Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համոզմամբ, Պուտինին ուղղված էրդողանի նամակում կան մտքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցություն ունեցել են Պուտինի ներողամտության վրա:
«Էրդողանի նամակն այնպիսի տարրեր չի պարունակում, որ պատասխանի արժանանա», նամակին ի պատասխան ասել էր Պուտինի խոսնակ Պեսկովը: Թվում էր, թե որեւէ տեղաշարժ չպետք է բերի այդ նամակը ռուս-թուրքական հարաբերություններում, բայց հաջորդ օրը հեռախոսազրույց ունեցան նախագահները: Այն 45 րոպե է տեւել, ինչից հետո Պուտինը կարգադրեց վերացնել ՌԴ քաղաքացիների վրա դրված արգելքը՝ Թուրքիա մեկնելու, ու հրահանգ տվեց նախարարներին, որ իրենց թուրք գործընկերների հետ վերականգնեն առեւտրաշրջանառությունը: Մինչ թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանը լիզեց իր թքածը, ստացվում է՝ Պուտինը նույնպես լիզեց իր թքածը: Որովհետեւ նա երեք նախապայման էր դրել՝ պաշտոնական ներողություն Թուրքիայի կողմից, փոխհատուցում վճարել ՌԴ-ին ու պատժել ինքնաթիռի կործանման պատասխանատուներին: Բայց ինչ ստացվեց, Թուրքիան առաջարկեց փոխհատուցում զոհված օդաչուի ընտանիքին ու ընդամենը Պուտինին ասաց՝ ներող եղեք»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց թուրքագետը:
«Էրդողանն ասել էր՝ զոհված ռուս ընտանիքի վիշտը կիսում եմ եւս մեկ անգամ ու ցավակցություն հայտնում, եթե դա նրանց վիշտը կթեթեւացնի, մենք կարող ենք փոխհատուցել, թող ներող լինեն: Գուցե մենք չգիտենք՝ ուրիշ բաներ էլ են նամակում գրվել»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Ինչու Թուրքիայի նախագահը «լիզեց իր թքածը» հարցին ի պատասխան՝ թուրքագետը մեկնաբանեց. «Թուրքիան արեւմտյան իր դաշնակիցների հետ լարված հարաբերությունների մեջ է Սիրիայում ցամաքային գործողությունների պատճառով, եւ ՌԴ հետ մերձեցման շնորհիվ կարողանում էր թեթեւացնել իրավիճակը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ