն տրամադրել, հայհոյել են կալանավորներին, նրանց տեղափոխել են այլ խուց և հատուկ միջոցների գործադրմամբ բռնություն են կիրառել Մ. Դ.-ի և Կ. Ս.-ի նկատմամբ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից բռնությամբ և հատուկ միջոցների կիրառմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն