Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեզ պե՞տք է այսպիսի զինվոր կամ՝……կալանավոր

Հուլիս 01,2016 13:30

Զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական գործ է հարուցվել
Արմավիրի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներ Մհեր Մկրտչյանն ու նրա որդին՝ Տիգրանը, երեկ «Առավոտում» էին:

Նրանք եկել էին փաստաթղթերով, պաշտոնական գրություններով, նաեւ՝ Քննչական կոմիտեի քրեական գործերով գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Տ.Հովհաննիսյանի հունիսի 3-ի որոշմամբ:

Քննիչի որոշմամբ 1997թ. ծնված, 8-ամյա կրթությամբ, ոչ մի տեղ չաշխատող, չամուսնացած Տիգրան Մկրտչյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջների համաձայն, Տիգրանը խուսափել է պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2015թ. ամառային եւ ձմեռային զորակոչերից: Քննիչը չի տեսել որեւէ բավարար հիմք, որը ստիպել է երիտասարդին դիմել այդ քայլին:

Տիգրան Մկրտչյանն այս ընտանիքի երրորդ երեխան է. նա ուներ երկու ամուսնացած քույրեր: Հայրն ասում է, որ որդին տառապում է մի շարք հիվանդություններով:
Մեր ողջ խոսակցության ընթացքում Տիգրանը չէր միջամտում, ասես՝ «բացակա» լիներ: Այդ տարիքի երիտասարդին բնորոշ չէր նման պահվածքը, երբեմն տարօրինակ հայացք էր գցում զրուցակիցներիցս «դուրս». հեռու էր հայացքը:
Հայրը կռացավ, որպեսզի հանի տղայի գուլպաները (հողաթափերով էր-Ռ.Մ.)՝ ցույց տալու համար ոտքերի վիճակը. տղան դարձյալ անհաղորդ էր, նույնիսկ փորձ չարեց շարժվել: Իմ զարմացական հարցին, թե ինչո՞ւ գոնե ինքը չի կռանում, ցույց տալու համար ոտքերը, հայրն ասաց՝ ողնաշարի հետ կապված էլ խնդիրներ ունի: Ձեռքիս տակ գտնվող բժիշկների «կցագրման արդյունքներով», նա հետազոտվել է ակնաբույժի, քիթ-կոկորդի, ատամնաբույժի, նյարդաբանի, թերապեւտի, մաշկաբանի մոտ, որոնք մի կերպ ընթեռնելի ձեռագրերով արձանագրել են՝ պիտանի է:
Լուսանկարում պատկերված «կցագրման արդյունքների» մեջ տարբեր է միայն վիրաբույժի արձանագրածը՝ «կարիք ունի բուժման», ողնաշարի հետ կապված ինչ-որ անընթեռնելի բառ էլ է գրել, որը վերծանում եմ՝ «սկոլիոզ»:

ruzzinvor 5-1 ruzzinvor1 5-1
Ըստ առողջական վիճակի հետազոտման ակտի, զորակոչիկը գանգատվել է աջ ականջի լսողության իջեցումից:

«Արմենիա» բուժկենտրոնի մասնագետները ստուգել են լսողությունը եւ հունիսի 3-ին արձանագրել են. «ականջախեցիները դեֆորմացված չեն, լսողական անցուղիներն ազատ են, մաքուր»:

Չնայած այս ամենին, վերջնական ախտորոշվել է՝ «աջակողմյան նեյրոսենսոր ծանրալսություն 1-ին կարգի»:

Գուցե, մտածում եմ, մեր խոսակցությանը չմիջամտելը կապվա՞ծ էր նաեւ լսողության հետ: Կարծում եմ՝ այս նկարագրություններին կպատասխանեն նաեւ մասնագետները, որոնց խոսքը պատրաստ ենք հրապարակել:
Մանավանդ որ, հայրն ասում է՝ որդիս չի խուսափում, բուժեք, նոր բանակ տարեք:
Ի դեպ, այս ընտանիքը տարիներ շարունակ խուսափել է բուժհիմնարկներ դիմել՝ գումար չունենալու պատճառով:

Զորակոչիկի գանգատներից էր եղել նաեւ ոտնաթաթերի ցավերն ու կոշիկի կրման անհարմարավետությունը: Լուսանկարում պատկերված են ոտքերը:
Ըստ բժիշկների, արձանագրվել է. «կրծքավանդակի առաջնային պատի ռախիտիկ դեֆորմացիա, երկկողմանի խորակամար ոտնաթաթեր, քայլքի չափավոր խանգարմամբ»:

Իմ դիտարկմամբ, հողաթափերով երիտասարդը չի կարող կրել զինվորական կոշիկ, նրա ոտքերը ոչ բնական ուռած են, երակները փքուն են, կարմիր, քայլքն էլ ոչ այնքան չափավոր խանգարմամբ է:
Հատուկ հետազոտման արդյունքներով, առկա է «ոտնաթաթերի կամարի մեծացում, ձախից ավելի շատ»:

Ի դեպ, ես հորից՝ Մհեր Մկրտչյանից նախապես խնդրել եմ թույլտվություն բժշկական- անձնական տվյալները հրապարակելու համար: Խնդիրն իսկապես մասնագիտական խոսակցություն ծավալելն է, արդյոք նման ախտորոշմամբ երիտասարդին կարելի՞ է զորակոչել:
Ձմեռային զորակոչի օրերին Տիգրանը թոքաբորբ է տարել, ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել էր Վաղարշապատի հիվանդանոց եւ այդ տեղեկանքը նույնպես մեր տրամադրության տակ է:
Չնայած բրոնխիտի սրացում է արձանագրել հետազոտող բժիշկը, բայց վախեցել են ըստ էության իրենց մոտ տեղ տալ հիվանդին, ուստի նրան տեղափոխել են տուն:
Արմավիրի զինկոմիսարիատի ուղեգրով հիվանդը դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ընդհանուր թերապիայի բաժին՝ ստացիոնար հետազոտման: Ախտորոշվել էր. «Խրոնիկ բրոնխիտ՝ առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման»:

Ստորագրել էր 5 բժիշկ:
Հայրն ասաց, որ քննիչի մոտ էր հազիվ տեղափոխել որդուն, հիմա էլ դժվարությամբ բերել էր խմբագրություն:
Տիգրանը մանկուց ունեցել է նշված խնդիրները: Ըստ Արտաշատ համայնքի ղեկավար Մ. Օհանյանի հունվարի 1-ի գրության, «Տիգրան Մկրտչյանն ունի տարբեր առողջական խնդիրներ եւ ոտքերի ցավերի պատճառով դժվար է տեղաշարժվում, տնից դուրս չի գալիս»:

Մի բան ակնհայտ էր. սոցիալապես անպաշտպան ընտանիքում մեծացած, նյութական խնդիրների պատճառով ֆիզիկապես անառողջ երիտասարդն իրեն չի կարողանում պաշտպանել, ուր մնաց թե՝ մյուսներին:
Այս տղայի պարագայում պետք չէ հոգեբան լինել՝ հասկանալու համար, որ երեխան ունի նաեւ լուրջ հոգեկան թաքնված խնդիրներ: Ցավով պիտի հարցնեմ. իսկ մեզ պե՞տք է այսպիսի զինվոր կամ՝…կալանավոր:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

 

«Առավոտ»

30.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031