Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավորման «Երեւանյան սկզբունքները»

Հուլիս 01,2016 15:00

Շատերն են Հայաստանում եւ սփյուռքում խոսում Ղարաբաղի խնդրից: Շատերն են մեկնաբանում գործընթացները, տալիս գնահատականներ: Լրագրողները կփաստեն, որ ես սկզբունքորեն հրաժարվում եմ այս թեմայով խոսելուց`չհամարելով ինձ բանակցային գործընթացին եւ խնդրի կարգավորման բոլոր նրբություններին տիրապետող մարդ: Սա չափազանց նուրբ եւ պատմական նշանակության խնդիր է եւ պահանջում է զգույշ մոտեցում: Բայց կա մի հարց, որին անհրաժեշտ է անդրադառնալ: Մինչ այս կամ այն տեղանվամբ փաստաթղթի զանգվածային քննարկումը՝ պետք է ինքներս հասկանանք, թե որոնք են կարգավորման «Երեւանյան սկզբունքները», եւ ինչ պայմաններում ենք մենք դրանք սկսում քննարկել:

Հայաստանի
անհայտ տեսակետները

Հայաստանում առկա կարծիքների հորձանուտից եթե հանենք «դավաճան» եւ «հայրենասեր» ձեւակերպումները, այլ սահմանումներ փաստացի չկան: Ընդհանրապես, եթե նպատակ կա իսկապես լուրջ քննարկելու Ղարաբաղի եւ Հայաստանի համար կարեւորագույն, պատմական նշանակության խնդիրը, ապա պետք է բացառել դավաճանություն եւ հայրենասիրություն ու նմանատիպ ձեւակերպումները: Նման խնդիրները կարգավորվում են առկա հնարավորությունների, սառը դատողությունների, ռազմական, տնտեսական, մարդկային ռեսուրսների սառը գնահատականի, ճիշտ դիվանագիտության եւ դաշնակիցների գործոնների համադրմամբ: Միայն այսպես: Եվ սա թույլ կտա չընկնել ծայրահեղությունների մեջ. մի կողմից՝ պարտվողական` «ուժեղացող Ադրբեջանի դեմ մենք բան չենք կարող անել», մյուս կողմից՝ «մենք մի քանի օրում կմտնենք Կիրովաբադ ու կռմբակոծենք Բաքուն»: Հիմարությունը սովորաբար ունենում է տարբեր դրսեւորումներ:

Ովքեր եւ ինչպես պետք է ձեւավորեն «Երեւանյան սկզբունքները»: Տրամաբանական է, որ դա պետք է անեն քաղաքական ուժերը: Հայաստանում, առանց բացառության, որեւէ քաղաքական ուժ, որեւէ կուսակցություն չունի կարգավորման իր մոդելը, իր մոտեցումները, իր սկզբունքները: Խոսքը վերաբերում է ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ընդդիմությանը: Սա աբսուրդ է, ունենալ Ղարաբաղի խնդիր եւ չունենալ երկրի քաղաքական համակարգի հստակ մոտեցումներ: Նման բան լինում է պետություն ունենալու ոչ ունակ հասարակության դեպքում: Տեսեք, մենք բոլորս միայն 2016-ին իմացանք, որ Սերժ Սարգսյանը 2011-ին համաձայնություն է տվել Կազանյան փաստաթղթին: Հաջորդ տարի` 2012-ին, ՀՀԿ-ն մասնակցել եւ հաղթել է խորհրդարանական ընտրություններում եւ մեկ բառ անգամ չի ասել, որ իրենք մեկ տարի առաջ համաձայնել են խնդրի կարգավորման այս փաստաթղթին: Լավն է, թե վատը փաստաթուղթը՝ այս պահին կարեւոր չէ:

Բայց փաստ է, որ կա՛մ ՀՀԿ-ն չի իմացել դրա մասին, կա՛մ Ղարաբաղյան խնդիրն այնքան անկարեւոր է եղել խորհրդարանական ընտրություններում, որ հարկ չեն համարել անդրադառնալ դրան: Իմ կարծիքով` երկուսը միաժամանակ: Մյուս առանցքային ուժերը նույնպես չեն կարեւորել հարցը: Իրականում Ղարաբաղի խնդիրը պետք է լիներ բոլոր ընտրությունների թիվ մեկ հարցը, որովհետեւ դա անվտանգության խնդիրն է: Միայն այդպես մենք կհասնեինք «Երեւանյան սկզբունքների» ձեւակերպմանը, եթե կուզեք, ավելի առաջ գնալով` խնդրի կարգավորմանը: Աբսուրդ է անվտանգության խնդիրը երկրորդական դարձնել` դրա փոխարեն քննարկելով հարյուրավոր այլ խնդիրներ: Սա խոսում է առկա քաղաքական էլիտաների, քաղաքական համակարգերի եւ պետական մտածողության անհամատեղելիության մասին: Մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում մենք, ինչ ռեսուրսներով, ինչ ժամկետներում, ինչ սցենարներով: Եթե դու չունես խնդրի կարգավորման քո սցենարը, ապա քո փոխարեն դա կանեն ուրիշները ու քեզ համար կձեւակերպեն, որ դու այլ ռեսուրսներ չունես: Քեզ կմնա միայն դատարկախոսությունը` դավաճան, հայրենասեր, ավելի հայրենասեր, ամենահայրենասեր բաժակաճառերով:

Երբ չկա քաղաքական համակարգ՝ կարեւորվում է անհատական մակարդակը: Այդ` անհատական մակարդակում կան գործիչներ, ովքեր ունեն տեսակետ եւ պարտավոր են դրանք ներկայացնել հրապարակայնորեն: Սերժ Սարգսյան, Բակո Սահակյան, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Սամվել Բաբայան. այս մարդիկ ոչ թե ցանկալի է, այլ պարտավոր են հրապարակայնորեն ներկայացնել իրենց տեսակետը, իրենց մտահոգությունները, իրենց առաջարկությունները, իրենց հաշվարկները, իրենց առարկությունները եւ այլն: Պետք է հասկանանք՝ այս մարդիկ ունե՞ն ընդհանուր կետեր, մոտեցումներ, թե՞ տարաձայնությունները շատ ավելի խորն են: Ի վերջո՝ նրանք տեղյակ են հարցի կարգավորման ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա բանակցային գործընթացի նրբություններին: Այստեղ սեղանին է դրված մեր երկրի, մեր երեխաների ճակատագիրը: Ու ոչ ոք իրավունք չունի դրանք վտանգելու: Երբ ասում են՝ ժողովուրդը կորոշի, կհարցնենք ժողովրդին, հարց է ծագում` ինչի՞ հիման վրա ժողովուրդը որոշի: Քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը զուրկ է ինքնուրույնությունից, քաղաքական մտածողությունից, իսկ անհատները լուռ են: Լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը եւ հեռուստաընկերությունները կառավարվում են մեկ կենտրոնից, հետեւաբար եթերից կարելի է ստանալ ցանկացած պատկեր:

Ի՞նչ հարցնես կիսասոված, պարտքերի տակ խեղդված ժողովրդից: Այդ ո՞ր կարեւոր հարցի ժամանակ ենք հարցրել եւ լսել ժողովրդին: Ընտրությունների՞ ժամանակ ենք լսել, հանրաքվեի՞ ժամանակ ենք լսել, տնտեսության անկմա՞ն ժամանակ ենք լսել, երկրից միլիարդներ դուրս բերելո՞ւց, թե՞ մի այլ դեպքում: Ժողովրդին ո՞վ է ինչ հարցրել: Աշխարհի ոչ մի ժողովրդի հենց այնպես չեն հարցնում նման հարցի լուծման տարբերակներ: Մինչ այդ երկրի ռազմական, քաղաքական էլիտան ունենում է լուծման սցենարներ, որոնք առանձին-առանձին հաշվարկվում եւ հիմնավորվում են ռեսուրսների, ռիսկերի, կանխատեսումների առումով: Իսկ քաղաքական ուժերը ոչ թե ճղճղան պաթետիզմով են խոսում, այլ հիմնավորված: Դրանից հետո են հասարակական տրամադրություններ ձեւավորում: Իսկ երբ եթերներից քաղաքագետները, պատգամավորները, մտավորականները ասում են, թե ապրիլին սխալվեցինք, որ չմտանք Կիրովաբադ, կամ՝ որ Պուտինը չթողեց, ապա զարմանում ես, թե ինչքան քիչ բան է փոխվել մեր մտածողության մեջ այն ժամանակներից, երբ չունեինք պետություն եւ ապավինում էինք խմբապետներին ու եկեղեցուն:

Մենք ապրելու ենք
Հայաստանում

Ոչ մի կասկած չկա, որ Ղարաբաղի խնդիրը, նրա կարգավորման տարբերակներից յուրաքանչյուրը, վճռորոշ նշանակություն է ունենալու հայկական պետականության համար: Կա՞ արդյոք սխալվելու, պատմական սխալի հավանականություն. իհարկե՝ կա: Մենք ունե՞նք սխալվելու իրավունք. իհարկե` ոչ: Մենք ասելով՝ այս պահին նկատի ունեմ հասարակության այն շերտերին, ովքեր մտահոգ են, ովքեր որոշ առումով տեղյակ են զարգացումներից, ովքեր ինքնուրույն մտածում են եւ չեն վախենում դրանից, եւ վերջապես՝ նրանց, ովքեր պատրաստվում են իրենց ընտանիքներով, իրենց երեխաներով ապրել Հայաստանում: Երբ պատմական որոշումների փուլ է գալիս, հասարակության մեջ աննկատ ձեւավորվում են նոր շրջանակներ, եթե կուզեք` նոր հասարակական շերտ: Եվ Հայաստանում նույնպես վերը թվարկած չափանիշներով, վաղ թե ուշ, ձեւավորվելու է նոր շերտ, ընդ որում՝ անկախ քաղաքական եւ այլ համակրանքներից:

Գուցե իմ ասածը այս պահին վերացական թվա, բայց այլ ելք չկա: Մենք չունենք միլիոններ, մենք չենք ուզում լքել մեր երկիրը, մենք համարում ենք, որ Հայաստանում կա զարգացման մեծ ռեսուրս, եւ մենք կարող ենք շատ ավելի լուրջ եւ ժամանակակից պետություն ունենալ: Ինձ ավելի շատ մտահոգում է ոչ թե այն, թե Ղարաբաղյան կարգավորման ինչ տարբերակ է բերվելու, այլ այն, որ հայտնի չէ` ինչպես եւ ինչ լրջությամբ ենք այն քննարկելու: Այսօրվա քաղաքական-հասարակական իրականության մեջ դա ուղղակի հնարավոր չէ: Մեկ վայրկյան չկասկածեք` հեռուստաեթերից մեծ-մեծ խոսողները, ավելի հայրենասերները վտանգի դեպքում անհետանալու են: Եվ շատ լավ կլինի, որ իսկապես իմ նշած՝ առայժմ վիրտուալ հասարակական շերտը շուտ ձեւավորվի: Պարտադիր չէ՝ դա լինի վերջին պահին, ողբերգությունից հինգ րոպե առաջ: Ինչքան շուտ ուրվագծվի այդ շերտը, այնքան մենք մեր երկրի խնդիրները ավելի բաց ու խորքային կքննարկենք, այնքան շուտ կսկսենք փոփոխությունները, այնքան շուտ լուծումներ կգտնենք ու կիրականացնենք բոլոր ոլորտներում:

Չի լինում Ղարաբաղի խնդիր՝ առանձին եւ տնտեսության խնդիր` առանձին, բանակի խնդիր` առանձին եւ արտագաղթի խնդիր` առանձին, երկրում արդարության խնդիր՝ առանձին եւ տգետ պաշտոնյաների խնդիր՝ առանձին եւ այսպես շարունակ: Դրանք բոլորը կապակցված են, մեկը մյուսին պայմանավորող: Ու լուծումներն էլ պետք է կապակցված լինեն:

Տասը ամիս հետո խորհրդարանական ընտրություններն են: Նոր Սահմանադրությամբ երկրի ամենակարեւոր ընտրությունները: Բացառված չէ, որ ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ ես ու նույն կերպ մտածող իմ ընկերները՝ տարբեր կուսակցություններից, պարտվենք ծգլին, դմբուզին, ձուկիկին, սաքուլիկին, գոքորիկին եւ նմաններին, կամ նրանց, ովքեր հինգ տարի պատգամավոր լինելով՝ մի անգամ չեն քվեարկել նյութը կարդալուց հետո, մի անգամ ինքնուրույն տեսակետ չեն ասել: Ու բոլոր քվեարկություններից առաջ հնչող` «բա հիմա ոնց ենք քվեարկում» հարցը պետության հիմքը քանդում է ոչ պակաս, քան կոռուպցիան, թալանը, արտագաղթը եւ այլն: Սրանք լուրջ հարցեր են: Ավելի լուրջ, քան միջազգային ճնշումներն ու նույնիսկ ռազմական բալանսը: Եթե տասը ամիս հետո իշխանությունը վարչական ռեսուրսների, փողի, ռեյտինգային ընտրակարգի եւ մշտաժպիտ կամակատարների միջոցով կարողացավ հաղթել, ձեւավորել նույն տիպի իշխանություն, ապա նրանք իշխանությունից բացի՝ վերցնելու են ողջ պատասխանատվությունը հնարավոր պատմական կորուստների եւ պատմական սխալների: Եթե հաղթի այդ տեսակը, ապա ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը ավելի է բթանալու, իսկ վերնախավերը շարունակելու են ապրել լրիվ այլ հոգսերով:

Հասարակությանը շատ երկար տարիներ վերնախավերն ասել են, որ մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որ պատերազմ չի լինի, քանի դեռ Ադրբեջանը 100 տոկոսով վստահ չէ իր հաղթանակին, որ Ալիեւը պատերազմող ղեկավար չէ, որ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ, Ամերիկան թույլ չի տա պատերազմ եւ այլն: Ըստ էության, այս չորս-հինգ կետերն են եղել մեր խաղաղության դոկտրինը, եւ որոնք, ինչպես պարզվեց ապրիլին, ճիշտ չեն: Իրապես ուժեղանալու, ժամանակակից տնտեսությամբ եւ հասարակական հարաբերություններով ուժեղ պետություն ստեղծելու եւ այդպես խաղաղություն ունենալու փոխարեն՝ մենք գնացել ենք այլ ճանապարհով ու հիմա իսկապես մտնում ենք ծանր փուլ, բայց նույնիսկ սրա գիտակցումը չկա ո՛չ քաղաքական-հասարակական վերնախավում, ո՛չ էլ չափազանց վատ ապրող ժողովրդի մեջ: Սա է ամենավտանգավորը, ու սա է ամենամտահոգիչը:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր,
«Համախմբում» կուսակցություն

 

«Առավոտ»

30.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել