«Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը իր «Քաղաքական մրցաշարի մեկնարկային տվյալները» թեմայով հարցման ընթացքում քաղաքացիներից հետաքրքրվել է նաեւ, թե ովքեր են Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր գործիչները եւ կուսակցությունները:
Հիշեցնենք՝ Հետազոտության ընթացքում կատարվել են դեմ առ դեմ 1106 հարցումներ: Այն իրականացվել է մայիսի 13-24-ը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում:
5 բալանոց համակարգում ամենաբարձր գնահատականները ստացել են Քաղաքացիական պայմանագիր՝ 3.4, Հայ ազգային կոնգրես՝ 3.2 եւ Ժառանգություն՝3.2 կուսակցությունները:
Նշենք, որ այդ ցուցակում նվազագույն միավոր հավաքել է իշխանությունում գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 1.4: Հինգ կուսակցություններ՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Ալյանս եւ Ազատ դեմոկրատներ ստացել են 2.7 գնահատական: Հայաստանի ժողովրդական կուսակցությունը ստացել է 2.6 միավոր, իսկ Օրինաց երկիրը կամ Հայկական վերածնունդ կուսակցությունը՝ 2.2:
Կարդացեք նաև
Քաղաքացիները որպես ընդդիմադիր գործիչ հավասար գնահատական են տվել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին եւ Նիկոլ Փաշինյանին՝ 3.8: Նրանց հաջորդում են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 3.4 միավորով: Ժիրայր Սեֆիլյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը ստացել են 3.2 միավոր: Այս շարքում ամենացածր գնահատականին է արժանացել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2.1:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ