1992-1996թթ. ԼՂ կարգավորմամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի համոզմամբ` դա կողմերից մեկի դեպքում պաշտոնապես ստանձնած պարտավորությունները չիրագործելն է:
– Պարոն Կազիմիրով, նախ` ինչպե՞ս եք գնահատում Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած եռակողմ բանակցությունները:
– Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների բանակցությունների փաստը կարելի է միայն ողջունել եւ հույս հայտնել, որ նման հանդիպումները այսուհետ եւս տեղի կունենան: Բայց բանակցությունների արդյունքներին գնահատական տալու համար չարժե շտապել: Որքան էլ գրավիչ լինեն նախագահների հայտարարությունները, գնահատել պետք է գործով` ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվե՞ն: Ղարաբաղյան կարգավորման ներկայիս պատուհասը պայմանավորվածությունները, իսկ կողմերից մեկի դեպքում` պաշտոնապես ստանձնած պարտավորությունները չիրագործելն է:
– Պարոն Կազիմիրով, Դուք 1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն էիք, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը։ Հայաստանում Դուք համարվում եք ԼՂ կարգավորման գործընթացի նրբություններին ամենամանրակրկիտ կերպով տիրապետող համանախագահը։ Նախ՝ հետաքրքիր է Ձեր գնահատականը` ինչո՞ւ Ադրբեջանը ագրեսիայի դիմեց ապրիլին, ինչո՞վ եք դա բացատրում:
Կարդացեք նաև
– Ապրիլի սկզբի ռազմական ավանտյուրան, որքան էլ չընդգծվի նախկինի ֆոնին, այն լիովին համապատասխանում է պաշտոնական Բաքվի ընդհանուր մոտեցումներին Ղարաբաղյան կարգավորման հարցում: Պարբերաբար լարվածության ակտիվացումն ու պահպանումը նրանց կողմից իրականացվում էր նաեւ նախկինում: Նրանց հիմնական դիրքորոշումն է` «օկուպանտներին հանգիստ չթողնել»: Դրան են ենթարկվում Բաքվի գործողությունները` սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հռետորաբանությունը, պարբերաբար միջադեպերը, հայատյացությունը եւ այլն: Նպատակներն ինչպես ներքաղաքական են, այնպես էլ արտաքին քաղաքական: Սեփական քաղաքացիներին պետք է համոզել նրանում, որ Ադրբեջանի Հանրապետությունը չի հաշտվում պատերազմի արդյունքների հետ: Իսկ արտաքին քաղաքականությունում դա ճնշման միջոց է ոչ միայն հայերի, այլեւ միջնորդների, ԵԱՀԿ-ի եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության նկատմամբ:
– Ապրիլյան քառօրյա պատերազմը մի շարք հարցեր առաջացրեց, մասնավորապես քննարկվում էր հարցը, թե ինչո՞ւ 1994թ., երբ հայկական կողմը ռազմաճակատում եւ դիվանագիտական ճակատում հաղթանակներ արձանագրեց, չստիպեց Ադրբեջանին խաղաղության համաձայնագիր ստորագրել: Եղե՞լ են այն ժամանակ նման փորձեր, ինչո՞ւ չստորագրվեց խաղաղության համաձայնագիր` 1994թ. մայիսին զինադադարի կնքումից հետո:
– 1994թ. գարնանը բացառիկ հնարավորություն ստեղծվեց հակամարտության կողմերին բերելու հրադադարի ու ռազմական գործողությունների դադարի: Իսկ դա մեզ համար առաջնահերթ խնդիր էր: Այդ հնարավորությունը բաց թողնելը հանուն այլ խնդիրների ուսումնասիրության եւ նույնիսկ մշակման` կնշանակեր երկու ժողովուրդների ողբերգությունների շարունակություն: Եվ դեռ հայտնի չէ, թե երբ հնարավոր կլիներ կրկին հրադադարի հասնել:
– Մեզ մոտ հիմա շատ է խոսվում այն մասին, որ Մադրիդյան սկզբունքներով այլեւս առաջ ընթանալ հնարավոր չէ: Պաշտոնական Բաքուն պարբերաբար խոսում է «Լավրովի պլանի» մասին: Ապրիլին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի` Երեւան այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց, որ Ս. Լավրովը երբեք որեւէ տեղ դատարկաձեռն չի գնում: Ռուսաստանը ունի՞ առանձին գաղափարներ, առաջարկներ:
– Ղարաբաղյան կարգավորման բոլոր փուլերում Ռուսաստանն ունեցել է համապատասխան առաջարկներ եւ գաղափարներ, որոնք ոչ միանգամից, բայց, որպես կանոն, ի վերջո ընդունվել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Բայց ինչ-որ ամբողջական ծրագրի մասին ինձ հայտնի չէ:
– Մարտի 31-ին, երբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում էին, Զախարովան հայտարարեց, թե ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համատեղ աշխատում են ԼՂ խնդրի կարգավորման համար, սակայն «չի կարելի ասել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի գոյություն ունեցող մոտեցումները բոլոր հարցերում նույնական են կամ համընկնում են»: Ձեր տպավորությամբ՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում կա՞ն տարբեր մոտեցումներ, տարաձայնություններ:
– Ղարաբաղյան կարգավորման գործընթացում 90-ական թվականների սկզբներին քիչ չէին տարաձայնությունները Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, բայց հիմա դրանք ավելի քիչ են, քան այլ միջազգային խնդիրներում: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի եռանախագահության բավական համակարգված գործունեությունը ուրախալի է:
– Պաշտոնական Բաքուն տեւական ժամանակ խուսափեց ընդունել սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառման գաղափարը: Ադրբեջանի իշխանությունները, կարծես, չեն կողմնորոշվել նաեւ ԵԱՀԿ գործող անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդլայնման` համանախագահների առաջարկի հետ կապված, այս հարցով էլ հակասական հայտարարություններ են հնչում Բաքվից: Մինչդեռ Հայաստանն ընդունել է այս գաղափարները: Նման իրավիճակում Ադրբեջանի պահվածքն ակնհայտորեն ցույց է տալիս, թե ով է շփման գծում լարվածություն ստեղծողը: Ինչո՞ւ միջազգային հանրությունը հասցեական քննադատություն չի հնչեցնում պաշտոնական Բաքվի նկատմամբ, չէ՞ որ սա Ալիեւին կրկին ագրեսիայի դիմելու համար քարտ-բլանշ է տալիս:
– Բոլորը հիշում են, թե ինչպես էր պաշտոնական Բաքուն խանգարում շփման գծի երկայնքով լարվածության նվազմանը (չէր ցանկանում դիպուկահարներին հետ քաշել առաջնագծից, ընդդիմանում էր միջադեպերի հետաքննության իրականացումից, խուսափում էր վստահության ամրապնդման միջոցների ընդունումից եւ այլն): Համանախագահները եւ միջազգային կազմակերպությունները երկար ժամանակ խուսափում էին քննադատել հակամարտության կողմերին կոնկրետ, բայց նման «չեզոքությանը» հավատարիմ մնալը ավելի դժվար է:
– Պարոն Կազիմիրով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բալանսի խախտումը, կարծես, արդեն անվիճելի է, եւ ցավալին այն է, որ դրան նպաստել է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը` տարիներ շարունակ զինելով Ադրբեջանին: Դուք լայնածավալ պատերազմի բռնկումը որքանո՞վ եք հավանական համարում:
– Ղարաբաղի շուրջ լայնածավալ պատերազմի սանձազերծումը միանգամայն անընդունելի է: Բավական է միայն պատկերացնել` Սիրիային, Իրաքին, Աֆղանստանին ավելանա նաեւ պատերազմի եւս մի օջախ, արդեն անմիջապես ակնհայտ կդառնա նման իրավիճակի անթույլատրելիությունը: Հենց դա են Մոսկվայում անընդունելի համարում, որը կարեւոր է: Ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, որը 1992-ից զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ, չի կարող հանդուրժել նման պատերազմ: Նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը 1993-ին իր չորս բանաձեւերի պահանջների անհապաղ կատարման սաբոտաժի փորձ ունի, չի կարող անտարբեր մնալ նման կրկնության դեպքում:
Միջազգային կազմակերպությունների հետ միասին Ռուսաստանը` թե՛ որպես ՀԱՊԿ անդամ, թե՛ որպես այդ տարածաշրջանին մոտ հարեւան, կունենա առավել քան բավարար հիմքեր կոնկրետ գործողությունների համար: Ենթադրում եմ, որ այնտեղ, որտեղ պետք է, դա հստակ հասկանում են:
– Եվ մի այսպիսի հարց, կուզենայի անկեղծ լինեիք, «ոչ դիվանագիտական» պատասխան տայիք` ԼՂ խնդրի կարգավորմանը կողմերը պատրա՞ստ են: Առհասարակ, այս հակամարտությունը լուծում ունի՞: Օրինակ՝ կան մարդիկ, որոնք նշում են` կա՛մ պատերազմ, կա՛մ դեյթոնյան տարբերակ` կողմերին խաղաղության պարտադրանք:
– Օբյեկտիվորեն, Ղարաբաղյան հակամարտությունը, չնայած մի շարք բարդություններին, անկասկած ունի խաղաղ կարգավորում: Ամեն ինչ կախված է նրանից, թե հակամարտության կողմերի ղեկավարներն ունե՞ն բավարար իմաստություն ու քաղաքական կամք: Թվում է, որ նրանցից մեկն արդեն իսկ ձգտում է գահին նստել եւ փոխանցել կարգավորումը հաջորդ սերունդներին:
Ինչ վերաբերում է խաղաղության պարտադրանքին… Ավելի ճիշտ է ասել՝ ոչ թե պարտադրանք, այլ խաղաղության հարկադրանք, այն նույնպես կարելի է ընդունելի համարել, բայց ոչ ուժային մեթոդներով, այլ կողմերի ղեկավարության եւ նրանց հասարակությունների համոզումով` մաքսիմալիստական դիրքորոշումներ պաշտպանելու անելանելիության համատեքստում, որը միայն երկարաձգում է խնդրի լուծումը:
Այժմ սկզբունքային հարցը հետեւյալն է` վերացնել ցանկացած հնարավորություն, առավել եւս փորձ` խնդիրը ուժային ճանապարհով լուծելու վերադարձին: Նոր պատերազմի հնարավորության ամբողջապես բացառումը կբացեր իրական ճանապարհ փոխադարձ զիջումների եւ բարդ, բայց փրկարար փոխզիջումների համար:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 30.06.2016