Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է գլխով պատասխանատուն

Հուլիս 01,2016 14:30

Հարկային օրենսգրքի եւ թուրքական ապրանքի ներկրումը խոչընդոտելու պետական քաղաքականության շուրջ ՓՄՁ-ն մեր երկրում սոցիալական լուրջ խնդիր է լուծում՝ զբաղվածություն ապահովելով վարձու աշխատուժի 86%-ի համար, վերջին մի քանի տարիներին ակտիվ հարկ վճարողների մեծ մասը շարունակում են մնալ ՓՄՁ սուբյեկտները՝ 2013-14-ին կազմելով ընդհանուր հարկատուների 90 տոկոսից ավելին, իսկ 2015թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ 70 տոկոսը: Սակայն նույն ՓՄՁ-ները, վերջին երեք տարիների համեմատականով, միջինում ապահովում են ՀՆԱ-ի 33 տոկոսը, նրանց վճարված հարկերը կազմում են ընդհանուր հարկային եկամտի 23-24%-ը: Հարկային եկամուտների առյուծի բաժինը՝ մոտ 76%-ը, ապահովում են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Այս թվերը հարկային դաշտում գործող ՓՄՁ-ների գործունեությունն ուսումնասիրած ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի կողմից օրերս հրապարակված տվյալներն են՝ «ՓՄՁ Հարկային դաշտի վերլուծություն 2013-2015 համեմատական» ուսումնասիրությունների արդյունքները:

«Առավոտի» հետ զրույցում ՎԶԵԲ փորձագետ Հակոբ Ավագյանն ասաց, որ մեր երկրի համար խիստ վտանգավոր է տնտեսական քաղաքական լծակներով այդչափ կախվածություն ունենալ խոշոր բիզնեսից. «Փաստորեն, երբ խոսում ենք երկրի եկամտի 76-80 տոկոս դերակատարություն ունեցող խոշոր բիզնեսի մասին, կարելի է ասել, որ մենք կախված ենք 1-2 հազար խոշոր բիզնեսի ներկայացուցիչների քմահաճույքից: Սա ազգային անվտանգությանը հավասար կարեւոր հարց է, երբ մենք չենք կարողանում ապահովել մեր երկրի եկամուտների դիվերսիֆիկացիան եւ կախվածության մեջ ենք յուրաքանչյուր խոշոր բիզնեսի ներկայացուցչից»: Հաջորդ մտահոգիչ փաստն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ ՓՄՁ-ներն անհամեմատ պասիվ են արտադրության ու ծառայությունների մատուցման ոլորտում: Փոխարենը հայաստանյան բիզնես ոլորտում ՓՄՁ-ների կեսից ավելին գործունեություն է ծավալում առեւտրի ոլորտում: Ըստ փորձագետի՝ այս փաստն առավել ցցուն է դարձնում մեր խոցելիությունը, երբ խոսում ենք թուրքական ապրանքի ներկրումը խոչընդոտելու պետական քաղաքականությունն առաջ մղելու մասին. «Ցավոք, այս պատկերը չի փոխվել վերջին երեք տարիների ընթացքում, մենք այդպես էլ չենք կարողանում խրախուսել մեր տեղական արտադրողին, մեզ մոտ շարունակում են գերակշռող մնալ առեւտրականները»:

Վերլուծության համաձայն` ՓՄՁ-ների գերկենտրոնացման միտումը Երեւանում շարունակում է պահպանվել վերջին 3 տարիների ընթացքում: Փորձագետն այս գերկենտրոնացումը մայրաքաղաքում լուրջ խնդիր է համարոմ տարածքային զարգացման տեսանկյունից։ Առավել լուրջ խնդիր է համարում, որ մարզերում ՓՄՁ-ների ընդամենը 1-2 տոկոսն է գործունեություն ծավալում։ Այս խնդիրներն, ըստ փորձագետի, պայմանավորված չեն միայն հարկային գործոններով: ՓՄՁ-ների չզարգանալու հիմնական պատճառները առնչվում են բիզնես-շահերի պաշտպանության հետ, ֆինանսական ներդրումների ոչ հասանելիության, սպառման շուկայի, օրենսդրական փոփոխությունների եւ այլնի հետ: Այս ամենի խոսուն վկայությունն այն է, որ շուրջ 160 հազար գրանցված տնտեսվարողներից 101 հազարը փաստացի անհատ ձեռնարկատերեր են:

Այսինքն՝ մեր բիզնես-միջավայրը չի գնում երկարաժամկետ բիզնես-ծրագրերի ճանապարհով, որովհետեւ հիմքում կա անվստահություն օրենքի, տնտեսության հանդեպ: Այս ամենի համատեքստում խոսելով Հարկային օրենքի նախագծի ձեւավորման մասին՝ Հակոբ Ավագյանը նաեւ ասաց. «Ինձ համար խիստ մտահոգիչ է այն փաստը, որ ՀՕ-ի նախագծի այն վիճահարույց դրույթների մասին, որ այսօր բարձրաձայնում են հասարակական կառույցները, լռում են այդ դրույթների բացասական ազդեցության դեպքում պատասխանատու պետական մարմինները: Մի պահ դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ անտեսվում են բիզնես-շահերը ներկայացնող կառույցների կարծիքներն ու կոնցեպտուալ առաջարկները, բայց ո՞ւր են սոցապ նախարարության, էկոնոմիկայի եւ գյուղնախարարության կարծիքներն ու անհանգստությունն այս կարեւոր փաստաթղթի վերաբերյալ: Չէ՞ որ աշխատավարձերի եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխության ազդեցության համար պատասխանատու է եւ վաղը պատասխան է տալու ոլորտի լիազոր մարմինը: ՓՄՁ-ի վերաբերյալ մտահոգիչ թվեր ենք այսօր բարձրաձայնում, ո՞ւր են դրա համար պատասխանատու գերատեսչության քայլերը, արդյո՞ք նրանց կողմից հաստատված ռազմավարական ծրագրերի տեսլականները տեղ են գտել այդ փաստաթղթում: Հիշում եմ, 2012թ.-ի նոյեմբերին վարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդում, երբ ներկայացվում էին շրջանառության հարկի մասին օրենքի ներդրման եւ որոշ դրույթների հետ կապված մի շարք քննարկումներ, էկոնոմիկայի այն ժամանակվա փոխնախարար տիկին Կարինե Մինասյանը, մինչ վարչապետի գալը, եւս մեկ անգամ փորձեց համոզվել եւ հարցրեց՝ ճի՞շտ ենք անում: Իմ դրական պատասխանից հետո ասաց` «смотри головой отвечаешь»: Շրջանառության հարկի ներդրումից ընդամենը վեց ամիս անց՝ 2013թ.-ի հուլիսին, փորձագետներս սկսեցինք ուսումնասիրությունները՝ հասկանալու, գնահատելու օրենքի արդյունավետությունը: Ինչպես տեսնում եք՝ արդյունքները դրական են: Հիմա ինձ համար խիստ մտահոգիչ է` ի վերջո ո՞վ է պատասխան տալու նույն շրջհարկի համար նախատեսվող նոր փոփոխության եւ առհասարակ մի շարք խնդիրներով ներկայացված ՀՕ-ի նախագծի համար: Եվ պատասխանատո՞ւ է արդյոք գլխով»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

30.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031