Ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկատվություն է տարածել, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հաստատել է Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաթղթի առկայությունը:
Այդ մասին նա հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախագահ, ԵԱՀԿ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Մասնավորապես՝ նա նշել է, որ կա փաստաթուղթ, որի վրա աշխատանքներ են կատարվում. «Եթե մենք այս ուղղությամբ շարժվենք, ապա կարող ենք հասնել խաղաղության»:
Aravot.am-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը: «Երեկ արտգործնախարարը հանգամանալից անդրադարձել է այդ հարցին, եւ միջնորդ երկրներից մեկը նման որակումները նաեւ բնորոշել է որպես այլասերվածություն: Այլ մեկնաբանությունների կարիք ես չեմ տեսնում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նշենք, որ չորեքշաբթի ասուլիսի ընթացքում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ բանակցություններում երբեք չենք քննարկել եւ չեն քննարկի`ԼՂՀ-ի ինքնավար մարզի տարբերակը Ադրբեջանի կազմում: ԼՂՀ-ի ժողովուրդը ինքը պիտի որոշի իր ճակատագիրը, դա նաեւ եռանախագահներն են ամրագրել. «Ո՞ւմ հավատանք`Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ