«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով` ռուս-թուրքական հաշտեցումն անխուսափելի է: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանը փաստեց. «Միշտ ասել եմ, որ ուշ թե շուտ երկու մեծ երկրներ գտնելու էին ուղիներ իրենց հարաբերությունները բարելավելու համար: Եթե մենք չենք կարողանում հարաբերությունների վատթարացումից օգտվել, պիտի անել ամեն ինչ, որ գոնե հարաբերությունների լավացումը չլինի մեր հաշվին»:
Ըստ Թևան Պողոսյանի` մեր խնդիրն է այնպիսի Հայաստան ձևավորել, որ այս անգամ էլ պատմությունը չկրկնվի, և մեր շահերի ու խնդրի վրա ՌԴ-ն և Թուրքիան իրենց հարաբերությունները չկարգավորեն: Պատգամավորի համոզմամբ` դրա համար Հայաստանում պետք է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները:
Թևան Պողոսյանը վստահեցրեց, թե մենք կարող ենք պռոհայկական քաղաքականություն վարել միայն այն ժամանակ, երբ ունենանք ուժեղ Հայաստան: Թևան Պողոսյանն այս առիթով նկատեց. «Երբ մեջքդ թույլ է, կապ չունի, թե դու ինչքան սիրուն աչքեր ունես և որքան գրագետ մտքեր կարտահայտես: Հաշվի են նստում պինդ, ամուր մեջքի հետ: Կամ դու սեփականդ ես ստեղծում կամ կարողանում ես ձևավորել, որ ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին չկարողանան հարվածել»:
Եզրափակելով Թևան Պողոսյանն ասաց. «Երբ մեր ողնաշարն ու մկաններն ամուր լինեն, այդ ժամանակ կկարողանանք պաշտպանել մեր մեջքը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ