Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿԱՐԴԱԿ

Հուլիս 01,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ երեսունիններորդ

ՄԱԿԱՐԴԱԿ

Եվ Վարուժը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «բայց, ցավոք սրտի, էդ պայծառ ու լուսավոր պորտրետը Վերժուկը չհավանեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ միայն ինքը չհավանեց, այլեւ՝ Հրանտը» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ոչ միայն Վերժուկինը չհավանեցին, այլեւ  Հրանտինն էլ», եւ ես հարցրի՝ «բայց ինչի՞ չհավանեցին», եւ Վարուժը բավական երկար մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ իմանաս, ինձ էլ կասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ իրանց տենաս, հարցուփորձ արա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ էլ ա հետաքրքիր, թե ինչի չեն հավանել» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «բա դո՞ւ ինչի չես հավանում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչը չեմ հավանում», եւ Վարուժը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էս քո պորտրետը», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ո՞վ ասեց, որ չեմ հավանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զգում եմ», եւ ես ասացի՝ «շատ սխալ ես զգում», եւ Վարուժը վրձինը բարձրացրեց ու ժպտալով ասաց՝ «հիմի որ էս պորտրետդ ջնջեմ, երեւի էնքան չես ափսոսա, ինչքան որ էն անկապության համար ափսոսացիր», եւ ես Վարուժի ձեռքն օդի մեջ բռնելով՝ սարսափահար գոռացի՝ «ըտենց ղալաթ չես անի», եւ Վարուժը  ձեռքն իջեցրեց ու ժպտալով  ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ մտածեց, նայեց դիմանկարիս ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «ես իմ դուշմանը չեմ, որ էս հրաշքը ջնջեմ», եւ ես ժպտալով Վարուժին հարցրի՝ «ասում ես՝ Վերժինեին որ նկարում էիր, իրան երջանիկ է՞ր զգում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ դու քեզ երջանիկ չէիր զգում», եւ ես հարցրի՝ «ե՞րբ», եւ Վարուժն ասաց՝ «մի քիչ առաջ՝ որ քեզ նկարում էի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ իմանայի, հաստատ երջանիկ կզգայի», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը իմանայիր», եւ ես ժպտալով ասացի՝ «ես չիմացա էլ՝ որ ինձ նկարում ես», եւ Վարուժը հիացած նայեց դիմանկարիս ու ինքնագոհ ժպտալով հարցրեց՝ «երեւի կես ժամ էլ չտեւեց, չէ՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի տասնհինգ րոպեից էլ  քիչ տեւեց», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «չափազանցնում ես» եւ դիմանկարիս  հիացած նայելով ավելացրեց՝ «տասնհինգ րոպեում անհնար ա էս կարգի գլուխգործոց ստեղծել»,  եւ ես ժպտալով ասացի՝ «ես վկա եմ, որ ստեղծեցիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «բայց էն ջնջածս ավելի էիր հավանում, քան՝ էս պորտրետդ», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «ինչի՞ց ես ենթադրում, որ էն ավելի էի հավանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովետեւ շատ էիր ուզում, որ էն ջնջածը քեզ նվիրեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքումդ ինձնից նկար ուզած չկայիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ամաչել եմ ուզեմ» եւ մի քիչ էլ մտածեցի  ու ժպտալով ավելացրի՝ «էս անգամ չդիմացա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բա ո՞նց ա, որ հիմա դիմանում ես», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն եմ դիմանում», եւ Վարուժը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էս պորտրետդ չես ուզում», եւ ես նայեցի դիմանկարիս ու ժպտալով ասացի՝ «մտածում եմ՝ առանց ուզելու էլ էս պարոտրետս ինձ ես տալու», եւ Վարուժը նախ զարմացած ինձ նայեց, հետո նայեց դիմանկարիս ու ժպտալով ասաց՝ «լա՜վ ախորժակ ունես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես իմ թշնամին չեմ, որ էս հրաշքն ուրիշին նվիրեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես ուրիշ չեմ», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ հորոխպորս տղեն ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես էս դիմանկարի բնորդն եմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ես որ գոյություն չունենայի, էս դիմանկարն էլ գոյություն չէր ունենա», եւ Վարուժը  մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «եթե ես գոյություն չունենայի, էս պորտրետը հաստատ գոյություն չէր ունենա» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «քեզ որ հազար հոգի նկարեն, ոչ մեկի նկարածն էս մակարդակի չի ստացվի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «համաձայն եմ», եւ Վարուժը հիացած նայեց դիմանկարիս ու ասաց՝ «էդ էր պակաս՝ չհամաձայնվեիր»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031