Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սկսում է կլոր սեղանների նոր շարք: Առաջին միջոցառումը հուլիսի 1-ին էր՝ «Հայաստանում տեսահսկման տվյալների կիրառումը անձնական կյանքի իրավունքի պաշտպանության համատեքստում» թեմայով:
Քննարկման ընթացքում անկախ փորձագետ Անդրանիկ Մարկոսյանը նկատեց, որ այսօր տեսահսկման համակարգները ամեն քայլափոխին տեղադրված են եւ գեներացնում են տվյալների շատ մեծ քանակ, եւ ենթակա չեն կարգավորման:
«Խնդիրը այսպես է դրված՝ եթե տեսահսկման համակարգեր տեղադրված են, օրինակ՝ ենթադրենք՝ խանութում, ինչը տարածված է, օգտագործում են իրենց տվյալներով, օրենքով պարտավորված են զգուշացնել իրենց հաճախորդին՝ ընտրություն կատարելու համար: Ընդհանրապես ոչ մի օրենքով կամ աշխատանքային կարգով նշված չէ, թե ինչքան պետք է պահվեն այդ նյութերը, նշված չէ, թե ինչպես կարելի է տեղափոխել այն երրորդ անձանց, արդյոք կարող են ծրագրային լուծումներ տալ, որով կարող են հետագայում անհատականացնել անձանց: Նշանակում է՝ այլ նպատակով հավաքում են այդ նյութերը, եւ հինգ տարի հետո լրիվ ուրիշ նպատակով կարող են սկսել դրանք օգտագործել»,- ասաց նա:
Անդրանիկ Մարկոսյանը կարծում է, որ այդպես խախտվում է անձի մասնավոր կյանքի իրավունքը: Ըստ նրա՝ օրենքը պետք է լուծում տա այդ ձայնագրությունների պահպանման, պաշտպանության եւ տարածման խնդիրներին. «Համարում եմ, որ շուտափույթ պետք է մշակվի օրենսդրություն, որով կկարգավորվի, թե ինչպես է պահպանվել տեսահսկման նպատակով կատարվող ձայնագրությունները, ինչպես են տեղափոխվելու»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ