Չինաստանի Հայկական համայնքը Արցախին օժանդակելու համար դրամահավաք
կազմակերպեց, որի արդյունքում հավաքված գումարը փոխանցվեց Արցախի
կառավարության կողմից հաստատված հաշվեհամարին:
Դրամահավաքն անցկացվեց առցանց եղանակով, որին ակտիվորեն մասնակցեցին
Չինաստանում սովորող հայ ուսանողներն ու համայնքի անդամները:
Չինաստանի Հայկական համայնքն անկախ կազմակերպություն է, որը վերջին
տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական են երկրում
բնակվող հայերին միավորելը, Հեռավոր Արևելքում հայապահպանությանը
նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար կրթաթոշակի
հատկացումը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ
«Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները,
Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ
հետազոտողների և ուսանողների ամենամյա առցանց գիտաժողովը և այլն: