Հունիսի 30-ին Եվրոպական լիգայի նախընտրական մրցույթի շրջանակներում
Գորիում տեղի է ունեցել «Շիրակ» (Հայաստան) և «Դիլա» (Վրաստան) ֆուտբոլային
խաղը: Խաղն ավարտվել է 1:0 վրացական հավաքականի հաղթանակով:
Հաստատված տեղեկության համաձայն՝ ֆուտբոլային խաղի ավարտին տեղի է ունեցել տհաճ դեպք: Մի քանի տասնյակ վրացի երկրպագու, հիմնականում դպրոցահասակ, հարձակում են գործել Գորի ժամանած, հայ երկրպագուներ տեղափոխող միկրոավտոբուսների վրա:
«Լարվածությունը սկսվել էր դեռևս մարզադաշտից ոչ հեռու գտնվող սրճարանում:
Հայ երկրպագուները պատրաստվում էին մեկնելուն, երբ մոտեցան մի խումբ
երիտասարդներ և փորձեցին ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ: Բռնվեց
վիճաբանություն, բայց ամեն ինչ արագ ավարտվեց: Դրանից հետո վրացի
երկրպագուները, հիմնականում դպրոցահասակ, քարեր շպրտեցին մեր ավտոբուսի
վրա, երբ այն դուրս էր գալիս Գորիից: Մենք դուրս եկանք ավտոբուսից, սկսվեց
կռիվը, բայց շուտով եկավ ոստիկանությունը, և հարձակվողները այս ու այն կողմ
փախան: Մի քանի հայ երկրպագուների տարան ոստիկանական բաժանմունք
ցուցմունքներ տալու համար…
Ինչպես մեզ հայտնի է ձերբակալված է հարձակվողներից մեկը: Մինչդեռ, նորից ոչ
պաշտոնապես, մեզ ասացին, որ չեն կարողացել գտնել այն անձանց, ովքեր քարեր
էին նետել միկրոավտոբուսի վրա և կոտրել ապակիները…», -ասում է
իրադարձության ականատեսներից մեկը:
Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը դեռևս պաշտոնապես որևէ կերպ չի
մեկնաբանել տվյալ իրավիճակը:
Դեպքի արդյունքում տուժածներ չկան ո´չ վրացական կողմից, ո´չ հայկական: