Լրահոս
Օրվա լրահոսը

«Ում են պետք ինքնասքանչացման «պոետիկ» ստերը»

Հուլիս 01,2016 13:00

Հարցազրույց գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ Կարինե Աշուղյանի հետ

– Լավ գրականության քո բանաձեւը:

– Գրականության հետ իմ առաջին ծանոթությունից ի վեր՝ երբ մայրս «Իմ առաջին գիրքը» խորագրով հերթական գիրքն էր տուն բերում, ես իմ սրտին դիպած ամեն տող համարել եմ արդեն իմը, հրճվել եմ, ապրել, լցվել դրանցով: Այդպես իմ բոլոր սիրելի հեղինակներին կրում եմ սրտումս՝ առանց իրենց իմացության: Եվ հիմա էլ ցանկացած մեկի գտնված բառ ու պատկեր, արձակի մտահորինվածք, համոզիչ-անկեղծ հրապարակախոսություն նույն հրճվանքով եմ ընկալում: Մտավոր-հուզական՝ ոչնչի հետ չհամեմատվող բերկրանքով: Եթե պետք է անպայման բանաձեւեմ, ապա կասեմ՝ լեզուն եւ ոճը: Գրողը հենց միայն իր լեզուն եւ ոճն է: Շատերը կարող են շատ ու շատ հետաքրքրաշարժ ու գրագետ պատմություններ անել, անունը դնելով արձակ կամ պիես, կարող են նվնվալ՝ անունը դնելով պոեզիա, կարող են նույնիսկ գրականագետների վրա տպավորություն գործել, տարեցտարի եւ օրեցօր արժեզրկված մրցանակների հավաքածու կազմել, գիրք -գրքի հետեւից դնել սեղանին ու թարգմանվել, բայց իրականում բնակվել մերձգրական ահռելի միջանցքներում: Թե ինչու են նման գործերը տարածվում՝ զարմանալի էլ չէ: Հիմա մեր քաղաքական դաշտում էլ լիքը խոտան կա, որ քաղաքական գործչի կարգավիճակ ու համբավ ունի. նրանք լուրջ-լուրջ «քաղաքականություն են անում»: Ճանաչված եւ «վաստակավոր» երգիչներ կան, որոնց օրենքով պետք է արգելել բերանները բաց անել. նրանք «արվեստ են անում»: Գիտնականներ կան, որ «գիտություն են անում»: Գրականությունը չէր կարող բացառություն լինել. «գրականություն անողների» քչություն չկա: Պարզ դրամաշորթությամբ զբաղված լրագրողներ կամ, որ «լրագրություն են անում»: Այլեւս չասած այն մասին, որ բոլոր ոլորտներից ոչ այնքան գեղեցիկ մի առավոտ արթնանում եւ գրոհում են գրականության վրա՝ գրականությունն իբրեւ «անմահության վկայական» ունենալու նպատակով: Սիրելու, սիրո փոխարեն՝ «սեր անելու» նման մի վիճակ…

Ջրերը կհոսեն-կպարզվեն, երեւի: Եվ անկախ ամեն բանից՝ գրականության մաղի վրա կմնան գործերը, որոնք գրվել են հույզի ու ասելիքի առատության պոռթկումից: Եվ ոճով, երբ լեզուն շնչում է: Գրականությունը նման է անտառի, որտեղ ամեն մեկն իր տեղն ունի՝ խոնարհ խոտից մինչեւ անտառի արքա կաղնին: Պայմանով միայն, որ մեջը բուսանյութ լինի՝ այդ նույն ասելիքը եւ գերխիտ հույզը, որ պոռթկում է բառարաններից դուրս պրծած, իրար սիրահարված-փարված, ամեն անգամ ասես նորագյուտ բառերով: Եվ մի բան էլ… այսօր կան գրողներ՝ ինձանից ավագ, իմ սերնդակից եւ բոլորովին նորերի շրջանում, որոնց գրականությունը հենց ասվածս պատճառով կուզեի, որ բոլորը կարդային՝ չնայելով ոչ գովազդված լինել-չլինելուն, ոչ կանխակալ լավ ու վատ կարծիքներին, ոչ ստացած-չստացած մրցանակներին, այլ միայն իրենց փոխանցվող ապրումին, որ գրականության հրաշքն է:

– Գրական շնորհները կնոջ համար արժանի՞ք են, թե՞ գլխացավանք:

– Գրականության եւ կնոջ մասին ինձ հանդիպած անգերազանց բնագիրը ամբողջությամբ կուզեի մեջբերել՝ իբրեւ պատասխան. Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակ»-ը, որն, ի դեպ, 1990թ. թարգմանել եմ ռուսերենից, հիմա անգլերենից արված թարգմանությունն էլ կա: Վուլֆն իր խոհագրությանը պայմանական վերնագիր էլ է դրել՝ «Ինչու կին Շեքսպիր չկա»: Ավելի լավ չեմ կարող ասել… Եվ այնուամենայնիվ, ես սիրում եմ իմ ճակատագիրը՝ Amor fati: Գիտեմ, իհարկե, որ հեշտ եւ շեփորահարվող հաջողության հասնելու՝ այսօր մատչելի ճանապարհներից գերադասեցի խաչմերուկում նստած իմաստուն ծերուկի միակ խորհուրդ չտվածը, որով դեռ գնում եմ, բայց սա է իմ ընտրությունը… Անկեղծ ասած, կդժվարանամ մարդկային սովորական չափանիշներով երջանիկ համարվող գրողների հիշատակել, որովհետեւ երջանկության ավելցուկից չեն գրում, երեւի… Իսկ կին գրողների՝ առավել եւս: Վիճելի է գուցե, բայց այդպես եմ տեսել: Գրելու հրճվանքը ճաշակեցի, երբ կարդում էի Աննա Ֆրանկի «Օրագիրը», ոչ՝ ավելի ճիշտ՝ ամբողջովին ապրում էի Աննայի հետ: Եվ արդեն այն ժամանակվանից աղոտ զգացողություն ունեի, որ բոլոր ժամանակների բոլոր գրողներն իրականում մի հոգի են (գուցե խիստ պայմանականորեն կարելի էր դա կոչել համագրական հոգի՝ փոխառելով Հեգելից), որ ԲԱՌՈՎ ցնծում-արտասվում-զարմանում-հրճվում են՝ կրելով տարբեր անուններ, ապրելով տարբեր իրավիճակներում, տարբեր մարդկանց կողքին, մնալով, սակայն, ուրիշ իրականության մեջ, որ գրականություն է կոչվում:

– Բացի գրականությունը, զբաղվում ես նաեւ թարգմանությամբ եւ հրապարակախոսությամբ, նաեւ արձակ ժողովածու ես հրապարակել՝ «Մի ճամպրուկ ճակատագիր»-ը. հետաքրքիր է՝ ինչպես եւ ինչու է լինում այդ անցումը:

– Փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողներին մեր ժամանակներում բնագրերի մեծ մասը մատչելի էին ռուսերենով, եւ կարծեմ, դրանից հետո դժվար չպետք է լիներ զբաղվել բուն թարգմանությամբ: Դառնալով գրականությանը՝ առանձնապես շատ չեմ թարգմանել՝ Նաթելլա Լալաբեկյանի բանաստեղծությունների «Բազմակետ» ժողովածուն, Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը, երկուսն էլ՝ ռուսերենից, երկուսն էլ աշխատել եմ բարեխղճորեն թարգմանել… Չհաշված, իհարկե, սիրելի Մարինա Ցվետաեւայից եւ Աննա Ախմատովայից արված թարգմանությունները, Նաբոկովից, Բունինից, ինչպես նաեւ ռուսերենից՝ որպես միջնորդ լեզվից, սիրելի հեղինակների թարգմանությունները, ինչպես, օրինակ, Ակուտագավա, Հենրի Միլլեր եւ այլն: Դրանք թարգմանել եմ, որովհետեւ շնչակտուր շտապել եմ, որ թեկուզ միջնորդ լեզվից, բայց հայերեն թարգմանված լինեն… Իսկ հրապարակախոսությունը (եւ լրագրությունը) իմ արձագանքն է հրատապին, օրախնդիրին: Կար ժամանակ, երբ հավատում էի, թե ինչ-որ տեղ ինչ-որ բան է փոխվում դրանով: Բոլոր դեպքերում, դա կողոպտում է գրականությունը. բանաստեղծական ինչքան էներգիա է պարպվել լրագրության մեջ՝ վախենալու-հեկեկալու-ափսոսելու չափ շատ: Պատահում է նաեւ, որ մի ընթացք ինձ հետ քնում-արթնանում եւ գրվում են պատմվածքներ՝ թունդ քաղաքական-երգիծական կամ արձակի համար փոքր-ինչ պարականոն:
Մեն-մի անգամ ֆանտաստիկ գործ էլ գրեցի՝ մի պատմվածք՝ Խնկո-Ապոր գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ՝ գերմանական մի ծրագրով իրագործված մանկապատանեկան ժողովածուի համար …(իրականում տղայիս համահեղինակությամբ, որովհետեւ կարդում-փորձարկում-խորհուրդներն էի լսում):

Բուն ստեղծագործական ընթացքից դուրս՝ նաեւ գրքեր եմ խմբագրում: Շուտով ընթերցողը կծանոթանա նաեւ Մեծ Բրիտանիայում Մոեմի պատվավոր մրցանակի արժանացած Ֆիլիպ Մարսդընի «Հանդիպման վայրը» հրաշալի գրքին, որ արեւմտահայերենից եմ փոխադրել: Մի բան միայն կարող եմ պնդել՝ ուրիշի գործին մոտենալիս էլ՝ որպես իմ գործ եմ շտկում-խմբագրում-թարգմանում: Գիտական-թարգմանական-արձակ՝ բոլոր տեքստերի մեջ, եթե հաջողում եմ, բանաստեղծության ներքին լույսով միայն: Եվ կյանքում էլ՝ երջանիկ եմ միայն այն ակնթարթներին, երբ բանաստեղծությունը մի թաքուն տեղից լույս է տալիս ու իր ցնծություններով ջրցողում…

– Ի՞նչ ավելացրեց փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը քո կյանքում, եւ ինչպե՞ս ընդունվեց այդ փաստը քո ծանոթների շրջանում:

– Գիտական աստիճան ստանալն, իհարկե, ոչինչ չփոխեց իմ կյանքում: Բայց ես մեծ հույս ունեմ, որ գոհ մնացին իմ հեղինակները՝ Վարդան Արեւելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Հովհաննես Ծործորեցին եւ Հովհաննես Քռնեցին: Նրանց մասին այնքան էլ հաճախ եւ այնքան էլ շատ չի գրվել: Մինչդեռ մեծ մտավորականներ են, եւ նրանց Քերականական մեկնությունները՝ ընդհանրապես հայագիտության եւ մասնավորապես հայ փիլիսոփայության պատմության գանձարան են: Գիտեմ, որ այս տարիներին շատերը որպես իրենց «ինտելեկտի» լրացուցիչ գրավական ձեռք բերեցին գիտական կոչումներ: Ավելի հեշտ պիտի լիներ ձեռքերը թափ տալ՝ դե, եթե դա իրենց երջանկացնում է՝ ո՞ւմ են խանգարում: Խանգարում են գիտությանը, խանգարում են նրանց, ում տեղը նեղացնելով՝ իրենք խցկվում են:

«Փիլիսոփայական եւ գեղագիտական միտքը 13 -14-րդ դդ. հայ քերականության մեկնություններում» թեմայով իմ ատենախոսությունը, ի դեպ, մինչեւ պաշտպանության դրվելը նաեւ որպես մենագրություն է լույս տեսել: Ատենախոսությունը գրել-ավարտել էի արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին, իսկ պաշտպանեցի…. երկրորդի նախօրերին. պատերազմից պատերազմ տեւեց: Իհարկե, իրականում երբեք չեմ էլ հեռացել գիտությունից՝ բացի զուտ գիտական հոդվածները, փիլիսոփայական գիտելիքը եւ մտածողությունը իմ տեքստերի մեջ իրենց զգացել են, ինչպես ձուկը ջրում… որովհետեւ չկան ավելի արյունակից-հոգեկից աշխարհներ, քան գրականությունը եւ փիլիսոփայությունը: Ինչպես փիլիսոփայությունն է առանձնաշնորհյալ արվեստների մեջ եւ իրենով սնում է արվեստի մնացած բոլոր տեսակներին, այնպես էլ փիլիսոփայությունը՝ գիտությունների համակարգում: Մի խոսքով, եթե նոր մտնեի կյանք, դարձյալ կփորձեի թակել փիլիսոփայության դուռը: Այսքանն ասացի, որպեսզի պատասխանեի՝ ինձ ու իմ գրին ծանոթ բոլորի համար թեեւ ուշացած, բայց միանգամայն հասկանալի եւ ուրախալի փաստ էր: Իհարկե, կին ու տղամարդ «դեմքեր» կան, որոնց կուզեի հարկադրաբար կարդալ տալ իմ մենագրությունը. բամբասանքի եւ զրպարտության, չհիմնավորված մեծամտության ահա այդպիսի պատիժ եմ մտմտում… Մտքովս անցավ՝ ասեմ. նման մի «պատիժ», եթե իրավասու լինեի, վատ չէր լինի գործադրել նաեւ շատ բարձր իշխանավորների համար: Այ, օրինակ, նրանց հանձնարարել կարդալու պարտադիր գրականության մի ոչ այնքան մեծ ցանկ. առնվազն Թումանյան կարդացալուց հետո մի քիչ կբարձրանային իրենք իրենցից…

– Պարտադի՞ր է, որ գրչի մարդը լինի ակտիվ քաղաքացի, թե՞ ակտիվությունը պետք է լինի զուտ ստեղծագործական:

– Չեմ հավատում նրանց գրին, ովքեր իրենց քաղաքականությունից ու Հայրենիքից դուրս դրած՝ «բարձր գրականություն են արարում»: Ես հավատում եմ այն գրողի գրածին, ով ապրում է՝ ինչպես գրում է, ով ազնիվ, խիզախ ու մեծ է նաեւ կյանքում: Արդի արձակի ամենամեծ երեքը՝ Հրանտ Մաթեւոսյանը, Վանո Սիրադեղյանը եւ Լեւոն Խեչոյանը, իրենց կյանքով ու գրականությամբ, ըստ իս, դրա անվրեպ-անառարկելի ապացույցն են: Նույնը՝ պոեզիայում: Ում են պետք գրքերը, որոնք պոետ երեւալու-ներկայանալու ջանքից զատ ուրիշ բան չեն պարունակում, ում են պետք փոքրոգի-բամբասկոտ-մանրախնդիրների ինքնասքանչացման «պոետիկ» ստերը, անեծք-հայհոյանքները, մաղձն ու թույնը, հանուն հռչակի՝ ամեն ինչի գնալու պատրաստ ոմանց ախտաբանական զեղումները: Հիմա մեծ է նաեւ հրաշալի պոետների անուններ թվարկելու գայթակղությունը, բայց մեկնումեկին մոռանալու մտավախությունից՝ դա չեմ անում, պարզապես ասում եմ՝ շատ սիրելիներ կան՝ մեծանուն, «անանուն» ու նորանուն:

– «Էլիտար» կամ պալատական եւ հանրային գրողներ: Ի՞նչ կասես այս բաժանման մասին:

– Հարցդ կանխել էի, երեւի, որովհետեւ դրանց էի նաեւ ակնարկում: Առանց մտածելու՝ կարելի է միանգամից մերժել ընթացիկ «էլիտան»՝ լինի քաղաքական, մշակութային, թե զուտ գրական. այդ բառը՝ «ընտրախավ» կամ «վերնախավ», կորցրել է եւ ամեն անգամ նորից է կորցնում իր իմաստը, երբ հերթական մեդալն ու մրցանակն են նվիրում՝ մեկի տուն «բամբաներկա» տանելու նման: Գիտեմ, որ շնորհողների մեջ կան ազնիվ եւ ճաշակավոր մարդիկ, բայց՝ «Օ, ժամանակներ, օ, բարքեր»: Օրվա իշխանության հետ հաշտ գրողին այդ ամենը տրվում է ոչ թե վաստակի, այլ հենց «պոլիտկոռեկտության» համար: Կամ էլ՝ տրվում է «պոլիտկոռեկտների» հորդորով եւ ընտրությամբ: Մինչդեռ մտավորականը չի կարող ընդդիմադիր չլինել:

Բոլոր ընդդիմադիրները չէ, որ մտավորական են, բայց բոլոր մտավորականները պետք է ընդդիմադիր լինեն. նույնիսկ ամենակայացած պետականության, ժողովրդավարական ազատությունների, իրավունքի եւ օրենքի գերակայության երազելի պայմաններում մտածող մարդը՝ մտավորականը, թարս՝ շտկելիք-ուղղելիք մի բան տեսնում է: Պետք է տեսնի… Չի բացառվում, որ եթե հիմա ողջ լինեին Չարենցը եւ Վշտունին, մի ամբողջ ոհմակ շատ արագ անցներ Չարենցին սպանելու-սպանել տալու գործին, իսկ Վշտունուն բաշխեին ճանաչում-փառք-մրցանակներ: «Վշտունիները» չեն ուշացնի՝ նրանք կդժգոհեն: Չնայած՝ իզուր. չէ՞ որ իրենք կարող են ցույց տալ, որ անձնագրով «Չարենց» են: Եվ սակայն, անկախ ամեն բանից, անհնար է չտեսնել, որ հասարակությունը սկսել է կարդալ, իրար գրքեր նվիրել, քննարկել- սա գրականության կյանքն է, իսկ մնացածը՝ ինքնիրեն…

– Տեղյակ եմ, որ հրատարակության է սպասում պոեզիայի նոր ժողովածուն: Ե՞րբ կլինի:

– Լրագրության մեջ սովոր լինելով ասելիքն արագ հրապարակելու, պոեզիայում ճիշտ հակառակը՝ անհամբեր չեմ: Ժողովածուն այդպես տարիներով է կուտակվել՝ պոռթկում առ պոռթկում: Եթե Աստված կամենա՝ այլեւս շատ չի ուշանա: Հուսամ՝ գիրքը կուրախացնի թե իմ գիրը թերագնահատողներին՝ հուսախաբ չեմ անի, եւ «բզբզալու» որոշ բաներ կգտնեն, եւ թե նրանց, ովքեր սիրում են իմ գիրը՝ հուսամ՝ կգտնեն իրենց ակնկալած անկեղծ-անկեցվածք-անլռելին:

 
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

30.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031