Հանրահայտ ջազ վոկալիստ Շարոն Կլարկը Հայաստանից իր հետ կտանի. Արարատ կոնյակ և ծիրանի օղի: Այսօր «Մեցցո» երաժշտական ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Կլարկը Հայաստանում է հուլիսի 2-ին Ա. Խաչատուրյանի անվան Մեծ համերգասրահում կայանալիք համերգի համար: Այն նվիրված է ԱՄՆ անկախության 240-ամյակին:
Կլարկն ավելացրեց, որ իրեն շատ են դուր եկել նաև հայկական զարդերը, կաշվե ձեռագործ իրերը. «Կտանեմ անպայման ինձ հետ ամենից կարևորը՝ ինֆորմացիա մարդկանց, այս երկրի, Երևանի մասին: Կտանեմ այն մարդկանց համար, որ հնարավոր է երբեք առիթ չունենան լինելու Հայաստանում: Ես կասեմ, որ այս մարդիկ այնպիսին են, ինչպիսին մենք»:
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը ջազն ինքնատիպ ամերիկյան արվեստ է համարում.«Այն սկիզբ առնելով աֆրոամերիկացիների շրջանակում՝ սկզբում երգում էին ստրուկների մասին, հոգևոր երգեր, այնուհետև այն խառնվեց եվրոպական երաժշտության հետ: Ի՞նչն է ինձ ջազում դուր գալիս, երբ դու ջազ ես լսում, քեզ թվում է՝ մարդու հոգին, սիրտը քո առաջ բացվում են, տեսնում, զգում ես մարդու զգացմունքներն ու ապրումները»:
Կարդացեք նաև
Ջազ վոկալիստը հավելեց, որ երեկ եղել է Գեղարդում և շատ հուզիչ է եղել իր համար գիտակցել, որ գտնվում է առաջին քրիստոնեական եկեղեցիներից մեկում. «Հայկական ազգային երաժշտությանը ծանոթացել եմ այստեղ՝մեքենայի մեջ, քաղաքից դուրս գնալու ճանապարհին: Մինչ այստեղ գալը գիտեի, որ նախկին Խորհրդային երկրներից մեկն եմ գնում, ավելի շատ հետաքրքիր էր հասկանալ՝ ինչպիսին է Հայաստանը: Չեմ հասցրել երաժշտական խորն ուսումնասիրություն կատարել: Հետագայում Հայաստան վերադառնալիս ես հայերեն էլ եմ սովորելու»:
Երգչուհու համար ջազը երաժշտության այն ոճն է, որ բոլոր ոճերի հետ կապ ունի. «Ինձ համար չկա մի բան, որ ես չկարողանամ այն ջազի վերածել: Կարող եմ ռոքը, քանթրին կատարել ջազի նման»:
Իր խոսքով այլ երկրների հանդիսատեսը շատ ավելի ուշադիր է քան ԱՄՆ-ում. «Երբ Ռուսաստանում էի, հանդիսատեսը շատ հարգանքով և համակ ուշադրությամբ էր լսում, այնքան ուշադիր, որ ինձ վախեցնում էր նույնիսկ: ԱՄՆ-ում այդպես չէ: Եթե դու շատ մեծ համերգասրահում չես կատարում, հանդիսատեսից հատկապես ջազային համերգների ժամանակ նման ուշադրություն նման, ակնածանքով վերաբերմունք չես սպասի: Նման վերաբերմունքը ջազի նկատմամբ անսովոր ու նորություն էր ինձ համար»:
Համերգացանկում ընդգրկված երգերը ամերիկյան երգերի շարքից են լինելու, կատարելու է նաև հայկական մեկ ստեղծագործություն:
Նշենք, որ նախագծին աջակցել է ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի ջազի ասոցիացիան: Համերգը կայանալու է Հայաստանի Պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Ի դեպ ավելացնենք նաև, որ բանախոսները հրաժարվեցին քաղաքական բնույթի հարցերի պատասխանել:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ