ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնում է «ստատուս-քվոյի պահպանումն անհնար է» Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի այսօր կատարած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախարարը նաեւ հայտնել էր՝ «Որքան երկար է ձգվում հակամարտությունը, այնքան մեծանում է սրման հավանականությունը»:
Խնդիրն այն է, թե ինչ ենք հասկանում ստատուս քվոյի տակ. Եթե ուզում են փոխել ստաստուս քվոն, ապա սկզբում իրերը պետք է կոչենք իրենց անունով՝ ինչ է ստատուս քվոն, ինչ են հասկանում ստատուս քվոյի տակ, ստատուս քվոյի տակ հասկանում են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինե՞լը, եթե դա են հասկանում, իհարկե, պետք է կարգավորվի, բայց որ այդ ստատուս քվոն փոխվի, պետք է հասկանալ՝ ստատուս քվոյի մի շարք մարմնավորումներ կան: Օրինակ, եթե Ադրբեջանը չի հրաժարվում իր դիվանագիտական ու գաղափարախոսական ստատուս քվոյից, այսինքն, այն քաղաքականությունից, որը վարում է՝ հայատյաց, ոչ ճկուն, կոշտ, փոխզիջումների անպատրաստ, այդ դեպքում խոսել ստատուս քվոյի այլ մարմնավորումների մասին, ասենք հակամարտության կարգավորման, ներկայիս իրավիճակում անհնար է խոսել: Առաջին հերթին պետք է փոխվի ստատուս քվոն ադրբեջանական գաղափարախոսական դաշտում, եթե այդտեղ փոփոխություններ լինեն, հնարավոր կլինի նաեւ ակնկալել փոփոխություններ այլ ուղղություններում եւս: Քանի դեռ դա չկա, խոսել ստատուս քվոյի փոփոխության մասին, ընդհանրապես որպես հակամարտության համապարփակ կարգավորում, կլինի շատ վաղաժամ»:
Մեր հարցին, թե ինչ նախադրյալներ եք տեսնում հակամարտության կարգավորման՝ միջնորդները հակված են փոփոխությունների ադրբեջանական քաղաքականությա՞ն, թե՞ ստատուս քվոյի փոփոխություն ասելով՝ ակնարկում են ՀՀ-ից հնարավորինս ավելի շատ զիջումներ. «Զիջումը տվյալ դեպքում անհնար է, փոխզիջումն էլ պետք է լինի համարժեք, հակառակ դեպքում դա կլինի զիջում: Պետք է իրենք էլ պարզաբանեն՝ ինչ են հասկանում դրա տակ: Սովորաբար նման բաներ են ասում, որ ցույց տան՝ աշխատանք են կատարում հակամարտության կարգավորման ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Պարոն Բաբայանն անդրադարձավ նաեւ Երեւանից հետո Բաքու մեկնած ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Շթայնմայերի հանդիպմանը փախստականների հետ։ ԱՊԱ—ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը առաջարկել է կազմակերպել «երկու համայնքների հանդիպումը»։
«Սա պրովոկացիա է, ադրբեջանական կողմը Շթայնմայերին վատ դրության մեջ է դրել, նա գուցե մարդասիրական առումով է հանդիպում ունեցել դրանց հետ, եթե այդ հանդիպումը եղել է, բայց խոսել համայնքների միջեւ երկխոսության հաստատման մասին, դա հնարավոր բան չէ, լուրջ չէ, որովհետեւ չունենք համայնքային կարգավիճակ: Կա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կա հունական, ռուսական համայնք եւ ադրբեջանական որոշ ներկայացուցիչներ, բայց Ադրբեջանում այդ ադրբեջանական համայնք կոչեցյալը պարզապես հասարակական մի նախագիծ է, որը շահարկումների համար Ադրբեջանն օգտագործում է. ակնկալել հանդիպում այդ ձեւաչափով, ի սկզբանե, դատապարտված է ձախողման, որովհետեւ դա չի կարող տեղի ունենալ:
Մենք պատրաստ ենք, եթե այդ ադրբեջանական կոչված համայնքի ներկայացուցիչներն ընդունում են Արցախի քաղաքացիություն, կարող են գալ ու, որպես Արցախի նախկին քաղաքացիներ, դառնալ Արցախի քաղաքացիներ, բայց պետք է ընդունեն Արցախի հանրապետությունը, ստանան մեր անձնագրերը, մենք միշտ էլ ասել ենք բաց երկիր ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ