Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ծանրորդներն առայժմ մեդալ չեն նվաճում

Հուլիս 01,2016 10:25

Թբիլիսիում ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է մինչեւ 20 տարեկան վեց ծանրորդ:

Մեր հավաքականից առաջինը մրցահարթակ մտել են 77 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանն ու Ժորժ Եղիկյանը: Դավիթը երկամարտում ցույց է տվել 320 (145+175) կիլոգրամ եւ զբաղեցրել ութերորդ տեղը: Ցավոք, մեր երկրորդ ծանրորդը պոկում վարժությունում նույնպես 145 կգ ցույց տալուց հետո հրումում երեք մոտեցումներում անհաջողության մատնվեց:

Երեկ պայքարի մեջ ներգրավվեցին նաեւ 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը, որն ամենայն հավանականությամբ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում կփոխարինի Հռիփսիմե Խուրշուդյանին եւ 94 կգ քաշային Սամվել Գասպարյանը:
Սոնա Պողոսյանը հանդես եկավ իր հնարավորություններից ցածր եւ երկամարտի 205 (93+112) կիլոգրամով բավարարվեց հինգերորդ տեղով:

Ինչ վերաբերում է Սամվել Գասպարյանին, որին անհամեմատ ավելի դժվար մրցակիցներ էին բաժին հասել, նա պոկում վարժությունը ավարտեց չորրորդ արդյունքով (160 կգ): Մեր մարզիկը, ըստ նախնական հայտացուցակի, իրեն ավելի վստահ էր զգում հրում վարժությունում եւ կարող էր պայքարել մեդալների համար, առավել եւս, որ նրա հիմնական մրցակիցներից ուկրաինացի Վլադիմիր Հոզան՝ պոկումում, ռուսաստանցի Ալեքսանդր Կիբանովը՝ հրումում, ձախողվեցին զրո ստանալով: Սամվելն արեց հնարավորը: Սկսելով 193 կիլոգրամից՝ նա երկրորդ մոտեցումով սանձեց նաեւ 199 կիլոգրամ ծանրաձողը: Սակայն վերջին մոտեցման ժամանակ 202 կիլոգրամը չենթարկվեց նրա կամքին: Երկամարտում մեդալից զրկվելու հարցում մեր ծանրորդին խանգարեցին երկու վարժություններում մեկական անհաջող մոտեցումները, որոնք ամենայն հավանականությամբ մրցափորձի եւ հոգեբանական լարվածության արդյունք էին:

Այսպիսով, պոկում վարժության 160 կգ-ով Սամվելը գրավեց 4-րդ տեղը, հրումի 199-ով՝ 5-րդը եւ երկամարտի 359 կիլոգրամով՝ չորրորդը:

Հայաստանի հավաքականից դեռ ասպարեզ չի մտել ծանր հրետանին՝ +75 կգ քաշային Արփինե Դալալյանը եւ +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031