Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամ կալանավորին ձեռ ու ոտ են արել, շպրտել գետնին ու ասել՝ ամեն անգամ երբ բողոքես՝ սենց ա լինելու». իրավապաշտպան

Հուլիս 01,2016 12:56

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խոշտանգում եւ չհնազանդվող կալանավորների նկատմամբ ճնշումներ են գործադրում: Այսօր Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները հրավիրած ասուլիսում ահազանգեցին՝ կալանավոր Հրաչյա Գեւորգյանի կյանքին վտանգ է սպառնում:

Ներկայումս Հրաչյա Գեւորգյանի գործը Վերաքննիչ դատարանում է: Նա ձերբակալվել է 2011-ին: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքերով՝ երբ ձերբակալվել է, նա նորմալ, առողջ տղամարդ է եղել, հիմա զառամյալ ծերունի է. «Դատարան եկեք տեսեք, իրեն ապրանքի նման բերում դնում են ու գնում»:

Նինա Կարապետյանցը պատմեց, որ Հրաչյա Գեւորգյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Երբ բարձրաձայնում է այդ մասին, նրա նկատմամբ քրեակատարողականում սկսում են ճնշումներ կիրառել. «Դատապարտյալների հիվանդանոցում, Հրաչյայի պատմելով, այնպիսի դեղ են իրեն ներարկել, որ կոմայի մեջ է ընկել, կորցրել կուլ տալու, խոսելու, քայլելու ունակությունը: Նրան հետո տեղափոխել են նորից Նուբարաշեն եւ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ: Կալանավորները նրա կողքից հեռացվում են, որոնք օգնում էին գոնե պետքարան գնալ: Մարդը ժամերով խնդրում է, որ իրեն տանեն պետքարան, պատկերացնո՞ւմ եք: Մարդու վիճակը օր օրի վատանում է, չեն տանում դատապարտյալների հիվանդանոց: Որովայնի շրջանում սուր ցավ է զգում, արյուն է փսխում, չի կարողանում մեկին գտնի քրեակատարողական հիմնարկում, որ բացատրի՝ ինքը արյուն է փսխում: Թունավորման փաստով գործ է հարուցվել, իբր փորձանմուշ են վերցրել, բայց Հրաչյան պնդում է, որ իրենից որեւէ փորձանմուշ չեն վերցրել: 4 օր մարդը արյուն է փսխել, անգամ բուժակը դուռը չի բացել, որ իմանա ինչ է իր հետ»:

Իրավապաշտպանները պատմեցին, որ ավելի ուշ պարզվում է, որ Հրաչյա Գեւորգյանն ունի բաց խոց, ունի բրոնխիալ ասթմա, Հեպատիտ С, պարկինսոնի հիվանդություն, որն արդեն բավարար է՝ նրան կալանավայրում չպահելու համար: Երբ ասոցիացիան բարձրաձայնում է Հրաչյայի խնդիրների մասին, իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի բիրտ մեթոդներ են կիրառվում իր նկատմամբ. «Հաշմանդամ՝ սայլակով տեղաշարժվող մարդուն ձեռ ու ոտ են արել, շպրտել գետնին ու ասել՝ ամեն անգամ երբ քո անունից հրապարակում տարածվի, բողոքես՝ քո հետ սենց ա լինելու»:

IMG_6558Նինա Կարապետյանցն ասաց, որ բազմաթիվ անգամ դիմել են արդարադատության նախարարություն, որեւէ նորմալ, համարժեք արձագանք չեն կարողանում ստանալ: Ժամանակին արձագանքել է օմբուդսմենը միայն: Արման Վեզիրյանի խոսքերով՝ երբ մենք փորձում ենք մի հոդված տպագրել, որ խնդիրներ ունի, անմիջապես մեր ֆեյսբուքյան էջում պատասխան է գալիս, որ նա ստուգվել է այսինչ հիվանդանոցում եւ խնդիրներ չունի (տես լուսանկարում):

IMG_6565

Իրավապաշտպաններն ահազանգում են՝ 2015-ին ընդամենը 1 տարվա ընթացքում 25 դատապարտյալ է մահացել՝ առողջական խնդիրների պատճառով: Դա ահռելի մեծ թիվ է. «Երբ հիվանդություններով մարդկանց ցանկի հետ կապված ասում ենք, ասում են՝ սիմուլյացիա է անում, պարկինսոնի հիվանդությամբ սիմուլյացիա անել հնարավոր չէ: Հեպատիտ С-ով հնարավոր չէ սիմուլյացիա:

Հրաչյա Գեւորգյանի հետ կապված նախարարությունից պարզել են, որ ոչ թե խոց է նա ունեցել, որ արյուն է փսխել, այլ՝ ուղղակի գաստրիտ ունի: Արման Վեզիրյանը հրապարակեց բժշկի ցուցումը, թե ինչ սննդակարգ է ցուցված այդ հիվանդության դեպքում, ինչպես պիտի հետեւի, արգելված բաներ չուտի: Մինչդեռ քրեակատարողականում ի՞նչ սննդակարգի մասին է խոսքը:

IMG_6560Նինա Կարապետյանցը պատմեց, որ Հրաչյա Գեւորգյանին սկի հաց չեն տալիս ուտելու. «Հաշմանդամ մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունք են դրսեւորում, սոված է մնում, հաց տվել են գիշերվա ժամը 11-ին»:

Արման Վեզիրյանը հայտարարեց՝ եթե մահանա Հրաչյա Գեւորգյանը, մարդասպանները լինելու են Օսիկյան Արթուրը, արդարադատության նախարարությունը, քրեակատարողականի աշխատակազմը:

Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանը նախկինում դատապարտված է եղել: Արթիկ ՔԿՀ-ում մի կնոջ հետ է ծանոթացել: ՔԿՀ-ից դուրս գալուց հետո իրար հետ են ապրել, բայց պարզվում է՝ Հրաչյային մեղադրանք է առաջադրվում այդ կնոջը բռնաբարելու, անառակաբարո գործողություններ անելու, դրամաշորթության եւ այլ հոդվածներով: Բռնաբարության մասով նա արդարացվել է, բայց դատապարտվել 9 տարի ազատազրկման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031