Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հակաքարոզչությունն իրենց քաղաքական շոուների համար է. ռազմական վերլուծաբան. «Հրապարակ»

Հուլիս 01,2016 10:48

ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգ ձեւավորելու մասին համաձայնագիրը, չնայած հասարակության մի հատվածի սուր քննադատություններին, վավերացվեց ԱԺ-ի կողմից։ Այս փաստաթղթի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է պաշտոնաթող գնդապետ, ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։

– Եթե չլիներ ապրիլյան չորսօրյա պատերազմը եւ ՌԴ-ի կեցվածքը՝ զենքի վաճառք Ադրբեջանին եւ այլն, ի՞նչ եք կարծում, Հայաստանում դարձյա՞լ նման դիմակայություն կլիներ ՀՕՊ-ի նկատմամբ։

– Նախ՝ ճշգրտում, ոչ թե ապրիլյան չորսօրյա պատերազմ, այլ ռազմական գործողություններ, քանի որ պատերազմը չի ավարտվել 1994-ի հրադադարից առայսօր։ Հայ քաղաքական գործիչներն անգամ տերմինների գնահատման մեջ պետք է ճշգրիտ լինեն եւ չասեն չորսօրյա պատերազմ։

Եվ երբ ասում եք դիմակայություն, ես այնքան էլ համաձայն չեմ, քանի որ դիմակայությունն ընդամենը մի քանի պատգամավորի կողմից է ցուցաբերվել, իսկ ժողովրդին, եթե համապատասխան գիտելիքներ չունի կոնկրետ խնդրի վերաբերյալ, շատ հեշտ կարելի է մանիպուլացնել։

Եթե հակառակ փաստարկը չկա, ժողովրդին ճշմարտությունը չի ասվում, ժողովուրդն ասում է՝ այո, մեր ինքնիշխանությունը խլվեց ՀՕՊ-ով, երբ որ ռուսները համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ են ստեղծում, կառավարման համակարգն իրենց մոտ է, հետեւապես, մենք այլեւս պաշտպանված չենք։

Իսկ, ինչ է, 1991-92 թվականից առայսօր Թուրքիան ռազմական ոտնձգություն արե՞լ է։ Նման փորձ եղավ միայն 1993 թվականի սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին, երբ որ մեր սահմանների մոտ բավականին զինուժ էր կենտրոնացրել, եւ միայն ՌԴ-ի միջամտությամբ՝ այդ ժամանակվա Պնախարար Գրաչովի խիստ կեցվածքից հետո Թուրքիան ընկրկեց։

Վերջերս, ի դեպ, քաղաքական գործիչներ են հայտնվել, որոնք ասում են, թե Թուրքիայի ընկրկումը կապված էր ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության խիստ կեցվածքի հետ։ Թուրքիան եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ հարեւան այլ երկրի դեմ ոտնձգություն է պատրաստվում անել, ինչ է, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չգիտեր, հետո՝ իմացավ եւ սաստեց։ Այսինքն՝ զավեշտի հասնող հիմնավորումներ են բերում, ինչը լուրջ չէ։

Իսկ առկա դիմակայությունն ընդամենը քարոզչական դաշտում է, եւ ես, որպես զինվորական եւ սահմանին ծառայած բարձրաստիճան սպա, այդ ամեն ինչը շատ լավ եմ հասկանում։ Այդ հակաքարոզչությունն իրենց քաղաքական շոուների համար է, 2016-ի վերջն է մոտենում, շուտով 2017-ի ընտրություններն են, իրենց կողմնորոշումն արեւմտյան է, հետեւապես, հասկանալի է նման կեցվածքը։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031