Հարցին, թե ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ինչպե՞ս է իր աշխատավարձով ԱՄՆ-ում թանկարժեք թաղամասում որդու համար առանձնատուն գնել, ինչպես որ հրապարակել է «Հետք»-ը եւ այդ ունեցվածքը նույնիսկ հայտարարագրված էլ չէ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանի աշխատատեղին մի քանի քայլ այն կողմ է եւ որ այդ հարցը ճիշտ կլինի նրան ուղղել. «Նույն բանն է, որ ես ձեզ հարցնեմ, օրինակ` որ լրագրողները ձերբակալվում են գումար վերցնելու պատճառով, դուք լրագրողներդ ի՞նչ պայքար եք տանում կոռուպցիոն լրագրողների դեմ: Կոռուպցիա, երբ որ ասվում է, ասվում է բոլոր ոլորտների համար: Եկեք բոլորս միասին ե’ւ ձեր դաշտում ե’ւ մեր դաշտում եւ հարեւանի դաշտում պայքարենք կոռուպցիայի դեմ»:
Հարցին, թե դուք ունե՞ք ունեցվածք, որը չեք հայտարարագրել, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Ես` ոչ: Իսկ Գագիկ Խաչատրյանի դեպքում, ինձ թվում է հերյուրանք է, անհնար է նա ունենա ինչ-որ մի բան եւ հայտարարագրված չլինի»:
Կարդացեք նաև
Այն հարցին էլ, թե հնարավո՞ր է նախարարի աշխատավարձով այդքան ունեցվածք ձեռքբերել, Գագիկ Բեգլարյանը հարցին հարցով պատասխանեց` ո՞ր մի նախարարի: Օրինակ` ֆինանսների, նկատեցին լրագրողները:
«Ֆինանսների նախարարն է, տրանսպորտի նախարարն է, կամ մյուս բոլոր նախարարները կարող է ունենան այլ եկամուտներ, որն ընդհանրապես կապ չունի պետության, կառավարության եւ բյուջեի հետ կապված»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ