Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ արդյոք նորմա՞լ է, որ ամեն անգամ ընտրություններից հետո չի փոխվում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահը, կամ անընդհատ վերընտրվում են բուհերի նույն ռեկտորները: Մի՞թե ընտրությունների արդյունքները նշանակում են, որ այդ մարդիկ արդյունավետ են աշխատել:
«Գիտությունը եւ կրթությունը կարիք ունեն պահպանողականության, բայց դրա հետ մեկտեղ՝ նաեւ մեծ փոփոխությունների»,-ասաց նախարարը:
Հարցրինք՝ այսինքն լա՞վ է, որ կրկին Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ԳԱԱ նախագահ: Ի պատասխան՝ պարոն Մկրտչյանն ասաց. «Գիտությունների ազգային ակադեմիան ստատիկ հաստատություն է, որի ղեկավարը ներկայացնում է տվյալ գիտության դեմքը աշխարհում եւ «ներսում»: Ժամանակին ԳԱԱ ընտրությունների ժամանակ ունեինք համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ թեկնածուներ: Հիմա գնալով մեր իրավիճակը պետք է բարդանա այն առումով, որ փոքր երկրները մեծ ճիգեր պետք է գործադրեն՝ համաշխարհային գիտության մեջ բարձրագույն որակ ունենալու համար: Այս իմաստով առայժմ որոշակի պահպանողականություն է անհրաժեշտ համակարգին, որպեսզի միանգամից որակի շատ կտրուկ անկում չունենանք»:
Իսկ ինչո՞ւ ոչ ավելի երիտասարդ, լայն կապեր ունեցող, լեզուների իմացությամբ, համակարգչային գիտելիքներով գիտնականներ չընտրվեն: Այս հարցի մասին էլ ԿԳ նախարարն ասաց. «Համաձայն եմ, եթե խոսում ենք համալսարանների մասին, ինչ վերաբերում է ակադեմիային, այն վաստակած, արդյունք ունեցող մարդկանց համակարգ է: Մենք չունենք երիտասարդներ, որոնք Նոբելյան մրցանակի հավակնորդներ են, բացի դրանից, գիտնականը պետք է լավ մենեջեր լինի: Եվ ի վերջո, եթե այդ հաստատություններում դեռ ընտրում են մարդկանց, ուրեմն պետք է հարգենք նրանց կարծիքը»:
Կարդացեք նաև
Լեւոն Մկրտչյանն անդրադառնալով համալսարանական խորհուրդներին՝ ասաց, որ հարցը օրենքով է կարգավորվելու. «Եթե խորհուրդը չի ներկայացնում համալսարանի շահերը եւ համալսարանի առաքելության գիտակցումը չկա խորհրդում, ուրեմն այդ խորհուրդը չի կարող օբյեկտիվորեն ճիշտ ուղղորդել ռեկտորի աշխատանքը»:
ԿԳ նախարարի հարցազրույցի մանրամասները՝ հուլիսի 1-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ