Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տղայիս մի բան պատահի, իմացեք, որ իրենց ձեռքով է տղաս մահացել». Կալանավորի մոր բողոքը

Հուլիս 01,2016 16:31

Այսօր Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները ահազանգեցին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավոր, հաշմանդամություն ունեցող եւ սայլակով տեղաշարժվող Հրաչյա Գեւորգյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք են դրսեւորում, պետքարան չեն տանում, հաց չեն տալիս:

Հրաչյա Գեւորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, լրագրողների հետ զրույցում պատմեց. «Տղայիս ձեռքից վերցրել են հեռախոսը, ամբողջ օրն այնտեղ էի, խնդրում եմ, ասում եմ, էդ հեռախոսը մահացած տղայիս հեռախոսն է, հիշատակ է, տվեք, ինչ արեցի՝ չտվեցին: Ասում է՝ պետք է հանձնենք համապատասխան մարմիններին, ստուգեն: Ասում եմ՝ հիվանդ կին եմ, չեմ կարող սպասել, ստուգեք, տվեք՝ չտվեցին»:

Մայրն ասաց, որ որդուն վերջին անգամ դատարանում է տեսել. «Տեսակցություն չեն տալիս: Ես թոշակառու կին եմ, թոշակս հենց ստանում եմ՝ պերեդաչի եմ տանում, ուզում եմ տղուս տեսնեմ՝ չթողեցին: Դատարանում եմ նրան տեսել՝ ցնցումների մեջ էր, շատ վատ վիճակում: Ուզում են էնպես անեն, որ Հրաչս մահանա: Կեղծ դատապարտեցին, փաստերը չէին բավարարում, վկաները սուտ տուժողի հորեղբայրն էր, բարեկամն էր: Փաստերը չէին բավարարում, Հրաչյային սրսկեցին՝ ընկավ կոմայի մեջ: 12 օր կոմայի մեջ է եղել հիվանդանոցում: Ինձ չէին թողնում, որ տղայիս տեսնեի: Գնացի բաժնի վարիչի մոտ, խնդրեցի, ասեցի՝ պարոն Ղազարյան, ես Հրաչյայից բացի էս աշխարհում ոչ ոք չունեմ, խնդրում եմ, թողեք գոնե տեսնեմ: Ասեց՝ մայրիկ ջան, խոսք եմ տալիս, ընդունելության ժամին կգաք, թույլ կտամ: Թույլատրեցին, գնացի տեսա՝ Հրաչյան շատ վատ, անգիտակից ընկել է, սիստեմաների, ապարատների տակ է: Ձայն եմ տալիս՝ Հրա՜չ, Հրա՜չ, ոչ մի բան: 12 օր ես հիվանդանոցի միջանցքներում եմ մնացել, որ աչքերը բացի, գոնե տեսնեմ»:

Մայրը պնդում է, որ որդին ձերբակալվելիս լրիվ առողջ է եղել, առողջական ոչ մի խնդիր չի ունեցել. «Վարչությունն է նրան տանջում: Ես թոշակառու ծեր կին եմ, 30 հազար թոշակ եմ ստանում, հավաքում եմ մի կերպ, կպցնում եմ, որ իմ հիվանդ որդուն մի բան տանեմ՝ վրայից թալանում են, տանում են, որ սովի մատնեն: Ամեն ինչը գողանում են, ոչինչ չկա մոտը: Մի քանի օր առաջ մեկուսարանում կալանավորները բունտ էին անում սննդի համար: Մի քանի օր առաջ ես  որդուս «մաննի»…բան եմ տարել, որ ճիշտ է, սայլակի մեջ է, կարողանա ջրի մեջ մի բան լցնել ու ուտել: Մի շիշ էլ ձեթ էի տարել, որ ստամոքսը դատարկ չմնա: Քիչ հիվանդություններ կար, հիմա էլ ստամոքսի հիվանդություն է ստացել»:

Իրավապաշտպաններն ասում են, որ Հրաչյա Գեւորգյանը ստամոքսի խոց ունի, որը բանտախցում պայթել է, արյուն է փսխել՝ որեւէ ուշադրություն նրան չեն դարձրել: Մոր խոսքերով՝ «Զանգեցի, որդիս ասեց՝ մամ, ամբողջ տեղաշորս արյուն ա եղել: Վախեցա, ասեցի՝ խփե՞լ են, ասեց՝ չէ, մամ»:

Հրաչյա Գեւորգյանը ինքնաբուժությամբ է զբաղվել, աղաջուր է սարքել ու խմել, որ արյունը կտրվի:

Մայրը աղեկտուր լացում էր. «Իմ մի տղան 43 տարեկանում մահացել է, պատկերացրեք զավակ կորցրած մոր վիճակը: Ես այս աշխարհում ոչ ոք չունեմ: Եթե տղայիս մի բան պատահի, իմացեք, որ իրենց ձեռքով է տղաս մահացել»:

Թե ինչու են ՔԿՀ-ում հետապնդում Հրաչյային եւ այդպես վերաբերվում, իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն ասաց, որ ինչ-որ գործարք են առաջարկել քրեակատարողականում Հրաչյային, նա հրաժարվել է անել, պատժում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գէորգ says:

    Հայաստան, երկիր դրախտավայր: է՜հ Կոմիտաս…

  2. Հասմիկ says:

    Խնդրում եմ ուշադիր եղեք սրբագրեք տեքստը: Մի տեղ գրում եք Հրաչյա Հարությունյան, մեկ այլ տեղ Հրաչյա Գևորգյան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031