«Իմ պատկերացմամբ, մրցակցություն է գնում ընդդիմադիր դաշտում: Այնտեղ էլ չէ՞ լիդերության հարց կա` ո՞ր կուսակցությունն է իրական ընդդիմադիր, որը` չէ: Ի վերջո, նախընտրական ժամանակահատված է ու պարզ դարձավ, որ ընդդիմությունը միասնական հանդես չի գալու, նաեւ ընտրողներին ապացուցելու է, թե ո՞րն է իսկական ընդդիմադիրը: Այսպես` տգեղ պայքար է իմ պատկերացմամբ»,- սրանք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի տպավորություններն են` երեկ` խորհրդարանում ընդդիմադիրների վեճից:
Aravot.am-ի հարցին` իշխող ուժը ներկայացնող պատգամավորի կարծիքով` ո՞ր ուժն է ճիշտ ընդդիմադիրը, որը` ոչ, քանի որ ՕԵԿ-ը, Զարուհի Փոստանջյանը «Ժառանգության» մյուս անդամներին, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանն իրար ուղղակի եւ անուղղակի մեղադրում են իշխանության հետ համագործակցելու մեջ, Համլետ Հարությունյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել:
Դիտարկմանն էլ` իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, չգիտե՞ք որ ընդդիմադիր ուժն է համագործակցում ձեր քաղաքական ուժի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, որովհետեւ դա խորքային հարց է, որին ես չեմ կարող տիրապետել: Բայց դե բոլորն էլ յախա են ճղում, որ իրենք ընդդիմադիր են եւ ոչ մեկն էլ մեզ հետ չի համագործակցում: Ես ի՞նչ ասեմ»:
Հիշեցրեցինք, որ իր խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի առիթով ասել էր` «Նիկոլը մեր հետ ա, ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի, Նիկոլը մեր ախպերն ա» ու հարցրեցինք` Նիկոլը ձեր ախպերն ա՞: Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ կարող Սամվել Ալեքսանյանի ասածները մեկնաբանել: Էդ իրան հարցրեք: Ես Նիկոլի հետ ԱԺ նույն հանձնաժողովում եմ աշխատում, պարզ, մարդկային հարաբերություններ են»:
Կարդացեք նաև
Իշխող ուժի ներկայացուցիչը, իհարկե, նորմալ չի համարում, որ ընդդիմադիրներն իրար «կոկորդ են կրծում», բայց այս իրավիճակում իշխանության մեղքն էլ չի տեսնում. «Չեմ կարծում, որ իշխանությունը որեւիցե մեղք ունի, որ ընդդիմությունը միասնական չէ, որ իրար կոկորդ են կրծում: Իշխանությունն ընդամենը կարող է ուրախ լինել, որ ընդդիմության դաշտում միասնություն չկա: Բոլոր իշխանություններն էլ ուզում են, որ ընդդիմությունը թույլ լինի»: Համլետ Հարությունյանն ասում է` ինքն անձնապես ուրախ չէ այս իրավիճակի համար, խոսքը իշխանության մասին է ընդհանրապես: Ինքը չի սիրում պայքարի նման մեթոդներ, առավել եւս ուրախանալու որեւէ բան չի տեսնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ