Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործ». «Ակտի շուրջ հարցեր տվեք, պրծնենք գնանք մեր գործերով»

Հունիս 30,2016 16:55

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր «Օֆշորի գործով» վկա, Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Պավել Հովակիմյանի հարցաքննությունը:

Գործով տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը վկային ներկայացրեց մի քանի փաստաթղթեր եւ խնդրեց վկային իր մասնագիտական կարծիքը ներկայացնել: Պավել Հովակիմյանն ասաց, որ առաջին անգամ է տեսնում այդ փաստաթղթերը եւ չի կարող պատասխանել հարցերին: Վկան նաեւ արդարացավ, որ առաջին անգամ է հարցաքննվում դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանը եւ տուժողի ներկայացուցիչ Յուրիկ Խաչատրյանը քաջալերեցին նրան, որ հարցերին լավ է պատասխանում:

Իսկ Շալիկո Փիրուզյանը ասաց. «Եթե մասնագիտությամբ լինեիք ինժեներ՝ այսպիսի հարցեր Ձեզ չէին տա, չէին ուղարկի բանկային ստուգում իրականացնելու: Դուք բանկային մասնագետ եք եւ ֆինանսական հարցեր են տրվում»:

Մեղադրող Դավիթ Վեքիլյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Հարգելի՛ դատարան, մենք մասնագետ ենք հրավիրե՞լ, բանկային աշխատողին ինչ հարց ունեն տալիս են: Ակտի շուրջ հարցեր տվեք պրծնենք գնանք մեր գործերով, եթե ակտի շուրջ չի, ուրեմն՝ ես չգիտեմ, թե այս մարդը ինչ կարգավիճակով է այս գործով հիմա»:

Նախագահող դատավորը ընդունեց մեղադրողի միջնորդությունը, եւ խնդրեց Շալիկո Փիրուզյանին ստուգման ակտի վերաբերյալ հարցեր տալ: Փիրուզյանը պատասխանեց, որ իր տված բոլոր հարցերը ներգրավված են քննիչի հարցադրման մեջ, եւ պարզապես հարցնում է բանկային մնացորդի մասին: Վարդան Գրիգորյանը ասաց, որ այդ հարցը վարկի նպատակային օգտագործման հետ առնչություն չունի:

«Իրեն չի հետաքրքրում՝ ինչքան մնացորդ է, քննիչին էլ չի հետաքրքրում: Ընդամենը հետաքրքրվել է՝ նպատակային է վարկը օգտագործվե՞լ, թե՞ ոչ»,- ասաց նախագահողը:

Շալիկո Փիրուզյանը պատասխանեց. «Հիմա ես տարբեր ձեւերով հարցադրումներ արեցի, դատարանին պարզ դարձա՞վ նպատակային է օգտագործվել այդ վարկը, թե՞ ոչ: Իհարկե՛, ոչ»:

Վարդան Գրիգորյանը հորդորեց դատարանի փոխարեն չպատասխանել, իսկ Շալիկո Փիրուզյանը հայտարարեց, որ իր հարցերն ավարտված են: Դատավորը ասաց, որ դատարանին պարզ է դարձել, որ ստուգող թիմը ուսումնասիրել է բանկի եւ քննիչի տրամադրված բոլոր փաստաթղթերը, եւ հանգել են հետեւության, որ բանկի կողմից տրամադրված վարկային միջոցները օգտագործվել են նպատակահարմար:

Շալիկո Փիրուզյանը հայտարարեց. «Հարգելի՛ դատարան, ստուգող թիմը ոչ թե պետք է հիմնվեր նրա վրա, որ բանկը նպատակային է դիտում, այլ պետք է որոշեր՝ նպատակային է օգտագործվե՞լ, թե՞ ոչ»:

Վարդան Գրիգորյանը պատասխանեց. «Ուրեմն՝ «Անելիքի», «Ամերիայի» վերեւում կանգնած բանկ գնա՞ նայի տեսնի վարկը ճիշտ են տրամադրել, թե ոչ: Հետո ճիշտ են օգտագործե՞լ, թե՞ ճիշտ չեն օգտագործել»:

«Դե, իրենց գործն էլ դա է, որը չի արվել»,- ասաց Փիրուզյանը:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930