Լրահոս
Օրվա լրահոսը

«Գելափ Ինթերնեյշնլ». Հարցվածների 71.5 տոկոսը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին

Հուլիս 01,2016 14:06

«Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հուլիսի 1-ին «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց հետազոտության արդյունքները:

Հետազոտության ընթացքում կատարվել են դեմ առ դեմ 1106 հարցումներ: Այն իրականացվել է մայիսի 13-24-ը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: Հարցվածների 26 տոկոսը հավանություն է տալիս նախագահի գործունեությանը, 68.3 տոկոսը հավանություն չի տալիս, իսկ 5.7 տոկոսը դժվարանում է պատասխանել: Կառավարության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 17.6 տոկոսը, հավանություն չի տալիս 77.4 տոկոսը, իսկ 5 տոկոսը դժվարանում է պատասխանել: Ազգային ժողովի գործունեությանը հավանություն է տալիս 15.2 տոկոսը, հավանություն չի տալիս 79.6 տոկոսը, 5.2 տոկոսը դժվարանում է պատասխանել:

Քաղաքացիների 84.1 տոկոսի համար սոցիալ-քաղաքական իրադարձությունների մասին տեղեկատվության աղբյուր է հանդիսանում հեռուստատեսությունը, 37.6 տոկոսի համար՝ շրջապատը, 36.8 տոկոսի համար՝ «Ֆեյսբուքը», 13.4 տոկոսի համար՝ լրատվական կայքերը:

Կազմակերպությունը հետաքրքրվել էր նաեւ, թե արդյոք քաղաքացիները մասնակցելո՞ւ են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, 43.5 տոկոսը միանշանակ մասնակցելու է, 28 տոկոսը ավելի շուտ մասնակցելու է, 8.1 տոկոսը ավելի շուտ չի մասնակցելու, 12.3 տոկոսը միանշանակ չի մասնակցելու, իսկ 8 տոկոսը դժվարացել է պատասխանել: Այսպիսով՝ ըստ հարցման, 71.5 տոկոսը մասնակցելու է ընտրություններին:

Հետաքրքրվել են նաեւ, եթե ընտրությունները լինեն մոտակա կիրակի օրը, ապա ո՞ր քաղաքական կուսակցությանը կտային իր ձայնը, 32.5 տոկոսը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել, 41 տոկոսը պատասխանել է ոչ մեկին: Քաղաքացիների 9 տոկոսը իր ձայնը կտար Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, 8.3 տոկոսը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, իսկ 3.2 տոկոսը Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031