Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության կրթության որակավորման, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման և համարժեքության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը որոշակի է դարձնում երկու պետություններում կրթության մասին փաստաթղթերի փոխճանաչման հիմքը: Այն վերաբերում է նաև ուսումնական հաստատություններում/կազմակերպություններում ստացած կրթության` սահմանված նմուշի այն փաստաթղթերին /տեղեկանքներին/ ակադեմիական տեղեկանքներին, որոնք տրված են բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերը չավարտած անձանց: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի փոխադարձ ակադեմիական շարժունակությանը և կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը:
Համաձայնություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009թ. հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություն կատարելու մասին» առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը պաշտոնական հայտագրով խնդրել է փոփոխություններ կատարել ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին 2009թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում. Էմիրությունների կառավարությունն առաջարկում է հուշագրում ավելացնել նաև մի դրույթ, որով մուտքի արտոնագրի պահանջի վերացումը կտարածվի նաև ԱՄԷ հատուկ անձնագիր կրողների նկատմամբ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ