ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր պարգևատրեց «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողներն:
Մեր երկրում արդեն հինգերորդ անգամ իրականացվող մրցույթն անցկացվել է «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևություն» մասնագիտությունների գծով:
Նախընտրական փուլը հաղթահարել են 16 հոգի՝ 6-ը՝ ոսկերչությունից, 5-ը՝ խոհարարությունից, 5-ը՝ նորաձևության տեխնոլոգիայից:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների զարգացման ազգային կենտրոնի համակարգող Աննա Ալեքսանյանի փոխանցմամբ՝ նախընտրական փուլին մասնակցել են Երևանի և մարզերի ՄԿՈՒ հաստատությունների 54 ուսանողներ՝ 15-ը՝ ոսկերչությունից, 28-ը՝ խոհարարությունից, 11-ը՝ նորաձևության տեխնոլոգիայից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մրցույթը Հայաստանում անց է կացվում «Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը 2012 թվականին Հայաստանի միանալուց հետո:
«Համաշխարհային այս կազմակերպության նպատակը բիզնեսն ու կրթությունը ընդհանուր օղակ դարձնելն է, որպեսզի ՄԿՈւ հաստատություններ ավարտող երիտասարդները կարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Աննա Ալեքսանյանը:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ կրթության մրցունակությունը ենթադրում է փոխկապակցված գործընթացի կազմակերպում՝ բոլոր աստիճաններում:
«Կրթության գլխավոր գաղափարախոսություններից մեկը որակյալ մասնագետի համար աշխատաշուկայում իր տեղը գտնելու հնարավորության ապահովումն է: Մասնագիտական կրթության մրցունակությունը չի կարող որոշվել բացառապես բարձրագույն կրթության ոլորտի կադրային բազայով: Հստակ է, որ Հայաստանը կարիք ունի ամենօրյա կյանքն ու կենցաղը սպասարկող մասնագետների: Երկիրը հզորանում է ոչ միայն գիտությամբ, բարձրագույն կրթությամբ, գիտնականների ու հետազոտողների թվով, այլև աշխատաշուկայում պահանջարկ ունեցող որակյալ արհեստավորներով, կենցաղում պահանջարկ ունեցող մասնագետներով:
Արհեստները նաև մեր ժողովրդի պատմության, մշակույթի կարևոր շերտն են, դրանց ուսուցման հիմքում ընկած են մեր երկրի, պետության և ժողովրդի՝ տարիների աշխատանքով ձևավորված հմտությունները, որոնք այսօր համադրելի են նաև միջազգային ուղղվածությունների հետ»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ