Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության հայտարարությունը. Անթույլատրելի է խոսել հայկական կողմի որևէ զիջման մասին

Հուլիս 01,2016 08:47

Հունիսի 30-ին տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը: Նիստին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացրել է խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Հայտարարություն

Մեկ տարուց ավել է` ինչ իր աշխատանքներն է սկսել ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ն:

Անցած մեկ տարվա ընթացքում մենք առնչվել ենք բազմաթիվ հիմնախնդիրների հետ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, պետական կառավարման համակարգի և այլն:

Հավատարիմ 2015թ. նախընտրական քարոզարշավի սկզբունքներին` ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունն անցած տարվա ընթացքում փորձեց իր հնարավորություններն ի սպաս դնել օրենսդրական դաշտի, օրենսդիր-գործադիր հարաբերությունների, հասարակության հետ մշտական կապի ապահովման, խորհրդարանական դիվանագիտության զարգացման և այլ ուղղություններում տարվող աշխատանքների մեջ:

«Դաշնակցություն» խմբակցության համար որքանով կարևոր էր արտաքին ճակատի վրա տարվող աշխատանքները, անվտանգության հիմնախնդիրները, նույնքանով էլ ընդգծելի էր ներքին կյանքին առնչվող բոլոր հարցերը:

Կարևոր մի գործընթաց է նաև երկրում՝ Սահմանադրական բարեփոխումների իրականացումը և պառլամենտական համակարգի արմատավորումը, որը, մեր գնահատմամբ, իր ազդեցությունը կունենա և խթան կհանդիսանա Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա:

Սակայն խորհրդարանում գործող «Դաշնակցություն» խմբակցության համար հարցերի հարցը, ինչպես նախկինում, մնում է Ղարաբաղի չհանգուցալուծված հիմնախնդիրը՝ իր բոլոր երևացող ու չերևացող կողմերով:

Վերջին տարիներին բանակցությունների միջոցով Արցախյան հիմնախնդրի լուծումը, Ադրբեջանի հավակնող առավելապաշտական պահանջների պատճառով, անընդհատ ձախողվել է:

Հիմնախնդրով զբաղվող և տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող որոշ երկրներ ու միջազգային ուժեր տարիներ շարունակ իրենց մոտեցումներով կեղծ հավասարության նշան են դրել կողմերի միջև՝ դրանով ոգևորելով Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:

Այդ գործելաոճը տարիների ընթացքում դարձել է իշխող՝ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքն ու մոտեցումները հաշվի առնելու:

Այդ գործելաոճի արդյունքում բանակցությունների նյութ են դարձել սկզբունքներ ու ծնվել փաստաթղթեր, որոնք ամբողջապես անտեսում են Արցախի ժողովրդի իրական ու իրավական իրավունքները:

Հենց այդ ամենի արդյունքն են ապրիլյան իրադարձությունները՝ իրենց բոլոր հետևանքներով:

Ապրիլյան պատերազմական գործողությունների ավարտին և երկու նախագահների Վիեննայի ու Ս. Պետերբուրգի հանդիպումներից հետո, այսօր թե՛ միջազգային, թե՛ հայկական շրջանակներում խոսք է գնում Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների մասին: Տարաբնույթ ու հակասական տեսակետները կողմերի դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ որոշ մտահոգություններ են առաջացնում:

Առ այդ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը մեկ անգամ ևս բարձրացնում է և վերահաստատում, որ՝

– Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ արտաքին ճակատում մեր գործունեության անկյունաքարային հարցերից մեկը: Բանակցությունների առկայությունը չի կարող արգելք համարվել ԼՂՀ Անկախության ճանաչմանը: Ընդհակառակը՝ տարբեր մակարդակի ճանաչման քայլերը կզսպեն Ադրբեջանին և նրան կմղեն կառուցողական կեցվածք դրսևորելու: Ուրեմն հարկ է շարունակել ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը:

Որպես ԼՂՀ անկախության ճանաչման և անվտանգության երաշխիք՝ անհրաժեշտ է, հետամուտ լինել ՀՀ և ԼՂՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը:

Համախմբել համայն հայության ներուժը՝ Արցախյան հիմնախնդիրը ազգային- ազատագրական և ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար:

Բանակցային գործընթացում առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության և 2006թ. ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ:

– Արցախի հարցի լուծման ներկա փուլում ԼՂՀ-ն դարձնել բանակցային գործընթացի լիիրավ մասնակից:

Անթույլատրելի է խոսել հայկական կողմի որևէ զիջման մասին: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կիրառել է իր ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի և ԽՍՀՄ Սահմանադրության հիման վրա:

1991-1994թթ. Ղարաբաղի և Ադրբեջանի միջև մղվող պատերազմում Ադրբեջանը նախահարձակ էր: ԼՂՀ-ն պաշտպանեց անվտանգ ապրելու իր իրավունքը և հաջողեց դրանում: Ադրբեջանը պատասխանատու է պատերազմ սկսելու և դրա բոլոր հետևանքների համար:

Ադրբեջանի կողմից 1994-1995թթ. զինադադարի ռեժիմը խախտելու, չեղյալ համարելու բոլոր ճիգերը պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից:

Միջազգային հանրությունը պետք է հավելյալ ճիգեր գործադրի՝ վերսկսելու Արցախ-Ադրբեջան սահմանի երկայնքով զինադադարի պահպանումը:

Միաժամանակ շեշտում ենք, որ ԼՂՀ անվտանգության երաշխավորը, նախ և առաջ, ԼՂՀ Պաշտպանության բանակն է ու հայ զինվորը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031