Գերմանացի պատմաբան, հեղինակ Միքայել Հեզեմանը համարում է, որ Եվրամիությունից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար դրական որոշում չէր: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Միացյալ Թագավորությունը կամ առնվազն իր բնակչության մի մասը կարծում է, որ խիստ մեկուսացված է. «Նրանք միշտ իրենց համարում էին Եվրոպայից առանձին մի կղզի: Իմ կարծիքով՝ երկու հանգամանք են իրենց դերն ունեցել բացի Բրյուսելից եկող մի շարք կանոնակարգերից: Առաջինը՝ Գերմանիայի դերն է հունական ճգնաժամում, ինչը մեծ փող արժեցավ շատ երկրների համար: Երկրորդը հանգամանքը Գերմանիայի բաց դարպասների քաղաքականությունն է եւ իհարկե՛, մտերմությունը Թուրքիայի հետ: Էրդողանի եւ Գերմանիայի առաջարկը բանակցություններ կատարել Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության մասին:
Ինչը աղետ կլինի, դա կլինի Եվրամիության, քրիստոնյա քաղաքակրթության եւ Արեւմուտքի վերջը: Երկու-երեք սերունդների հարց կլինի մինչեւ Եվրոպան մահմեդական կդառնա: Եվ Անգլիան արդեն մեծ խնդիր ունի իր մահմեդական փոքրամասնությունների հետ, որոնք արդեն մեծամասնություն են. Լոնդոնը արդեն մահմեդական քաղաքապետ ունի, եւ շատ անգլիացիներ օտարություն են զգում իրենց սեփական երկրի նկատմամբ եւ վախենում են, որ դա կարող է շարունակվել: Իհարկե՛, հիանալի է այնպիսի իդեալներ ունենալ, ինչպիսինն է ստեղծել հասարակություն, որտեղ կրոնական ազատություն եւ հավասարություն կլինի, բայց այդ հասարակության անդամները պետք է ցանկություն ունենան ապրել միմյանց հետ խաղաղության մեջ, ոչ թե մեկը մյուսին իշխի: Ցավոք սրտի, բացի խաղաղասեր մահմեդականների մեծամասնությունից նույն կրոնում կան նաեւ ծայրահեղականներ, որոնց թիվը գնալով մեծանում է:
Ծայրահեղականները ավելի ու ավելի շատ խնդիրներ են առաջացնում: Այսպիսով՝ իրենց երկրներում ավելի շատ փախստականներ դրան գումարած Թուրքիայի քաղաքացիներ՝ ներառյալ թուրք փախստականներ, ունենալու հեռանկարը այն հեռանկարը չէ, որ շատ պահպանողական անգլիացիներ ցանկանում են: Կարծում եմ՝ նրանք կարող էին կանխել Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը՝ ավելի մոտ համագործակցությամբ եւ գործընկեր երկրին ավելի շատ լսելով»:
Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին՝ Միքայել Հեզեմանն ասաց, որ նա այս օրերին մեծ պարտություն է կրել. «Ես մեծ հարգանք ունեմ հետեւանքների համար, դա տրամաբանական հետեւանք էր: Նա այլընտրանք չուներ, նա պարտվեց իր վերջին ճակատամարտում»:
Կարդացեք նաև
Միքայել Հեզեմանը համարում է, որ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը այդքան էլ հստակ որոշում չէր, քանի որ բրիտանական հասարակությունը ցույց տվեց, որ մասերի է բաժանված. «Հաջորդիվ՝ Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան ինքնիշխանություն կպահանջեն, նաեւ կպահանջեն հետընդունում Եվրոպական միություն: Զավեշտալի է՝ պատճառը, որ շոտլանդացիները քվեարկեցին Մեծ Բրիտանիայում մնալու համար, այն էր, որ նրանք վախենում էին, որ Եվրամիության անդամ չէին լինի, քանի որ Մեծ Բրիտանիայի մաս չեն: Կարծում եմ հաջորդ քայլը կլինի այն, որ Մեծ Բրիտանիան կթուլանա, եւ կմնա միայն Անգլիան, իսկ Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան կդառնան անկախ երկրներ, միգուցե նույնիսկ մեկ նոր երկիր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ