ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այս մասին հաղորդում է Trend լրատվական գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերվող մի շարք հարցեր և արձանագրել, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից հետո նոր լիցք է հաղորդվել բանակցային գործընթացին։
Նախագահ Ալիևի և պետքարտուղար Քերիի հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև բանակցային հետագա գործընթացին վերաբերվող հարցեր։ Կողմերը գոհունակություն են հայտնել նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների բարեհաջող զարգացման ընթացքից, ինչպես նաև քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերվող տարբեր հարցեր։
Հիշեցնենք նաև, որ Ջոն Քերիի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր կայացել նաև նրա և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև։