Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը տեսել է միայն Գեղամ Խաչատրյանին հարվածելը

Հունիս 30,2016 18:04

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեցին երկու ոստիկան՝ միջադեպի մասնակից:

Առաջին վկան՝ ոստիկան Գագիկ Թումասյանը պատմեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին առավոտյան 8:30 –ից ծառայություն էր իրականացնում Ազատության հրապարակում. այդ օրը «Նոր Հայաստանի» անդամները նստացույց էին իրականացնում, կեսգիշերին՝ 12:00-ին Սայաթ-Նովա փողոցից մոտենում էին ակտիվիստները՝ նրանցից մեկը տոնածառի հագուստով էր, ոստիկանները մոտեցան, որ կանխեն նրանց մուտքը հրապարակ, սկսվեց քաշքշոց: Այս վկան ոչինչ չէր հիշում միջադեպից՝ պատճառաբանելով, որ մութ է եղել, բացի ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու պահը. «Գեւորգ Սաֆարյանը ձախ ձեռքով հարվածեց Գեղամ Խաչատրյանի աջ հոնքին, Գեղամ Խաչատրյանը վայր ընկավ, Գեւորգ Սաֆարյանը դիմեց փախուստի դեպի ծառերի կողմ: Նրա հետեւից վազեցինք, հետո ավելի շատ ժողովուրդ մոտեցավ, սկսեցին հարվածել, քաշքշոց սկսվեց»:

Ոստիկանը մտաբերեց, որ այդ միջադեպից առաջ մի միջադեպի մասին էլ է լսել. «Կարո Եղնուկյանը փորձել է եղեւնի մտցնի հրապարակ, ականատես չեմ եղել, լսել եմ»:

Այս ոստիկանն էլ նախորդ նիստերին հարցաքննված ոստիկանների պես էր նկարագրում դեպքը, որ ոստիկանները հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ էին աշխատում, ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն չեն կիրառել, ինքնապաշտպանվել են, կիրառել ոտնակ հնարքներ:

Գագիկ Թումասյանի խոսքով, իրեն էլ են հարվածել, եթե չի սխալվում ձմեռ պապիի գլխարկով քաղաքացին է եղել հարվածողը, ինքնապաշտպանվելու համար ինքն էլ է հարվածել, չի հիշում քանի քաղաքացու է հարվածել, բոլոր նրանց, որոնք իրեն էին հարվածում:

Նա նաեւ պատմեց, որ Գեղամ Խաչատրյանին տեղափոխել են թիվ մեկ համալսարանական հիվանդանոց՝ երկու ոստիկանի ուղեկցությամբ:

Պաշտպանն էլ հետաքրքրվեց՝ մինչեւ ծառայություն սկսելը ինչ հրահանգավորում են ստացել, օրինակ իրենց հրահանգե՞լ են որոշ առարկաներ արգելել մտցնել հրապարակ, օրինակ՝ տոնածառ: Վկան ասաց, որ իրեն նման բան չեն հրահանգել:

Այս վկան չմտաբերեց նաեւ դեպքի օրը քաղաքացիներից մեկի ուշաթափման մասին: Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե որտեղից իրեն տեղեկություն, որ ոստիկանները տոնածառի հագուստով քաղաքացուն օրինական պահանջ են ներկայացրել, բայց վստահեցրեց, որ մինչեւ քաշքշոցը հաստատ ներկայացրել են՝ չհիշելով, թե կոնկրետ որ ոստիկանն է ներկայացրել ու ինչ է պահանջել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930