Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ավանդական զարդերի խորհուրդը

Հունիս 30,2016 17:20

Այսօր հայկական ավանդական զարդերը գնալով ավելի ու ավելի կիրառելի են դառնում : Երևանյան փողոցներով քայլելիս հաճախ ենք տեսնում հետաքրքիր հնատիպ հարդարանքով, սիմվոլիկ պատկերներով մատանիներ, ապարանջաններ, տարբեր տեսակի կախազարդեր կրող կանանց և աղջիկների: Տղաները նույնպես սկսել են ավանդական դեկորատիվ հարդարանքով զարդեր կրել. հիմնականում մատանիներ ու ապարանջաններ:

Իհարկե, սա շատ հաճելի և ողջունելի է, քանի որ ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում շատ կարևոր է պահպանել ավանդական մշակութային արժեքները : Իսկ այս ճանապարհով մեր երիտասարդները դառնում են ավանդական արժեքների կրողներ, ձևավորում են բարձր ճաշակ և կյանքի են կոչում հազարամյակների պատմություն ունեցող ազգային արժեքները: Եվ հենց այս գործընթացը լիարժեք դարձնելու համար կցանկանայի, որ մեր երիտասարդները տեղեկացված լինեին իրենց կրած զարդերի խորհրդի և հոգևոր նշանակության մասին:

Այսօր քչերը գիտեն, որ ամեն մի նախշ, պատկեր, զարդի տեսակ ավանդական մշակույթում գեղագիտական նշանակությունից բացի խորհրդապաշտական մի շարք կարևոր գործառույթներ է կատարել:

13439040_1028783760538829_2252190323225245284_n

Զարդը իբրև ավանդական մշակույթի տարր արտահայտել է կրողի աշխարհայացքը, սոցիալ-ընտանեկան, սեռատարիքային կարգավիճակը, այս կամ այն իրադրությունը (առօրյա, տոն, ծես), ինչպես նաև մոգական նշանակություն է ունեցել:

Ինչպես նշեցինք, ավանդական կենցաղում զարդն ունեցել է սոցիալ-ընտանեկան ցուցիչի դեր: Օրինակ` չամուսնացած աղջիկը իրավունք չուներ արծաթե, ոսկե գոտի, աջ ձեռքին ոսկյա մատանի կրել:

Հայտնի է, որ խոր հնադարում զարդարվել են նաև տղամարդիկ, քանզի գեղագիտական դերից բացի, զարդերն ունեցել են պաշտպանական, հմայական խնդիրներ: Տղամարդու երբեմնի հարուստ զարդարանքից ` ուլունքաշար, գլխազարդեր, ճակատակալ, ապարանջաններ, բազպաններ, մատանիներ, գոտի, ավանդական կենցաղում կիրառվում էին միայն վերջին երկուսը: Ըստ որում, արծաթե գոտին դիտվում էր որպես տղամարդկության խորհրդանիշ, իսկ ոսկյան` ունևորության ցուցիչ:

13558642_1028784033872135_683658248375241673_o

Կանայք կրելով ոտքի և ձեռքի ապարանջաններ, օձակերպ մատանիներ, շերեփուկաձև, կիսալուսնաձև, եռանկյունաձև, նշաձև կախիկներով մանյակներ և ականջօղեր նպատակ են ունեցել զերծ մնալ վնասաբեր ազդեցությունից, մյուս կողմից դառնալ ավելի հմայիչ և գեղեցիկ:

Չարխափան, բեղմնավորության, արգասավորության նպատակով գործածվել են գորտի պատկերներով զարդեր` ճարմանդներ, ճակատազարդեր, գոտիներ, ականջօղեր: Գորտաձև զարդեր էին կրում հատկապես նորապսակները և հղիները, որովհետև դրանց նշաձև, շեղանկյուն նախշերը կնոջ պտղաբերության գաղափարն է խորհրդանշում: Բազմաթիվ մանր հատիկների կուտակումերը զուգորդվում են գորտի ձևերի հետ և մատնանշում բազմացման իմաստը:

13558782_1028783890538816_3003079863153166268_o

Արթիկի շրջանի որոշ գյուղերում երիտասարդ աղջիկները, կանայք կրել են սև ուլունքներով ոտքի ապարանջաններ, ըստ որում, քայլելիս դրանք անպատճառ երևացել են, հավանաբար չար ուժերին հարվածելու դիտավորությամբ:

Հարք գավառում, Վասպուրականում կանայք կրել են եռանկյունաձև կամ կիսալուսնաձև կախիկներով վզնոցներ: Եռանկյունին և կիսալուսինը հանդես են եկել որպես կանացի սկզբի խորհրդանիշներ:

Գորտի պաշտամունքը տարածված է եղել Հայաստանում՝ պահպանվելով մինչև միջնադար և ավելի ուշ: Այն դիտվել է նաև որպես պտղաբերության խորհրդանիշ: Ըստ ազգագրագետ Վ. Բդոյանի, գորտի պաշտամունքը, կապված լինելով Նար աստվածուհու հետ, հետագայում վերագրվել է սիրո աստվածուհի Աստղիկին և պտղաբերության, մայրության դիցուհի Անահիտին:

Զարդերի հատուկ խումբ են կազմում հմայիլ պահպանակները (աչքուլունք, հուռութք, բոժոժներ, խաչեր և այլն), որոնք կիրառվել են վնասաբեր ուժերի , չար աչքի դեմ, ինչպես նաև զանազան հիվանդություններ բուժելու նպատակով` նախապես դրանք ենթարկելով հմայական աղոթքներով և ուղեկցող ծիսական արարողությունների:

13565410_1028783570538848_2037335143_n

Հմայիլ պահպանակների խմբին են դասվում նաև նորերը: Հմայակների նոր անվանումը նշանակում է նորալուսին: Դրանք լուսինը խորհրդանշող դրամներ և մետաղե կիսալուսնաձև կախիկներ էին: Նորերը կանայք կրում էին չարքերից պաշտպանվելու և զավակ ունենալու համար: Դրանք կարում էին երեխաների գլխարկներին, հյուսում էին մազերի հետ, որպեսզի երեխաները նորալուսնից չհիվանդանան:

Ավանդական կենցաղում պտղաբերության համար կիրառվում էին խիար կոչվող հմայիլ պահպանակները, որը նույնացվում էր տղամարդու արական սկզբի` ֆալոսի հետ: Կանայք այն կրում էին պտղաբերության համար:

Ժողովրդական հավատալիքներում լուսինը զավակ է տալիս, հիվանդություն է բուժում, պահպանում է չարքերից և բարեբեր ազդեցություն է գործում: Լուսինը ոչ միայն բուժում է, այլև հարստություն է տալիս` շատ դրամ շահելու համար առաջին անգամ լուսինը դուրս գալիս, նայում են դրամին, համբուրում, դնում են ճակատին կամ նայում են ոսկուն:

Լուսինը խորհրդանշող ամենատարածված առարկան դրամն էր, որ կրում է լուսնին բնորոշ չարխափան և բարեբեր հատկանիշները: Որպես պահպանակ առավելապես արծաթյա դրամներն էին օգտագործվում, ավելի հազվադեպ` ոսկե կամ պղնձե, որովհետև, ինչպես հայտնի է, արծաթը լուսնի մետաղն է, իսկ ոսկին` արևի :

Նախաքրիստոնեական մշակույթում հետաքրքիր խորհուրդ է ունեցել նաև խաչը:

Խաչը պտղաբերության խորհրդանիշ է եղել դեռևս հնագույն հեթանոսական մշակույթում: Դրանով է բացատրվում խաչի բացառիկ դերը ծիսական արարողություններում, կախարդություններում հնագույն արվեստում և կենցաղում: Պատահական չէ, որ խաչը հարաբերակցվում էր արական ուժի և նրա գործիքի` Ֆալոսի հետ: Խաչի հպումից մայր հողին` արական և իգական սկզբի միացումից պտղաբերություն է առաջանում:

Ինչպես նկատեցիք, զարդերի տեղաբաշխվածությունից երևում է, որ դրանք ամրացվել են այն տեղերում, որտեղ մարդն առավել խոցելի է:

Արտահայտելով կրողին ավելի գեղեցիկ դարձնելու միտումը, ավանդական զարդերն արտահայտել են կրողին պաշտպանելու գաղափարը և դրանց հմայական ուժով պտղաբերություն ապահովելու ձգտումը: Հատկանշական է , որ զարդերը մետաղից էին պատրաստվում, իսկ ժողովրդական պատկերացումներում այն երկնային ծագում ունի: Մետաղյա զարդերից արձակած ձայնը նույնացվել է երկնքի ձայնի, ամպրոպի հետ, ապահովելով չարխափան զորություն:

Այսօր ժամանակակից արծաթագործները և ոսկերիչները ավանդական զարդարանքից պատրաստում են վզնոցներ, գլխազարդեր, մատանիներ, ականջօղեր, ապարանջաններ, որոնք նյութի ձևի կամ զարդանախշման առումով հիշեցնում են ավանդական նմուշներին:

Սոնա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Օգտագործված գրականություն

Աստղիկ Իսրայելյան, «XVIII-XX դ.դ. հայկական հմայական պահպանակներ», Երևան, 2012

Ն. Երնջակյան, «Լուսինը հայ ժողովրդական հավատալիքներում և սովորույթներում», Լրաբեր հասարակական գիտությունների, N2, Երևան, 1979

Լուսիկ Ագուլեցի, «Անցյալի մասունքներ» հավաքածու, Երևան, 2010

Սվետլանա Պողոսյան, «Դաշտային ազգագրական նյութեր», Երևան, 1982

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930